Արցախն ու արցախցին հաստատակամ են․ Դավիթ Իշխանյան
Գլխավոր » Լրահոս » Արցախն ու արցախցին հաստատակամ են․ Դավիթ Իշխանյան

Արցախն ու արցախցին հաստատակամ են․ Դավիթ Իշխանյան

ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Ելույթի մեջ ասվում է․

«Չեմ ուզում անդրադառնալ ՀՀ վարչապետի ելույթին, դրվագային թատերականացված և բեմադրված սցենարին: Դա ոչ թե ինքնախոստովանության ու ինքնաքննադատության, այլ մեծամտության, պոպուլիստական, մանիպուլյատիվ և ուղեղներ լվանալու տարիների գործելաոճին հարիր պահվածք էր, որով կրկին ներկայացավ ոչ միայն մեր, այլև համաշխարհային հանրությանը, որին հավանաբար պատասխանատու է իր անցած ճանապարհի և իր հասած նշաձողի համար։

Մեզ համար զարմանալի ու անակնկալ չեն այդ ելույթում հնչած թեզերը. այն, ինչ արվում էր թաքուն, բացահայտվեց, այն, ինչ չէր հաջողվել տասնամյակներ, հիմա փորձում են առիթը չկորցնել։

Խղճահարության դրվագներ ստեղծող առաջնորդը չի՛ կարող լինել իմ և ձեր, ա՛յն հպարտ ժողովրդի առաջնորդը, որ 1988 թվականին նորից որդեգրեց ազգային-ազատագրական պայքարի գաղափարն ու տեսլականը՝ ունենալով հաջողությունների ու կորուստների շարք, տալով բազմաթիվ զոհեր, չընկճվելով, չհուսահատվելով, գիտակցելով, թե հանուն ինչ նպատակի է այդ ամենը. հանուն ապագա սերունդների, հանուն ազգային իդեալների։ Հանուն նպատակի և ոչ միջոցի։

Եվ ի՞նչ․ հիմա փոխվում է մեր որդեգրած պայքարի փիլիսոփայությունը, նպատակը փոխարինվում է միջոցով: «Խաղաղության դարաշրջան»-ի բացման քողի տակ հրահրվում է նոր պատերազմ, նոր ողբերգություններ, Արցախի հայաթափում: Մեզ վախեցնում են միջազգային հանրության դիրքորոշումների կեղծ ներկայացմամբ։ Այդ ո՞րն է միջազգային հանրությունը, որտե՞ղ էին նրանք 2020 թվականի աշնանը, ո՞ւմ  ջրաղացին էին ջուր լցնում, իսկ ո՞ւմ վառված կրակին՝ յուղ, այդ ի՞նչ արժեքներ դավանող միջազգային հանրության մասին է խոսքը, գուցե ավելի բաց ենթատեքստով խոսվեր, ԼԳԲՏ կամ նոր աշարհակարգ բառեր, որոնք հավանաբար մեր հանրությանը շատ բան չեն ասում։ Հավանաբար ԵԱՀԿ-ն էլ է համաշխարհային հանրություն։ Իսկ ու՞ր են նրանք՝ մանդատ ունեցողները։

Չպետք է լինենք զգայական, պրագմատիկ լինելը քաղաքական գործիչների ու պետական այրերի համար կարևոր հատկանիշ է, չպետք է իլյուզիաների դաշտը մտնել, բայց չպետք է նաև ապակողմնորոշել, մանիպուլյացնել, խեղաթյուրել։

Գիտակցաբար փորձել եք բոլոր տարբերակները՝ բանակցություններ սկսելով զրո կետից, սեփական նախաձեռնություններ ցուցաբերելով նույն համաշխարհային հանրությանը մոլորեցնելով, ամեն ինչ հասցնելով ուղղակի նահանջի և կորստի, արցախցիների ու Արցախի կողմից մանդատ չունենալու պատճառաբանություններով Արցախի ճակատագիր եք մոգոնում, արյուն հեղում ու հետո խոստովանում։ Հետո ի՞նչ:

Այդքան միամիտ չենք։ Եթե քաղաքական վեկտոր եք փոխում, հստակ կողմնորոշվեք և հայտարարեք, որ մեր հեռու և մոտիկ բարեկամներն էլ հասկանան ու կողմնորոշվեն, մենք էլ հասկանանք ու կողմնորոշվենք։

Ոհմակային հոգեբանությամբ ձեր արբանյակներին բաց եք թողել Արցախի ու արցախցիների մասին բարբաջանքներ հնչեցնելու և այն էլ ամենապատասխանատու և բարձր ամբիոնից՝ Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի  ամբիոնից։

Կատարե՛ք Արցախի և արցախցիների անվտանգության երաշխավորի ձեր պարտականությունները, խեղված ձևակերպումներով մի՛ ներկայացրեք այնպես, իբր ցանկանում եք պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները։ Այդ իրավունքները պաշտպանել են մեր պապերն ու ծնողները, մենք և մեր որդիները, Արցախը հայկական պահելով, կերտելով պետականություն այդ իրավունքները պահպանվել է անցած 30 տարիներին ու կպահպանենք ապագայում ևս: Դրանք պետք է պահպանվեն միասին:

Ընդունել եք Ադրբեջանի առաջարկած կետերն ու պահանջները՝ չառաջարկելով սեփականը։ Այդ քայլը պատճառաբանել եք որպես ազգային շահերից բխող քայլ։ Սկսում եք խաղաղության բանակցությունների բուն գործընթաց, նախաձեռնում երկկողմ ձևաչափով խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ, սահմանազատման և սահմանագծման միտված հանձնաժողովի ձևավորում և որ զարմանալին է, հանձն առնում այս գործընթացը  կարճ ժամանակում ավարտին հասցնել։

ԱԺ նախորդ արտահերթ նիստի ժամանակ այս ամբիոնից բարձրաձայնել էի. սիրելիներս ոչ ոք չի ձգտել ու չի ձգտում պատերազմի, ոչ ոք  այնքան խաղաղություն չի ուզում, որքան մենք այստեղ՝ Արցախում։

Պետք է գիտակցել, թե ի՛նչ է նշանակում սեփական հայրենիք ունենալու իրավունքը և առավել ևս այդ Հայրենիքում ապրելու իրավունքը։ Ի՞նչ է նշանակում արժանապատիվ ապրելու իրավունք։ Նորից եմ ուզում կրկնել՝ պետք չէ մեզ վախեցնել պատերազմով, դա չի կարող մեզ պարտադրել հրաժարվելու 30 տարի առաջ մեր որդեգրած պայքարից։

Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ուժին, նրա անկոտրում ոգուն ու կամքին։ Մենք ավելի ծանր կացություններ ենք հաղթահարել։

Դեռևս ուզում եմ միամտորեն հույս պահել, որ մեր պետականությունը կորստի ճանապարհով տանող ՀՀ իշխանությունները և նրա առաջնորդը այս աշխարքաղաքական բարդ իրավիճակում իրենց մեջ ուժ կգտնեն համապատասխան քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապագային միտված որոշումները կայացվեն ունակ  քաղաքական գործիչների ու հեռատես առաջնորդների միջոցով»։

1