Արցախի ճակատագրից է կախված համայն հայության ճակատագիրը. Դավիթ Բաբայան
Գլխավոր » Լրահոս » Արցախի ճակատագրից է կախված համայն հայության ճակատագիրը. Դավիթ Բաբայան

Արցախի ճակատագրից է կախված համայն հայության ճակատագիրը. Դավիթ Բաբայան

«Բոլորն էլ քաջատեղյակ են մեր դիրքորոշման մասին, որը չի փոխվել: Բոլորն էլ գիտեն՝ մենք ինչ ենք ուզում, բոլորն էլ գիտեն, որ «կարմիր գծեր» կան, և հնարավորինս պետք է հեռու լինենք տարբեր տիպի սպեկուլյացիաներից, ժեխերից, ղարաբաղյան բարբառում ավելի լավ խոսք կա «ժախռներից» (մոլախոտ): «Ժախռը» կապ չունի. և՛ այստեղ է աճում, և՛ այնտեղ: «Ժախռները» խոսում են, և մենք դա կարող ենք հիմք ընդունել, մեկը հարձակվի մեզ վրա»,- այս մասին ապրիլի 28-ին կայացած Ազգային Ժողովի նիստի ժամանակ նշել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվել է, թե Արցախի Հանրապետության համար ԱՀ ԱԳՆ ղեկավարը ի՞նչ վտանգներ է տեսնում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հետ կապված: «Երբ Ադրբեջանը հրապարակեց բանակցությունների վերաբերյալ 5 կետերը, հայկական կողմը հայտարարեց, որ բոլոր կետերն ընդունելի են՝ ավելացնելով, որ հայկական կողմն ավելացրել է իր կետերը: Արդյո՞ք ԱՀ իշխանությունները կամ դուք տեղյակ եք՝ ինչ կետերի մասին է խոսքը, քանզի այն առ այսօր չի հանրայնացվել»,- հարցրել է Մետքասե Հակոբյանը:

ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շեշտել է, որ այդ հարցերին բազմիցս պատասխանել են, և մեզ համար անկախ ամեն ինչից անընդունելի է եղել, անընդունելի է և անընդունելի է լինելու ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

«Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները սերտորեն կապված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Բայց, այնուամենայնիվ, սրանք տարբեր գործընթացներ են, չնայած մեկը մյուսի հետ կապված են: Այս տեսակետից, եթե Հայաստանն ունի Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման օրակարգ, դրան ինչ-որ տեղ սատարում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ես կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդու, նորմալ հայի համար պարզապես անընդունելի, մերժելի է, որ Ադրբեջանի հետ Արցախը որևէ առնչություն ունենա՝ որպես մեկ ընդհանուր պետություն, առավել ևս ինչ-որ ստորադասային կարգավիճակով»,- ասել է Ահ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը, որը պաշտպանել են նաև արտախորհրդարանական ուժերը, վկայությունն է այն բանի, որ այս հարցում Արցախում այլ տեսակետ չկա:

Արձագանքելով հնչած պատասխանին՝ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հարցրել է, թե ինչքանով Արցախն այս ամենի մեջ  դերակատարություն ունի: Նա հետաքրքրվել է, թե այդ հարցը ԱՀ ԱԺ նախագահը քննարկել է արդյո՞ք ՀՀ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: «Ի վերջո Արցախը կա՞ այս ամենի մեջ, գոնե խորհրդատվային հարթակում, թե մենք ուղղակի սպասողի դերում ենք»,- նշել է պատգամավորը:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի խոսքով՝ Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունների ղեկավարների դիրքորոշումն այն է, որ սահմանագծումը և սահմանազատումը չի վերաբերելու Արցախին: «Կարմիր գիծը սա է: 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով հարց: Դա տրված չէ ՀՀ իշխանությանը, Ադրբեջանի Հանրապետության իշխանությանը: Ադրբեջանի նախագահը կարող է ասել, թե Արցախի հարցը լուծված է, և ասում է, որ չկա Լեռնային Ղարաբաղի հարց: Սա ո՛չ ՀՀ, ո՛չ Ադրբեջանի առաջնորդների իրավունքների մեջ չի մտնում: Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին  է տրված: ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին հավանություն են տվել պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը: Առայժմ ոչ մեկը չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից: Արցախի կարգավիճակի հարցը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեզ առաջարկեն, մենք մեր ժողովրդի հետ այն քննարկելու ենք»,-ասել է ԱՀ ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ներկայացված 5 առաջարկներին՝ Դավիթ Բաբայանը  նորից կրկնեց՝ 5 կետ կլինի 7, թե 17, մենք ունենք միայն մեկ կետ՝ չենք լինելու Ադրբեջանի կազմում: «Մենք շարունակելու ենք դե ֆակտո լինել անկախ պետություն, նորմալ պետք է զարգացնենք մեր երկիրը: Կգա մի օր, ու բոլոր հարցերը ուղղակի ձևաչափով մենք կքննարկենք, բայց մինչ այդ մենք պետք է համախմբված մոտեցում ունենանք: Իսկ համախմբվածը միայն խոսքերով չէ, արժեքների համար է: Եթե ինչ-որ մեկը, մի լպիրշ հարվածում է արժեքներին, դուք էլ պիտի կանգնեք և ասեք՝ էս ի՞նչ եք անում: Անկախ ամեն ինչից՝ սկզբունքները պահպանելու ենք, լինի դա արտաքին քաղաքական կամ անձնական: Այս ինչ օր ենք ընկել՝ ժեխերն են քննադատում, ու ոչ մեկը չի խոսում: Ով պիտի մեզ քննադատի, մի մարդ, որ ոչ մի ներդրում չունի այս երկրի համար: Չգիտես՝ ով կարող է խփել Արցախի արտգործնախարարին, ու ես պիտի բացատրություն տամ, նայեք, լսեք՝ ինչ եմ ասել, նոր խոսեք»,- բորբոքված նշել է ԱՀ արտաքին գործերի նախարարը:

Մանրամասնելով՝ Մետաքսե Հակոբյանը նշել է, որ խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մասին է, և նրանք նաև այսօր իրավասու են որոշելու Արցախի բախտն ու ճակատագիրը:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախի բախտն ու ճակատագիրը որոշում է համայն հայությունը, առաջին հերթին Արցախը: «Տիկի՛ն Հակոբյան, անհոգ եղեք, այդ գիծը տանելու ենք մինչև վերջ, որովհետև իսկապես Արցախի ճակատագրից է կախված համայն հայության ճակատագիրը, և ինչ-որ տեղ նաև միջազգային հարաբերությունների հետագա ընթացքը»,- խոսքը եզրափակել է ԱՀ ԱԳ նախարարը:

1