Սա ոտնձգություն է արդարադատության նկատմամբ. արցախցի փաստաբանների հայտարարությունը
Գլխավոր » Լրահոս » Սա ոտնձգություն է արդարադատության նկատմամբ. արցախցի փաստաբանների հայտարարությունը

Սա ոտնձգություն է արդարադատության նկատմամբ. արցախցի փաստաբանների հայտարարությունը

Արցախի Հանրապետության փաստաբանները հայտարարություն են տարածել դատավոր Բորիս Բախշիյանին աջակցելու մասին։

«Մենք՝ ԱՀ փաստաբանների պալատի փաստաբաններս, մտահոգություն ենք հայտնում ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշման կապակցությամբ եւ հայտարարում, որ որոշմամբ տրված համաձայնությունը ոտնձգություն է արդարադատության նկատմամբ եւ լուրջ սպառնալիք սահմանադրական կարգին՝ դատական համակարգի անկախությունը խաթարելու տեսանկյունից։

Դատապարտում ենք նմանօրինակ ցանկացած գործողությունները եւ  մեր աջակցությունը հայտնում դատավորի Բորիս Բախշիյանին, իսկ նրա պաշտպանական թիմին՝ մաղթում հաջողություն՝ այդ առերեւույթ քաղաքական հետապնդումներին դիմակայելու գործում»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունն էլ բավարարել:

Դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատավորը Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելունը՝ հունվարի 26-ին, դատավորին անձեռնմխելիությունից զրելու գործընթացը դատախազը սկսել է երեկ՝ հունվարի 31-ին, այսինքն՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց շուրջ երկու, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց՝ 5 օր անց:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։

1