Արցախի դպրոցականների միջև առաջին անգամ «QUEST» խաղեր են կազմակերպվել
Գլխավոր » Երիտասարդական » Արցախի դպրոցականների միջև առաջին անգամ «QUEST» խաղեր են կազմակերպվել

Արցախի դպրոցականների միջև առաջին անգամ «QUEST» խաղեր են կազմակերպվել

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ 20 ուսումնական հաստատությունների թիմերի միջև Արցախում առաջին անգամ  կազմակերպվել են «QUEST» խաղեր:

Նախաձեռնությունը «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպությանն է՝ ԱՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցաբար: Խաղերի մեկնարկը տրվել է մայիսի 8-ի առավոտյան «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ, որտեղ հավաքվել էին մրցող թիմերը և հրավիրյալներ:

ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ խաղերի կազմակերպման նպատակն է մտավոր մրցակցության և արագության տարրեր միավորելով՝ էլ ավելի ընդլայնել դպրոցականների հետաքրքրության շրջանակը: «Խնդիր է դրված խաղի միջոցով մասնակիցներին տեղեկություններ հաղորդելու մեր երկրի, ժողովրդի, Արցախի պատմության հերոսական էջերի մասին: Առաջնահերթ է նաև ֆիզիկական, մտավոր կարողությունների զարգացման պահանջը, թիմային մտածողության ձևավորումն ու թիմային գործելակերպի հմտությունների զարգացումը»:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը կարևորել է միջոցառման անցկացումը՝ դպրոցականների բազմակողմանի զարգացման և բոլոր ոլորտներում պայքարող տեսակի դաստիարակության առումով: «Այսօր ԱՀ-ն կանգնած է բարդ աշխարհաքաղաքական իրողությունների առջև և մենք բոլորս պիտի համախմբվենք, պիտի կարողանանք վերակագնել մեր հայոց երկիր Արցախը: Մենք պիտի կարողանանք դաստիարակել այնպիսի սերունդ, ով ունակ է կերտելու փայլուն ապագա ու լուսավոր ճանապարհ»,- ասել է նախարարը՝ շնորհավորելով Եռատոնի առթիվ:

Խաղի կանոնները մասնակիցներին ներկայացրել է ՀՀ-ից հրավիրված մասնագետ Միքայել Հովհաննիսյանը: «QUEST» խաղին մասնակցում են Արցախի շրջանների և Ստեփանակերտի դպրոցների 20 թիմեր, որոնցում ընդգրկված են 5 աշակերտներ և դպրոցի զինղեկը:

Թիմերը ծրարներով իրենց առաջադրանքները ստանալուց հետո հատուկ մեքենաներով ուղևորվել են տարբեր ուղղություններով՝ Ասկերանի ու Ստեփանակերտի տարածքում իրենց խնդիրների պատասխանները գտնելու: 12 առաջադրանքներում հանելուկային ձևով նկարագրված են պատմամշակութային արժեքներ, հուշարձաններ, մրցակից թիմերը պիտի հասկանան՝ ինչի մասին է խոսքը, հասնեն տվյալ կոթողի մոտ, լուսանկարվեն և անցնեն հաջորդին: Հաղթող է ճանաչվում այն թիմը, որը կատարել է ավելի շատ խնդիրներ: 3 ժամ անց բոլոր թիմերը կրկին հավաքվել են ելման տեղում և ըստ կատարած խնդիրների քանակի՝ որոշվել են հաղթող թիմերը:

Ըստ կատարած առաջադրանքների՝ առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղում Ասկերանի շրջանի Այգեստանի միջնակարգ դպրոցն էր, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ստեփանակերտի համար 12 դպրոցի թիմը:

Հաղթող թիմերը պարգևատրվել են արժեքավոր նվերներով, իսկ բոլոր մասնակիցները մրցապայքարը լքել են անմոռանալի տպավորություններով ու նոր գիտելիքներով:

1