Գասպար Կարապետյանը շեշտել է ամեն գնով արցախցուն Արցախում պահելու կարևորությունը
Մարտի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության բաժնից:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հայանպաստ գործունեությունը՝ շեշտելով Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձևի ներառման ու Ադրբեջանի վանդալիզմը դատապարտող բանաձևի ընդունման հարցում գրասենյակի կատարած հսկայական աշխատանքը:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին ու ետպատերազմյան իրողություններին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, ընդգծել համազգային օրակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:
Գասպար Կարապետյանը մտահոգիչ է որակել Ադրբեջանի շարունակվող սադրանքները, շեշտել ամեն գնով արցախցուն Արցախում պահելու կարևորության մասին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է «Արցախի Հանրապետություն- Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անելիքները, նախանշվել են մոտակա ծրագրերը՝ կապված Եվրոպայում Արցախի բարեկամների ներուժը ճիշտ օգտագործելու հետ:
Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը: