Խրամորթում պատրաստ են պաշտպանելու գյուղը

Մարտի 9-ի լույս 10-ի գիշերը Արցախի սահմանամերձ մի շարք համայնքներում լարված է անցել: Մասնավորապես թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ, Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ, Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ. առավել լարված է եղել Խրամորթի ուղղությամբ:

«Ապառաժ»-ն անմիջապես արձագանքելով իրադարձությունների զարգացմանը՝ մարտի 10-ին այցելել է Խրամորթ համայնք և տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին:

Նշենք, որ համացանցում լուրեր էին շրջանառվում, թե տարբեր տրամաչափի զինատեսակներից հրետակոծության է ենթարկվում գյուղը, գյուղացիները տարհանվել են և թշնամին ծանր զինատեսակներ է կուտակում գյուղի հետ սահմանին:

Այցելելով գյուղ՝ արձանագրեցինք, որ գյուղացիների տարհանում չի կազմակերպվել, այլ սեփական նախաձեռնությամբ գյուղից ժամանակավորապես դուրս են եկել երեխաներն ու երիտասարդ աղջիկները, իսկ կանայք և տղամարդիկ շարունակում են մնալ գյուղում, զբաղվում են առօրյա հոգսերով, միաժամանակ հերթապահում գյուղում:
Գյուղի տարածքում կան ռուս խաղաղապահներ, ովքեր կատարում են իրենց առաքելությունը:

«Ապառաժ»-ի հետ զրույցում գյուղացիները նշում են, որ արկերը հիմնականում պայթում են գյուղի ծայրամասերում, որի արդյունքում վիրավորում է ստացել նաև գյուղի բնակիչներից մեկը:

«Մենք իրենցից չենք վախենում, այլ հակառակը՝ նրանք են մեզանից վախենում: Ամեն պահի պատրաստ ենք հակահարված տալու և գյուղը պաշտպանելու, սակայն առայժմ դրա կարիքը չենք տեսնում: Շարունակում ենք զբաղվել առօրյա հոգսերով: Այսօր արդեն հասցրել եմ նաև այգում նոր ծառեր տնկել: Այստեղից գնալու տեղ չունենք, որովհետև այս հողը պաշտպանելիս ընկերներ են զոհվել ձեռքերիս մեջ»,-ասել է գյուղացիներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:


Անդրադառնալով գյուղի մոտ թշնամու ծանր տեխնիկայի կուտակման մասին լուրերին՝ գյուղացիներից մեկը նշեց, որ Ակնայի ճանապարհով 2 տանկ են բերել և տարել, որպեսզի բնակիչներին խուճապի մատնեն, իսկ հնչեցվող ձայնագրություններին արդեն լուրջ չեն վերաբերվում: