ՀՀ իշխանություններից պահանջում ենք ոչ մի դեպքում չիջեցնել նշաձողը
Գլխավոր » Լրահոս » ՀՀ իշխանություններից պահանջում ենք ոչ մի դեպքում չիջեցնել նշաձողը

ՀՀ իշխանություններից պահանջում ենք ոչ մի դեպքում չիջեցնել նշաձողը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությունը՝ ապրիլի 28-ին կայացած ԱՀ ԱԺ նիստի ժամանակ.

«Ադրբեջանի նախագահի այցը Ադրբեջանի կողմից օկուպուցված Արցախի Հանրապետության տարածքներ, ինչպես նաև Արցախի օկուպուցված Շուշի քաղաքում, այսպես կոչված ադրբեջանական սփյուռքի 5-րդ համաժողովի անցկացնումը ոչ այլ ինչ էր, քան սադրանք և էժանագին քարոզչական մեթոդ: Հատկանշական է, որ այն կազմակերպվել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանության 107-րդ տարելիցի օրերին:

44-օրյա պատերազմի արդյունքից արբեցած Ալիևը հայերի հետ բացարձակապես հոխորտանքի, տեռորի և վախի լեզվով է խոսում: Այսպես այլևս անհնար է, իսկ հապաղելը՝ կործանարար: Անհրաժեշտ է, որ Արցախը մեջքը ուղղի, վերականգնի իր անվտանգության համակարգը, որպեսզի շփման գծում ցանկացած ոտնձգությանը կարողանա համապատասխան արձագանք տալ: Ապրիլի 23-ին մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած ջահերթը հերթական անգամ ապացուցեց, որ մենք պատրաստ չենք ներելու և մոռանալու, որ դուք մեզ չեք վախեցնի պատերազմով և մահով՝ քանզի մահ չիմացյալ է մահ, իմացյալ՝ անմահություն: Սա չի բացառում դիվանագիտական միջոցները, սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք փնտրում, բայց պարզ է, որ մենք վերակազմակերպվելով, ոուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, անհամեմատ ավելի պաշտպանված կլինենք։

Խիստ դատապարտելի է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը անում է ամեն ինչ, որ նման գործողություններով ապակայունացնի տարածաշրջանում իրավիճակը և ստվեր գցի ռուս խաղաղապահների գործունեության վրա։

Ադրբեջանի ղեկավարության նման ապակառուցողական պահվածքն ամենևին չի նպաստում Արցախի հիմնահարցի կարգավորմանը ու նման վարքագիծը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնպահ մնալ Արցախի օկուպացված տարածքներում ցանկացած միջոցառման մասնակցությունից: Հիշեցնում ենք, որ Արցախի օկուպացված տարածքներում ցանկացած միջոցառման կազմակերպումը՝ առանց պատշաճ կարգով Արցախի օրինական իշխանություններին իրազեկելու, համարվում է անընդունելի և հակասում է Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը։

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից, որ Արցախի Հանրապետության ճանաչումը Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, արցախահայության անվտանգությունը ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը դարձնեն մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ոչ մի դեպքում չիջեցնեն այս նշաձողը:

Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ապրիլի 14-ին արված հայտարարության դրույթներին։

Աստված պահապան Արցախ Աշխարհին, Մայր Հայաստանին…»

1