Աննկուն վճռականությամբ կրկին ոտքի կանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում
Գլխավոր » Լրահոս » Աննկուն վճռականությամբ կրկին ոտքի կանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում

Աննկուն վճռականությամբ կրկին ոտքի կանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում

Ապրիլի 14–ին կայացած ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ելույթով հանդես է եկել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը:

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ

Կարծում եմ՝ այսօր երկար ու պերճաշուք ելույթների ժամանակը չէ։ Նախ, ուզում եմ հիշենք ողջերի խոսքերը, որով Հին աշխարհում ծնողներն իրենց զինվոր-որդիներին ուղարկում էին մարտի՝ «Վահանով կամ վահանի վրա»։ Եկել է մեր ժամը։ Լուռ համաձայնությամբ կամ ճնշման տակ (այդ չէ կարևորը) համաշխարհային և տարածաշրջանային դերակատարները Հայաստանի Հանրապետության վզին են փաթաթում Խաղաղության պայմանագիր, որն Արցախի համար համարժեք է «մահվան դատավճռին»։ Ավելի ցածր կարգավիճակով Արցախը կլինի «Դաղլը Կարաբախ»։ Դա Արցախի վերջն է։ Դա Հայաստանի վերջն է։ Մենք դիմում ենք ՀՀ ժողովրդին, Սփյուռքին, ողջ հայ ժողովրդին՝ եկել է ճշմարտության պահը, ժամն է համախմբման՝ հանուն հայրենիքի փրկության։

Մեր գործընկերներից շատերը 2020 թվականի նոյեմբերին մնացին այստեղ՝ զենքը ձեռքին՝ պատրաստ զոհվելու, բայց չհանձնվելու։

Հանուն մեր երեխաների ապագայի, հանուն համայն հայության ապագայի, մենք փաստացի հայտարարում ենք համահայկական կոնսոլիդացիա։

Յուրաքանչյուր ոք, ում համար հայի պատիվն ու արժանապատվությունը դատարկ խոսքեր չեն, կանգնեք Արցախի կողքին և հռչակեք ձեզ Արցախի քաղաքացի։

Իսկ քաղաքակիրթ աշխարհը թող կրկին ցեղասպանություն կազմակերպի արդեն 10 միլիոնանոց արցախահայության դեմ։

Արցախը և հայ ժողովուրդը ունեն հավատարիմ բարեկամներ, ովքեր կանգնած են մեր կողքին ու սատարում են մեր ժողովրդի արդար, բոլոր միջազգային նորմերի շրջանակներում պայքարին:

Վստահ եմ, որ եթե մենք աննկուն վճռականությամբ կրկին ոտքի կանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում, աշխարհը վերջապես դեմքով կշրջվի դեպի մեր հնագույն ժողովուրդը, որն արժանի ներդրում է ունեցել և դեռ կունենա  համաշխարհային քաղաքակրթության մեջ։

Մենք կանգուն ենք»։

1