Ճարտարի բնակիչն սպանվել է ադրբեջանցիների կրակոցից. Արցախի դատախազությունը ապացուցող տեսանյութ է հրապարակել
Արցախի Հանրապետության դատախազաությունը ներկայացնում է ադրբեջանական զինծառայողի կողմից ԱՀ Մարտունու շրջանիի Ճարտար համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության ադրբեջանական կեղծ վարկածը հերքող ապացույցները:
Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքում սպանվել էր համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանը:
Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում իբր չեզոքացվել էր՝ դիրքից մի քանի մետր հեռավորությամբ:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքները թույլ են տալիս փաստելու այն վարկածը, որ Սեյրան Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Այդ մասին են վկայում նաև դեպքի վայրի հարևանությամբ տեղակայված տեսադիտարկման սարքերի արձանագրած տեսանյութերի հետազոտման արդյունքները:
Վերջին շրջանում հարուցված քրեական գործերով պարզված հանգամանքները վերահաստատում են այն իրողությունը, որ Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերը անմիջական ու իրական վտանգ են ներկայացնում համայնքային խաղաղ բնակչության կյանքի ու կենսական նշանակություն ունեցող այլ իրավունքների համար: