Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ի վաղ առավոտվանից սկսվել է քաղաքացիների երթը դեպի Ստեփանակերտի «Զանգակատուն» կոչվող Հայոց ցեղասպանության հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել նաև ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավորները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ու հոգևոր իշխանության ներկայացուցիչները:

ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր էլ արդիական է: «Ամեն անգամ մեր հարգանքի տուրքը մատուցելով 1915թ. զոհերի հիշատակին՝ մենք նորից աշխարհին հասկացնում ենք, որ պետք է կանգ առնել և փորձել մարդկությանը հուզող հարցերը լուծել բանակցային սեղանի շուրջ ու այդ ձևով հնարավորություն ստեղծել, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն լինի: Մենք ամեն անգամ մեր վշտի հետ նաև մեր վճռականությունն ենք արտահայտում՝ պայքարելու նման արգահատելի երևույթների դեմ»,- ասել է պատգամավորը՝ կարևորելով համայն հայության միակամ պայքարը:






