Անտարբերության քողի տակ տուժում է Արցախը. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Գլխավոր » Գաղափարական » Անտարբերության քողի տակ տուժում է Արցախը. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Անտարբերության քողի տակ տուժում է Արցախը. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Ապրիլի 28-ին «Արցախ մամուլի ակումբ»-ը Արցախի թեմի առաջնորդարանում կազմակերպել է հանդիպում Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում գտնվող պատմամշակութային կոթողների ճակատագրի թեմայով:

Թեմի առաջնորդը ողջունեց լրագրողներին՝ ասելով, որ սա առաջին անգամը չէ, որ նա խոսում է այս թեմայով:

«Պատերազմից հետո մշտապես անդրադարձել ենք այդ հարցին: Պատերազմի հետևանքով մենք կորցրինք մեր հողերը, մեր եղբայրներին ու մեր սրբությունները, ես դրա մասին բազմիցս խոսել եմ: Մայր աթոռ Սուրբ էջմիածինը դիմել է բազում երկրների, համաշխարհային եկեղեցական կազմակերպությունների, քույր եկեղեցիների, ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեր օկուպացված տարածքներում գտնվող սրբավայրերի ճակատագրի հարցով:

Ապրելով 21-րդ դարում՝ հեշտ է ուսումնասիրել և տեսնել, թե ինչ ձեռագիր է թողնում Ադրբեջանը գրավյալ տարածքներում մեր եկեղեցիների վրա՝ քրիստոնեական վավերագրերի ձևափոխում, հեռացում, մինչև անգամ՝ ոչնչացում,  և այդ ամենը նախագահի առաջնորդությամբ: Այդ առումով ևս մեկ անգամ մեր մտահոգությունն ենք հայտնում, որ եկեղեցիները և պատմամշակութային կոթողները առաջին պատերազմի համեմատ շատ ավելի շատ են  ոչնչացվում այս պատերազմից հետո:

Անդարդառնալով Արցախ-Հայաստան կապի թուլացմանը, միասնության բացակայությանը՝ թեմի առաջնորդը նշեց.

«Արցախը գտնվում է երկու քարի արանքում՝ Ադրբեջանի և  Հայաստանի: Այս անտարբերության քողի տակ տուժում է Արցախ աշխարհը: Զատիկից առաջ՝ Ավագ շաբաթին, մենք ժողովրդին հրավիրեցինք միասնական աղոթքի, որի ամբողջ նպատակը աղոթքի միջոցով հայությանը համախմբելն էր: Սա միակ ձևաչափը չէ, պետք է այնպիսի միջոցառումներ կազմակերպվեն, որի արդյունքում Արցախի սիրտն ու հոգին ջերմանան: Համահայկական միջոցառումներ են պետք: Մենք ունենք խորագիր՝ «Այցելի՛ր Արցախ, որ Արցախն ապրի», այլապես ինչպես մեր հոգևորականներից մեկն է ասել՝ «Արցախը չի սիրում, երբ իրեն հեռվից են սիրում»: Արցախ այցելելով է Արցախի սիրտն ու հոգին ջերմանում»:

Մեկնաբանելով միջազգային կազմակերպությունների լռություն  ու անտարբերությանը՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը այն կապեց եվրոպական երկրների սպասողական վիճակի հետ.

«Որևէ մեկը քայլ չի կատարում այս ուղղությամբ, առավել ևս երբ ձայնը լսվում է Արցախի պատկան մարմիններից, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արցախի թեմի առաջնորդարանից: Կարծես լսելով լսում են, բայց չեն լսում: Սա նշանակում է, որ մենք շատ անելիքներ ունենք այս ուղղությամբ, որպեսզի նրանց քարացած սրտերը փափկեն, խուլ ականջները լսեն, թե ինչ է կատարվում Արցախում: Ամեն մի րոպեն, ամեն մի ժամը մեզ համար թանկ են»:

Դադիվանք ուխտագնացությունների վերականգման մասին հարցին թեմի առաջնորդը պատասխանեց, որ ռուս խաղաղապահներն ընդառաջեցին իրենց խնդրանքին, որպեսզի Սուրբ զատկի տոնին ընդառաջ  ուխտավորներին թույլ տան այցելել և Դադիվանքի սպասավորների հետ միասին աղոթել, ստանան Սուրբ Դադիի բարեխոսությունն ու օրհնությունը: Արդեն մեկ տարի է, ինչ դադարել են ուխտագնոցությունները դեպի Դադիվանք: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հույս հայտնեց, որ սա նախադեպ կդառնա, որպեսզի վերականգնվեն այդ ուխտագնացությունները:

Արցախում նոր եկեղեցների շինարարություն այս ժամանակահատվածում չի սպասվում:

«Նոր եկեղեցի Արցախում չի կառուցվելու, հներն էլ՝ այն պատմամշակութային հուշարձանները հնարավոր է փոքր-ինչ վերանորոգվեն, որովհետև ավելի նախընտրելի պիտի լինի, որպեսզի մենք մտածենք ֆիզիկական անվտանգության, մեր սահմանների ամրացման և մեր ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու մասին»,-ասել է Վ. եպ. Աբրահամյանը:

Անդրադառնալով ուխտագնացությունների ակտիվացմանը՝ թեմի առաջնորդը լրագրողներին հայտնեց, որ իրենց օրակարգում կան այնպիսի ծրագրեր, որոնք նախատեսում են ուխտավորների այցելություններ դեպի եկեղեցիներ, որի ընթացքում կատարվելու են նաև տեղանքի մաքրման աշխատանքներ:

1