Քարինտակում ադրբեջանցիներն անարգում են հայկական մշակութային ժառանգությունը

2021 թվականի մարտ ամսին Karabakh Honor անունով օգտատերը իր յութուբյան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ վանդալիզմի է ենթարկվում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Քարինտակի Սբ. Աստվածածին եկեղեցին: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:
Տեսանյութում հստակ երևում է, որ ջարդված ու կիսված է եկեղեցու խորանի Սուրբ սեղանը, եկեղեցու ներսը տակնուվրա է արված, ադրբեջանցի զինվորականները ներս ու դուրս են անում եկեղեցում, բարձրանում խորանի վրա, անարգում այն, մտնում ավանդատները, որոնք ևս տակնուվրա են արված։

Բացի դա, ակնհայտ է նաև, որ, ոտնահարելով քրիստոնեական կառույցի ծիսական գործառույթը, ադրբեջանցի վանդալները մահմեդական աղոթք են հնչեցնում քրիստոնեկան եկեղեցում: Դատելով տեսանյութից՝ կարող ենք եզրակացնել, որ Արցախի Քարինտակ գյուղում տեղակայված է ադրբեջանական զինվորական մեծ ստորաբաժանում, որի զինվորները անարգում են հայկական մշակութային ժառանգությունը։

Նախաձեռնության արձագանքը
«Համաձայն Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի»,- նշվում է հաղորդագրության մեջ։
yerkirmedia.am