Պետք է բացառվի գործադիր մարմինների` վերահսկողությունից դուրս գործելու հնարավորությունը
Դաշնակցությունը, ի թիվս այլ խորհրդարանական ուժերի, մասնակցել է Արայիկ Հարությունյանի կողմից հրավիրված մի շարք խորհրդակցությունների: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր՝ այդ թվում Արցախի կառավարման համակարգին վերաբերող: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:
«Ինչպես նախապատերազմյան շրջանում, այնպես էլ դրանից հետո Դաշնակցության կողմից բարձրացվել են երկրի կառավարման համակարգի և այդ ուղղությամբ կատարվելիք փոփոխությունների անհրաժեշտության խնդիրները, որոնք գլխավորապես պետք է իրականանան Սահմանադրության փոփոխությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ Դաշնակցությունը դեմ է արտահայտվել Սահմանադրության գործող տարբերակին և հատկապես նախագահական ու խորհրդարանական միաժամանակյա ընտրություններին, որը ֆորսմաժորային իրավիճակներում երկիրը անիշխանության մեջ թողնելու վտանգ է պարունակում»,- նշել է Արթուր Մոսիյանը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Դաշնակցությունը 2020թ. տեղի ունեցած ընտրությունների նախընտրական արշավում, ծրագրային դրույթներում ևս կարևորել է Սահմանադրական փոփոխությունների հարցը: «Մեջբերեմ ՀՅԴ նախընտրական ծրագրից համապատասխան տողերը. «Նոր սահմանադրության ընդունմամբ ապահովել օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքների իրական և լիարժեք կենսագործումը՝ բացառելով գործադիր մարմինների` օրենսդիր մարմնի վերահսկողությունից դուրս գործելու հնարավորությունը»: Համոզված ենք, որ Սահմանադրության նոր նախագծում վերոնշյալ սկզբունքների ամրագրման դեպքում կխուսափենք երկրի կառավարման համակարգի ճգնաժամերից»,- շեշտել է Արթուր Մոսիյանը: