Ով հավատում կամ նույնիսկ մտածում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է…
Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում ելույթով հանդես է եկել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Հայրենակիցնե՛ր…Դիմում եմ ոչ միայն այս դահլիճում նստած գործընկերներիս, այլ Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին: Մտքերը, որոնցով ուզում եմ կիսվել ձեզ հետ, վստահ եմ՝ յուրաքանչյուրդ կգտնի այդտեղ նաև իրենը:
Երեկ՝ ապրիլի 13-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետը ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ ինքը չի կարողանում կանգնեցնել Արցախը Ադրբեջանին հանձնելու գործընթացը և սկսեց հիմնավորել՝ կրկին խեղաթյուրելով իրականությունն ու փաստերը: Զարմանալի չէ նրա այդ կեցվածքը, զարմանալի է ու բանականությունից դուրս, որ մինչև այսօր նա դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Եթե կոչ, ապա այն միակն է. Փաշինյանին պետք է կանգնեցնե՛լ, թույլ չտալ, որ այս մարդը բանակցի և միանձնյա որոշումներով վերջնականապես կործանի Արցախն ու Հայաստանը… Այս մարդը կարծում է՝ խաղաղության դարաշրջանի մասին անդադար խոսելով, Հայրենիք հանձնելով ու հային զոհելով՝ կարողանալու է խնդիրներ լուծել ու խաղաղություն հաստատել: Սակայն որևէ մեկը կամ որևէ երկիր չի կարող դատել ու դատապարտել մեր պայքարը, հանուն մեր ու մեր սերունդների արժանապատիվ խաղաղության մեջ ապրելու համար: Այն միայն հաղթանակի արդյունքում է: Սա բնավ չի նշանակում պատերազմ ու մատաղացու դառնալ, ինչպես ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը երեկ իր ելույթում խոստովանեց, որ 1000-ավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ և հավելեց՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է:
1988 թվականից առ այսօր հայի ընտրությունն է՝ Արցախը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում. մենք չենք հեռացել մեր ընտրությունից, իսկ հարկ եղած դեպքում պաշտպանել ենք այն և շարունակելու ենք պաշտպանել անկախ ամեն ինչից:
Ով հավատում կամ նույնիսկ մտածում է, թե Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի, նա պետական հանցագործ է…»: