ԼՂՀ-ի և ԼՂԻՄ-ի նույնականացումը շատ վտանգավոր է

Հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության իրավահաջորդության հարցին: Նրա խոսքով՝ Արցախն ունի պետականության հազարամյակներին հասնող պատմություն:
Դավիթ Բաբայանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նույնականացումը շատ վտանգավոր է՝ լինի դա որպես կազմավորում կամ սահմանների առումով:
«Ցանկացած նույնականացման փորձ կասկածի է դնելու ԼՂՀ լեգիտիմությունն առհասարակ: ԼՂԻՄ-ը մեր պետականության պատմության էջերից մեկն է: Ճիշտ է, մեր կամքին հակառակ է դա տեղի ունեցել, բայց այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղն ունեցել է ինքնավարություն, արդեն իսկ ցույց է տալիս, որ ունեցել է հարուստ պետականության պատմություն ու նույնիսկ Խորհրդային Միության տարիներին այդ պետականության պատմությունը չեն կարողացել անտեսել: Սակայն այդ պետականությունը էվոլյուցիոն կերպով զարգացել և դարձել է ԼՂՀ՝ Շահումյանի և Գետաշենի շրջանների հետ միատեղ: ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է իր սահմաններով հանդերձ: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ը նորմալ, բնականոն ձևով դադարեցրել է իր գոյությունը՝ դառնալով ԼՂՀ հիմքերից մեկը»,- նշել է Դ. Բաբայանը:
Նախարարն ավելացրել է, որ հիմա մենք չունենք սահման, ունենք շփման գիծ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավական, քաղաքական, պատմական ժառանգությունից: