Սա լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը․ Արցախը դատապարտում է օկուպացված Շուշիում միջոցառում անցկացնելը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ, Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելուն.
«Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել եւ օգտագործել նաեւ միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսեւորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում եւ միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումը Շուշիում։
ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի եւ հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս հեղինակավոր կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը եւ, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց եւ ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։ Սա նաեւ լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա»,- ասված է հայտարարության մեջ: