Պետք է նախ ներքին թշնամու խնդիրը լուծենք, նոր արտաքին. Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Գլխավոր » Լրահոս » Պետք է նախ ներքին թշնամու խնդիրը լուծենք, նոր արտաքին. Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Պետք է նախ ներքին թշնամու խնդիրը լուծենք, նոր արտաքին. Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Ես առհասարակ չեմ ընդունում, որ քաղբանտարկյալ եմ, իմ պայքարը քաղաքականության համար չէ. մենք պայքարել ենք , պայքարում ենք ու պայքարելու ենք մեր հայրենիքի պաշտպանության համար, արտաքին ու ներքին թշնամու կողմից օկուպացված տարածքներն ազատագրելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, դատարանի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից  իրենց պայքարը շարունակվելու է։

«Ապրելու բարոյական իրավունքն  էլ չենք ունենա, եթե մոռանանք մեր հողերի համար կյանք տված հայրենակիցներին։ Ոչ միայն պետք է հիշենք 44-օրյա պատերազմում ընկած մեր եղբայրներին, այլև հազարամյակաների ընթացքում մեր հողերի պահպանման համար կյանք տված մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Նրանք չէ՞ին ուզում ապրել, բայց հայրենիքը վեր է բոլորից։ Բայց պետք է նախ ներքին թշնամու խնդիրը լուծենք, նոր՝ արտաքին»,-ասաց նա։

Նշենք, որ քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Նա դատապարտվեց 6 ամիս 18 օր ազատազրկման, սակայն պատիժը պայմանական չկիրառվեց: Փոխարենը ատարանը վճռեց, որ Առուշ Առուշանյանը չի կարող զբաղեցնել համայնքի ղեկավարի խպաշտոն 5 տարի ժեմկետով:  Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ի սկզբանե դատավոր Գնել Գասպարյանի վարույթում է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցված քրեական գործը՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։ Սույն գործի շրջանակներում հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, ապա կալանավորվել, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվել։ Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։ Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:

news.am

1