ԵԱՀԿ-ն փոխարինում են Եվրախորհրդով. Շահան Գանտահարյան

Բրյուսելի եռակողմ հանդիպման մասին «Նոյյան Տապան»-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը:
— Պարո՛ն Գանտահարյան, Ձեր տպավորությունները Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից։
— Բրյուսելի եռակողմ հանդիպման ամենաուշագրավ հարցերն էին. — Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, — Կայուն և անվտանգ իրավիճակի ապահովումը սահմանագծի երկայնքով և մերձակայքում: Մնացյալ բաժիները կարող են ընկալվել լարվածության թուլացման, խաղաղության հաստատմանն աջակցելու, նախորդ պայմանավորվածությունները հարգելու ընդհանուր կոչի սահմաններում։ Օրակարգը սահմանազատումն է, որն առաջադրանք է Բաքվի եւ Անկարայի համար։ Այս առաջադրանքին իբրև ճնշման միջոց կարող են դիտարկվել Փառուխի, Քարագլուխի ոտնձգությունները, գազատարի փակում-բացումը, նաեւ՝ ադրբեջանական զորքի հետքաշման ձգձգումը։
— Ի՞նչ կետեր են բացակայում։
— Հիմնականը՝ առաջադրված բանակցությունների միջնորդական ձեւաչափն է։ Հիմա միջնորդություն է արվում մի քանի ուղղություններով։ Առաջին, ռուսական գերմիջնորդությամբ կայացած համաձայնությունները: Երկրորդ՝ փոխկապակցված են ընթանում Երեւան-Անկարա եւ Երեւան-Բաքու գործընթացները, հետևաբար անուղղակի միջնորդություն է ստանձնել Թուրքիան։ Երրորդ՝ եվրոպական նախաձեռնությունը. Եվրախորհրդի նախագահն արդեն որերորդ անգամն է՝ իր մոտ հրավիրում Երեւանի եւ Բաքվի ղեկավարներին։ Բացակայում է, ուրեմն, ԵԱՀԿ-ը, որն ավանդաբար միջնորդական առաքելություն էր իրականացնում ՄԽ եռանախագահությամբ։ Խնդիրը միայն ռուս- թուրքական համաձայնությամբ չի բացատրվում։ Եռանախագահող երկրներից երկուսը պատժամիջոցային հետզետե խստացող քաղաքականություն են կիրառում երրորդի նկատմամբ եւ հիմա թվում է, որ բավական բարդ է համատեղ աշխատելը։
Փորձ է կատարվում ԵԱՀԿ-ն փոխարինել Եվրախորհրդով։
Մեկնաբանելի է ուժերի միջև անվտանգության առումով համահավասար հեռավորության պահպանման գաղափարը։ Սա կարող է նախանշել երկու ուժերի սահմանային զորքերի միջև գտնվող տարածքների վրա խաղաղապահ առաքելություն։ Եվրոպական կենտրոնից նման շեշտադրում, ուղերձ է ներառում Մոսկվայի նոր խաղաղապահության մասին հարցեր ստեղծելը։ Որովհետև կա անմիջապես զուգակցված գաղափարը՝ Եվրոպան պատրաստ է աջակցելու անվտանգության առումով համահավասար հեռավորության ձևավորման գործընթացին։
nt.am