«Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար մահ է, Ռուսաստանի համար՝ դիրքի մեծագույն կորուստ․ Վարդան Հակոբյան
Գլխավոր » Լրահոս » «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար մահ է, Ռուսաստանի համար՝ դիրքի մեծագույն կորուստ․ Վարդան Հակոբյան

«Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար մահ է, Ռուսաստանի համար՝ դիրքի մեծագույն կորուստ․ Վարդան Հակոբյան

Եթե Ռուսաստանը զգա՝ ուժ ունի, թույլ չի տա «Զանգեզուրի միջանցք»՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, ՀՅԴ անդամ Վարդան Հակոբյանը։

https://youtu.be/fwXlsUq8cvk

«Դա ճանապարհ է լինելու Միջերկրական ծովից Սև ծովով Կասպից ծովով դեպի Միջին Ասիա, մինչև Չինաստանի թուրքաբնակ շրջանները․ սա Արմուտք-Արևելք գիծն է։ Եվ Ռուսական կայսրությունը և Իրանը մի քանի հարյուր տարի պայքարել են դրա դեմ։ Նրանց էլ հետաքրքրում է Հյուսիս-Հարավ գիծը։ Իրանի համար կարելի է ասել՝ դա մահ է, եթե Թուրքիան կարողանա այդ ճանապարհը հաստատել, Ռուսաստանի համար՝ աշխարհաքաղաքական դիրքի մեծագույն կորուստ»,-ասաց Վարդան Հակոբյանը։

Բայց սա չի նշանակում, որ ռուսները և իրանցիները պետք է դուրս գան և հայտարարեն, որ դեմ են, ասաց նա, նրանք ինչ-որ ձևով դա արտահայտում են, թուրքերն էլ դա լավ գիտեն, բայց քաղաքականությունը հիմա այնպիսին է, որ հնարավոր չէ բախվել դրան։

«Եթե մեր տարածաշրջանում այն ուժերը, որ ինչ-որ ձևով դերակատար են Ռուսաստանի ու Իրանի համար՝ Վրաստանը և Ադրբեջանը, դեմ չեն թուրքական գծին, նրանց այսօր միանում է նաև Հայաստանը, որպես ի՞նչ կարող են Ռուսաստանը կամ Իրանը դեմ արտահայտվել»,-ասաց Վարդան Հակոբյանը։

Նա հիշեցնում է, որ ընդամենը 2018 թ-ից առաջ Հայաստանն այս քաղաքականության մաս չէր։

«1998 թ-ից մինչև 2008 թ-ը  Իրանի հետ հարաբերություններն առավել ակտիվ զարգացան։ Զարգացան հարաբերությունները Վրաստանի հետ։ Եվ այդ հարցում դերակատարություն ունի նաև Դաշնակցությունը, որը թե՛ Ռուսաստանում, թե՛ տարբեր երկրներում սիմպոզիումներ էր անցկացնում Հյուսիս-Հարավ գծի վերաբերյալ։ Եվ այդ տարիներին հարաբերություններն իրապես զարգացան թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի և թե՛ Ռուսաստանի հետ։ Բայց այսօրվա Հայաստանը դա արդեն չի կարողանում անել»,-ասաց Վարդան Հակոբյանը։

Նա փաստեց, որ այսօրվա Հայաստանն արդեն պարտավորված է թուրքերի առջև բացելու այս ճանապարհը, և վերաձևակերպել է իր շահի մասին պատկերացումները։

Ռուսաստանը, դիվանագետի համոզմամբ, Արցախն այլևս չի կարող զիջել, որովհետև փաստացի զիջել է Հայաստանը։

«Եթե ճիշտը խոսենք, փաստորեն, Ռուսաստանն արդեն ինչ-որ չափով զիջել է Հայաստանը, մենք տեսնում ենք, որ քաղաքական ակտիվ զարգացումները Հայաստանը տանում են դեպի Թուրքիա և Ադրբեջան, սա ՀՀՇ-ի հին գիծն է։ Ռուսաստանը, փաստորեն, զոռով մտավ Արցախ՝ նոյեմբերի 8-ին, որովհետև մի քանի անգամ առաջարկեցին, զգուշացրին, բայց նրանց մտքով անգամ չէր անցնում, որ Շուշին էլ են տալու»,-ասաց Վարդան Հակոբյանը։  

Նրա համոզմամբ, Հայաստանի այս իշխանությունների վերջնանպատակը Արցախը լրիվ Ադրբեջանին տալն ու պրծնելն էր, որը չհասցրին անել, որովհետև Ռուսաստանը մտավ Արցախ։

Աննա Բալյան

1