30 տարի առաջ Արթուր Մկրտչյանն ընտրվեց Արցախի Գերագույն Խորհրդի նախագահ
Գլխավոր » Լրահոս » 30 տարի առաջ Արթուր Մկրտչյանն ընտրվեց Արցախի Գերագույն Խորհրդի նախագահ

30 տարի առաջ Արթուր Մկրտչյանն ընտրվեց Արցախի Գերագույն Խորհրդի նախագահ

Արցախի Հանրապետության Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։ Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերևս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը։

Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ Նա անդամագրվեց ՀՅԴ-ին:

1992 թվականի հունվարիի 8-ի նիստում Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց 33-ամյա Արթուր Մկրտչյանը։ Նա մե՛կ մարտի դաշտում էր, մե՛կ բանակցությունների սեղանի շուրջ: Երիտասարդ գործչին հաջողվում էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պատմական Արցախի խնդրին:

Ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ 1976 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում։ 1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։

1992-ի ապրիլի 14-ին Արթուր Մկրտչյանը սպանվեց իր բնակարանում խորհրդավոր պայմաններում: Կատարվածը որակվում էր «չարանենգ սպանություն», որը «նպատակ ունի ջլատել ազգային-ազատագրական պայքարի ելած ժողովրդի ուժերը, խուճապ սերմանել»: Այդպես էլ չբացահայտված մնացին նրա մահվան հանգամանքները: Արթուր Մկրտչյանի մահվան հանգամանքները մինչ օրս չեն քննվել ըստ պատշաճի, իսկ եթե եղել են որոշակի քրեական կամ լրագրողական հետաքննություններ, ապա դրանք առավել շատ հարցեր են առաջացրել, քան պարունակել սպառիչ պատասխաններ: Ամենակարևորը՝ ողբերգական դեպքի միակ վկան, Արթուր Մկրտչյանի կինը, որը դեպքի ժամանակ եղել է միևնույն բնակարանում, մինչ օրս չի խոսել: Ըստ այդմ՝ մինչ օրս հստակ տվյալներ չկան` ինչպես է դա տեղի ունեցել, սպանությո՞ւն էր, թե՞, ինչպես հետագայում փորձեցին ներկայացնել, դժբախտ պատահար կամ, որ ամենաանարժանահավատն է, ինքնասպանություն:

Ապրիլի 17-ին Հայաստանում սուգ հայտարարվեց: Առաջին անգամ իջեցվեց պետական դրոշը: Հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 228 հրամանագիր 07.05.2001թ.):

«Պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար»,- ասում էր նա:

Կարեւորում էր եւ ճիշտ դիվանագիտությունը, որպեսզի շեշտադրվի ոչ միայն հանրապետության ճանաչումը միջազգային հանրության կողմից, այլ հակամարտության ճիշտ ընկալումը. ոչ թե ազգամիջյան պատերազմ, այլ՝ ազգային ազատագրական:

«Առաջին հարցը կանոնավոր բանակ ստեղծելն է, չնայած դա շատ դժվար կլինի, որովհետեւ համապատասխան միջոցները բացակայում են: Ամրացնել Ղարաբաղի սահմանները եւ մտածել Ղարաբաղի ներսում ժողովրդի կենսապահովման հետ կապված հարցերը լուծելու ուղղությամբ: Արցախի Հանրապետության հարաբերությունները Ադրբեջանի հետ պայմանավորված կլինի նրանով, թե Ադրբեջանը ինչքանո՞վ կճանաչի հայ ժողովրդի իրավունքն Արցախում ապրելու»,- ասում էր Արթուր Մկրտչյանը։

Արթուրը քաղաքական հայացքներով անզիջում էր: Ապացուցում էր, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ, երբ չեն հարմարեցնում անձնական շահերին: Արթուր Մկրտչյանի դաշնակցական լինելը պատճառ էր դարձել նրա` Հայասատանի իշխանությունների թշնամական վերաբերմունքին արժանանալու համար, ինչը դրսեւորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ դառնալու առաջին իսկ օրից: Ազատագրության համար մարտնչող եւ Արցախին ազատություն բերած ղեկավարը մերժվում է մայր հայրենիքի կողմից։ Անկախ Հայաստանի նախկին իշխանությունների կոկորդում նա ոսկորի նման էր. ոմանք չէին հանդուրժում դաշնակցական, մյուսներն էլ` սկզբունքային լինելու համար:

«Մի օր, շատ պատահական խոսակցություն լսեցի այն մասին, թե ինչպես է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դժգոհել, որ Արթուրն է ընտրվել Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ եւ ասել էր՝ նախագահը «ձերոնքական է», թող գոնե տեղակալը «մերոնքական» լինի: Հետո ինձ բացատրեցին, որ «ձերոնքականը» նշանակում էր դաշնակցական է, իսկ «մերոնքականը»` ՀՀՇ-ական: Միայն հետո իմացա, որ Արթուրը Տող գյուղում երդում է տվել եւ Դաշնակցության անդամ դարձել»,- պատմում է  ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը:

ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը հիշում է. «Արթուրը մեծ պատասխանատվությամբ անցավ աշխատանքի, բայց ամենամեծ հարվածը ստացավ սկզբից: Դա այն է, որ ՀՀ նախագահը չշնորհավորեց ընտրության կապակցությամբ: Շատ վատ ազդեց Արթուրի վրա, որովհետև հիշում եմ, երբ հանդիպեցի Արթուրին, ասում էր, թե` այդպիսի բան ինչպես կարող էր լինել: Որովհետև մենք էլ շատ լավ գիտակցում էինք, որ Ղարաբաղում կարելի չէ ունենալ մի իշխանություն, որը հակադրված լինի Հայաստանի իշխանությանը: Մենք պատկերացնում էինք այսպես` ճիշտն այն է, որ Ղարաբաղում լինի, այսպես կոչված, դաշնակցական իշխանություն, իսկ Հայաստանում ` ոչ դաշնակցական, սակայն  ներքուստ ամեն ինչ համադրված ու համաձայնեցված լինի: Եվ ուզում էինք այդ զանազանությունը տեսանելի դարձնել արտաքին աշխարհին»:

Ըստ Հրանտ Մարգարյանի` հույս կար, թե այդպիսի զանազանությունը օգտակար պիտի լիներ մեր պայքարին այն առումով, որ Ղարաբաղի անկախացումը հնարավորություն կտար ըմբռնելու Հայաստանի ոչ ծավալապաշտական մտադրությունը, որովհետև Արցախի ազատագրումը ամենից առաջ Արցախի հայության ազատագրումն է Ադրբեջանից: Դա, ըստ Հրանտ Մարգարյանի, միջազգային ասպարեզում մեզ կտար մանևրելու հնարավորություն: «Բայց դա, դժբախտաբար, տեղի չունեցավ Հայաստանի այդ օրերի իշխանությունների վախվորածության, անտեղի հակադաշնակցական տրամադրության բերումով, անտեղի կուսակցամոլության, և վերջին հաշվով իրենց մոտեցումի պտուղն էին ստեղծված դժվարությունները»:

1