ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունն ամանորյա նվերներ է հանձնել Արցախի ավելի քան 600 երեխաների
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունն ամանորյա նվերներ է հանձնել Արցախի սահմանամերձ գյուղերի ավելի քան 600 երեխաների: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչությունից:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի նպատակը Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին ուրախություն և ամանորյա տրամադրություն պարգևելն էր:
«Մենք հիմնականում փորձում էինք ընդգրկել Արցախի սահմանամերձ և թիրախային համայնքները: Քանի որ ՀՅԴ ուղեկից կառույցների՝ Հայ օգնության միության Արցախի միավորի և Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից նվերներ էին բաժանվել Արցախի մի շարք գյուղերում, մենք էլ որոշեցինք ընտրել այս շարքից դուրս մնացած համայնքները: Մեր վարչության որոշմամբ ընտրվել են Մարտունու շրջանի Աշան, Եմիշճան, Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ, Ներքին Սզնեք, Խաչեն, Խնձրիստան, Ծաղկաշատ, Ռև, Մարտակերտի շրջանի Վանք, Զարդախաչ և Չլդրան համայնքները, որտեղ էլ բնակվող ավելի քան 600 երեխաների տրամադրել ենք ամանորյա գեղեցիկ և հաճելի նվերներ, որոնք անասելի հրճվանք պարգևեցին մանուկներին»,-ասել է Վ. Խաչատրյանը:
Նա կարևորեց հատկապես Ներքին Սզնեքի միակ փոքրիկին այցելելու, նրա հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելը, ինչպես նաև Բերձորի մանուկներին աջակցելն ու նրանց կողքին լինելը:
«Ծրագրին կարող էին մասնակից դառնալ բոլորը՝ նվիրելով իրենց նվերնը սահմանամերձ գյուղերի փոքրիկներին: Հատկանշական է, որ այս կոչին միացել էին նաև տասնյակ երեխաներ, ովքեր մեզ են փոխանցել իրենց հասակակիցների համար պատրաստած նվերները: Այս ծրագրի շնորհիվ մենք փորձեցինք երեխաների շրջանում տարածել նաև նվիրելու, ոչ միայն իրենց, այլև դիմացինի, իրենց հասակակիցների մասին մտածելու մշակույթը»,-ավելացրել է նա:
ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր մասնակիցներին ու աջակիցներին, մասնավորապես ՀՅԴ ԱՄՆ արևելյան շրջանի երիտասարդական միությանը, Հայ օգնության միությանը, Իրանի «Թեւանիկ» բարեսիրական խմբին, Քաթարի «Մեսրոպյան» ազգային վարժարանի աշակերտությանը և մեր արցախցի փոքրիկներին: