Պետական միջոցների կամայական վատնում
Գլխավոր » Լրահոս » Պետական միջոցների կամայական վատնում

Պետական միջոցների կամայական վատնում

Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հանձնումից մի քանի օր անց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակված, նախկինում ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանը պարբերաբար հայտնվում է չարաշահումների, պետությանը հասցված վնասների գործերով տարբեր դատական գործընթացների առանցքում: Դրանցից վերջինը վերաբերում է «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Ասրյանին աշխատանքից ազատելուն: Մեկ տարուց ավելի տևած դատական գործընթացներից հետո 2022թ. մարտի 9-ին Մհեր Ասրյանը վերականգնվել է աշխատանքի: Նրա պաշտպան, փաստաբան Ռոման Երիցյանը նշում է, որ Հայկ Խանումյանի հակաօրինական որոշման հետևանքով պետությանը պատճառվել է 2-2,5 մլն դրամի չափով վնաս՝ բոլորիս հաշվին: Հատկապես առկա բազմաթիվ խնդիրների պարագայում այդ գումարները կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել, այլ ոչ թե պետական միջոցները մսխել:

2020թ. օգոստոսի 19-ից մինչև 2021թ. մարտի 12-ը Մհեր Ասրյանը «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր: Փաստաբանը պատմում է, որ նախքան պաշտոնից ազատվելու մասին որոշման կայացումը Հ. Խանումյանը Մ. Ասրյանին կանչում է, առաջարկում աշխատանքից ազատման դիմում գրել, իսկ ինչո՞ւ հարցին պատասխանում է՝ որովհետև այնտեղ պետք է իմ թիմակիցն աշխատի: Մհերը չի համաձայնում, այնուհետև Խանումյանը զանգում է նրան ու ասում՝ արի մոռանանք այս խոսակցությունը: Դրանից հետո ոմն Արտակ Ներսիսյան, որը հասարակական հիմունքներով նախարարի օգնականն էր, ստեղծում է աշխատանքային խումբ, որը պետք է «Արցախանտառ»-ի նկատմամբ ստուգումներ իրականացներ:

Արտակ Ներսիսյանը նշանակվում է աշխատանքային խմբի ղեկավար: Խումբն ինչ-որ ենթադրյալ խախտումներ է հայտնաբերում, որոնք իրականում չկան, և դա հիմք է հանդիսանում «կազմակերպությանը պատճառած վնասի» հիմքով Մհեր Ասրյանին աշխատանքից ազատելու համար: Մհեր Ասրյանի փոխարեն Հայկ Խանումյանը  նշանակում է նույն Արտակ Ներսիսյանին:  «Դիմում ենք դատարան, դատական  կարգով ապացուցում ենք, որ Մհերը կոպեկի վնաս անգամ չի պատճառել, ավելին՝ ընթացակարգային այլ խախտումներ ենք արձանագրում և ապացուցում, որ հրամանը ապօրինի է կայացվել, ուստի անվավեր է: Ճիշտ է, առաջին ատյանի դատարանը մերժում է մեր հայցը, բայց այն բողոքարկում ենք Վերաքննիչ դատարանում, որը լրիվությամբ բավարարում է հայցը: Վերաքննիչը Առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանում է, կայացնում է նոր դատական ակտ, Մհերին վերականգնում աշխատանքի, հարկադիր պարապուրդի, փաստաբանի խելամիտ վարձատրություն գանձում և այլն»,- գործի ընթացքի մասին «Ապառաժ»-ին պատմում է Ռ. Երիցյանը:

Նրա խոսքով՝ ԱՀ ՏԿԵ նախարարությունը վճիռը բողոքարկում է Գերագույն դատարանում, Վերաքննիչի դատական նիստին չմասնակցելը բացատրում են կազմակերպության իրավաբանական վարչության պետի արձակուրդում գտնվելու հանգամանքով: Բայց դատարանին դրա վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացնում: Գերագույն դատարանը մերժում է բողոքը, Վերքննիչ դատարանի դատական ակտը մնում է ուժի մեջ: «2020թ. փետրվարի 10-ից նրանք պարտավոր են Մհերին վերականգնելու աշխատանքի և կատարելու մյուս որոշումները, բայց չեն կատարում»,- ասում է փաստաբանը:

Դատարանի որոշումներն ի կատար ածելու փոխարեն փետրվարի 16-ին իր ֆեյսբուքյան էջում Հայկ Խանումյանը գրառում է կատարում տվյալ դատական գործընթացի մասին և կասկած հայտնում բարձրագույն դատական ատյանի անաչառության մասին: «Ակնհայտ է, որ այս որոշումն ընդունելիս Գերագույն դատարանի անդամները գործել են կաշկանդված. հավանաբար գործել են իրենց դատավորի պաշտոնում առաջարկած գործիչների թելադրանքով: Իրավական առումով անգրագետ այս որոշման այլ տրամաբանական բացատրություն չկա: «Արցախանտառի» չարաշահումների գործով մեկ տարի է՝ զարմանալի անգործության են մատնված ԱՀ Քննչական կոմիտեն և ԱՀ դատախազությունը: Այս անգործության պատճառներն ինձ համար ակնհայտ են, բայց չէի ուզենա դրանց մասին հրապարակայնորեն խոսել: «Արցախանտառի» գործին կառավարության ներսում տարբեր արձագանքներն ինձ համար ևս ցուցիչ են՝ հասկանալու այս ՊՈԱԿ-ում տեղի ունեցած ամենաթողության պատճառները»,- իր էջում գրել է Հ. Խանումյանը՝ նշելով, որ նախարարությունը կատարելու է դատարանի որոշումը և «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում վերականգնելու է նախկին տնօրենին»,- գրել է նա:

Հայկ Խանումյանի հրապարակման վերաբերյալ Ռոման Երիցյանը հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությանը: Մարտի 9-ին դատախազությունից ստանում է Խանումյանի բացատրությունը, որում վերջինս խոստովանում է, որ որևէ փաստ կամ հստակ հիմնավորում չունի դատավորների՝ «թելադրանքով գործելու» վերաբերյալ: «Հ․ Խանումյանի բացատրությունը ոչ միայն ինձ, այլ նաև ցանկացած ընթերցողի համար ժպիտ և միևնույն ժամանակ զայրույթ կարող է առաջացնել: Եթե որևէ հիմք չունես, ինչու՞ ես հանրությանը ապակողմնորոշում քո տիեզերական մասշտաբի ենթադրություններով և անհիմն կարծիքներով»,- զարմանում է փաստաբանը։

ԱՀ ՏԿԵ նախարարի՝ 2022 թվականի մարտի 8-ի հրամանով վերջապես ի կատար է ածվել ԱՀ վերաքննիչ դատարանի որոշումը՝ Մհեր Ասրյանին աշխատանքի վերականգնելու վերաբերյալ։ Ընդ որում քրեական օրենսգիրքը օրինական ուժի մեջ մտած դատական ակտը սահմանված ժամկետում չկատարելու, իսկ ժամկետ սահմանված չլինելու դեպքում մեկամսյա ժամկետում չկատարելու պարագայում նախատեսում է քրեական պատասխանատվություն այն անձի համար, ով պարտավոր է դատական ակտը կատարելու, իսկ չկատարելու դեպքում քրեական օրենսգիրքն անգամ նախատեսում է ազատազրկում երկու տարի ժամկետով: Այսինքն՝ մեկ օր էլ, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի չկատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը նախարարի համար կդառնար անխուսափելի։

Ռ. Երիցյանն անընդունելի է համարում գործադիր մարմնի ներկայացուցչի կողմից դատական մարմնի հեղինակությունը, անաչառությունը, օբյեկտիվությունը կասկածի տակ դնելը և տեղեկացնում, որ Բարձրագույն դատական մարմինը դիմել է Էթիկայի բարձրագույն հանձնաժողովին և խնդրել համապատասխան միջոցներ ձեռնարկել: Նրա խոսքով՝ միայն քրեական պատասխանատվությունից խուսափելու համար է Հ. Խանումյանը իրագործել դատարանի որոշումը:

Տվյալ գործը նախքան այս հանգրվանին հասնելը դարձել է նաև բաց նամակի թեմա: Կազմակերպության մի խումբ աշխատողների ստորագրությամբ բաց նամակ է ուղղվել ԱՀ նախագահին՝ Մհեր Ասրյանին աշխատանքի չվերականգնելու խնդրանքով՝ հակառակ դեպքում սպառնալով անժամկետ գործադուլ հայտարարել: Անդրադառնալով բաց նամակին՝ Մհեր Ասրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Արցախանտառ» ՊՈԱԿ -ի 150-ից ավել աշխատակիցների նամակում նշված է 22-ի անունը, որից 14-15 աշխատակից ինձ հետ ծանոթ չեն, և/կամ աշխատանքի են ընդունվել հավանաբար ինձ աշխատանքից ազատելուց հետո ու 1 օր էլ աշխատած չկան ինձ հետ, 2-ը՝ ելնելով իրենց աշխատանքային վարքագծից, խիստ շահագրգիռ անձինք են, որպեսզի ես նորից աշխատանքի չվերականգնվեմ, ևս 2-ը պնդում, երդվում և վստահեցնում են, որ նամակի բովանդակությանը ծանոթ չեն եղել և կազմակերպիչները խաբեությամբ են իրենցից ստորագրություն վերցրել, նշում են, որ նույնիսկ պատրաստ են ներկայանալու և հրաժարվելու իրենց ստորագրությունից, բացի այդ նաև նամակում նշված են ստորագրողները, սակայն նշված չէ, թե քանի աշխատակից և ովքեր են նամակի բովանդակությանը ծանոթանալով հրաժարվել ստորագրել դրա տակ, իսկ նման աշխատակիցները քիչ չեն»:

«Նամակում գրել են, թե Մհեր Ասրյանը պատերազմի օրերին ապօրինի գումարներ է փոխանցել իր դրամական հաշվին, մինչդեռ դատարանում ներկայացրել ենք ֆինանսների նախարարի, այն ժամանակավա ՏԿԵ նախարար Ժիրայր Միրզոյանի, մի շարք այլ մարմինների կողմից ստացված տեղեկանքներ, որտեղ գրված է, որ Մհեր Ասրյանն իր անձնական հաշվին դրամական միջոցները փոխանցել է իրենց ցուցումով: Խնդիրը նրանում էր, որ պատերազմի օրերին Մհերը աշխատողների աշխատավարձը փոխանցել է իր հաշվեհամարին և առձեռն հանձնել իր աշխատողներին: Դրա մասին տեղյակ էին իր անմիջական բոլոր վերադաս մարմինները և նրանց ցուցումով է դա կատարվել»,- նշում է Մհեր Ասրյանի փաստաբանը:

Գործը փորձում են կապել նաև Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի հետ: «Սերժ Սարգսյանը հանդիսանում է Մհեր Ասրյանի հարազատ մորաքրոջ ամուսինը, բայց անգամ տեղեկություն չունի, որ Մհեր Ասրյանն ազատվել է աշխատանիքց: Այսինքն՝ դատարանի նկատմամբ որևէ միջամտություն չի եղել, եթե լիներ, առաջին ատյանում էլ կհաղթեինք: Նրանց թվում է, որ Վերաքննիչ դատարանը Սերժ Սարգսյանի պահանջը կատարե՞լ է, առաջին ատյանի դատարանը չի՞ կատարել»,- հարցնում է Ռ. Երիցյանը:

Նա շեշտում է՝ հաղթել ենք, որովհետև հրամանը եղել է ապօրինի, իրավաբանորեն անգրագետ: Սակայն հետաքրքրական է, որ ԱՀ ՏԿԵ նախարարը շարունակում է իր նախկին գործելաոճը:

ԱՀ ՏԿԵ նախարարը վերջերս պաշտոնից ազատել է «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենին, ում խնդրանքի հիման վրա հայցադիմում է ներկայացվել Դատարան՝ անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու և հետևանքները կիրառելու, այսինքն՝ աշխատանքի վերականգնելու, հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձն ու դատական ծախսերը գանձելու պահանջի մասին։

«Հարկ է ուշադրություն դարձնել, որ կոնկրետ դեպքում ոչնչով չպայմանավորված, ավելի ճիշտ՝ նախարարի քմահաճույքով և կամայականությամբ, մոտ 8 տարի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի կամքին հակառակ լուծվել է վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչն ըստ էության դուրս է «Իրավական պետություն» հասկացության և տրամաբանության շրջանակներից։

Կրկնակի ուշագրավ է նաև այն, որ «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենին պաշտոնից ազատելու հրամանը կայացվել է Մհեր Ասրյանի վերաբերյալ կայացված հրամանը վերջնական հաշվով դատական կարգով անվավեր ճանաչվելուն զուգահեռ, ինչը խոսում է այն մասին, որ կոնկրետ նախարարի համար միևնույն է, թե իր անօրեն գործելոաճով պայմանավորված որքան չափի և ինչ տիպի վնաս է պատճառվելու պետությանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռ. Երիցյանը։

«Իմ փաստաբանական գործունեության ընթացքում դիմել են հազարավոր քաղաքացիներ, ովքեր բողոքել են ՏԿԵ նախարարից՝ վարձակալության պայմանագրերի, տարհանվածների տեղավորման, աշխատանքային վեճերով: Էլ չեմ խոսում քրեական գործերի մասին, որ հարուցված են ՏԿԵ աշխատակիցների նկատմամբ: Խանումյանն այժմ դրսևորում է կամայականություն: Պետական պաշտոնատար անձը իրավունք չունի կամայականությամբ զբաղվել: Նորմալ չէ, որ երբ թշնամին ամեն օր կրակում է, պետությունը ստիպված է նախարարի քմահաճույքների պատճառով քաղաքացուն գումարներ փոխհատուցել»,- ասում է նա:

Անդրադառնալով գոնե պատերազմից հետո արդարության, օրենքի առջև բոլորի հավասարությունը պահելու մասին հարցին՝ փաստաբանը նկատում է, որ պատերազմը առիթ է դարձել անձնական հաշիվները մաքրելու համար. «Մհեր Ասրյանին աշխատանքի վերականգնելու դատական ակտի մասին իրազեկվելով հանդերձ՝ ինքը Էրիկ Օհանյանին ազատում է աշխատանքից, որովհետև այդ գումարները իր գրպանից չի վճարում: Պետական պաշտոնյայի ցանկացած որոշում պետք է բխի պետության շահերից: Արդյո՞ք այդ որոշումները պետության շահերից են բխում»:

Տ. Աղաջանյան

1