Պետք է պատրաստվել վատթարագույնին. Հայաստանի տնտեսական բյուջեն մեծ կորուստներ է կրելու. Սուրեն Պարսյան
Հայաստանի տնտեսական բյուջեն մեծ կորուստներ է կրելու՝ Արևմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում, պետք է պատրաստվել վատթարագույնին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նրա արձանագրմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսությունը լուրջ ցնցումների մեջ է ընկնելու, սրանից տուժելու են բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը.
«2010թ-ից Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, որի հիմնական դերակատարը ՌԴ-ն է, բացի սա, Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է՝ նաև տնտեսական առումով, տարեկան մենք Ռուսաստան ենք արտահանում 845 մլն դոլարի չափով ապրանք, ներկրում ենք 1.9 մլրդ դոլարի ապրանք։ Այսինքն՝ Հայաստանի արտահանման շուրջ 28%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին »,-ասաց փորձագետը:
Սուրեն Պարսյանի կանխատեսմամբ՝ ռուսական տնտեսությունը արևմտյան պատժամիջոցներից շատ է տուժելու , ինչը Հայաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն է ունենալու՝ բացասական առումով.
«Երկու ամսվա ընթացքում այդ ազդեցությունը չենք զգա, բայց տարեվերջին կզգանք: Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի տնտեսության զարգացումը կդանդաղի: Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները պատժամիջոցների հետևանքով մոտ 30- 40 % կկրճատվի։ Բացի այդ՝ կնվազի նաև տրանսֆերների որակը։
Եթե այն ժամանակ 1000 ռուբլի էին այնտեղից ուղարկում Հայաստանում բնակվող ընտանիքին, դա կազմում էր 7200 դրամ , իսկ հիմա 1000 ռուբլին դարձել է 3000 դրամ, այսինքն՝ դրսից փող ստացող ընտանիքների կենսամակարդակը կտրուկ նվազելու է: Կան ռուսական ընկերություններ, որոնք Հայաստանում ունեն դուստր ընկերություններ, այս ընկերությունների նկատմամբ նույնպես կարող են պատժամիջոցներ կիրառվել և արդյունքում նաև Հայաստանի տնտեսությունը կկորցնի աշխատողներ, պետական բյուջեի նվազում կլինի»,-ասաց տնտեսագետը:
Նրա խոսքերով՝ պետք է փորձենք կորուստները մեղմել, միևնույն ժամանակ կարելի է դիրքավորվել և փորձել օգտվել հնարավոր շանսերից.
«Շանս կարող է լինել օրինակ զբոսաշրջության դեպքում, հիմա Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ կան, կարող ենք այդ պայմաններում այնպես անել, որ նրանք Հայաստան գան։ Հնարավորություններ կան, բայց քիչ են »,-ասաց Սուրեն Պարսյանը:
arfd.am