Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ռուստամ Ռաֆիկի Գասպարյան
Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանը ծնվել է 1961թ․ ապրիլի 11-ին Խորհրդային Հայաստանի Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի շրջանի Ջանֆիդա համայնքում։ Սովորել է հարազատ գյուղի միջնակարգ դպրոցում: 1966թ․ ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը՝ իրավագետի մասնագիտությամբ։
1979-1981թթ․ ծառայել է խորհրդային բանակում։
1988 թվականից մասնակցել է Արցախյան շարժմանը, որից հետո հայրենի գյուղում հիմնել է «Սև հովազ» ջոկատը, ստանձնել ջոկատի հրամանատարի պաշտոնն ու մասնակցություն ունեցել Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությանն ու ազատագրությանը: «Սև հովազ»-ի մարտական ուղին սկսվել է Երասխի սահմանների պաշտպանությունից, շարունակվել Արցախի գրեթե բոլոր շրջանների ազատագրման մեջ ունեցած ավանդով։
1990թ. Գասպարյան եղբայրները գտնվում էին մարտադաշտում, և արդեն կար պայմանավորվածություն, որ հունվար ամսին պետք է Ռուստամի հարսանիքը լիներ: Հարսանիքից 2 օր առաջ եղբայրները վիճում են, քանի որ Ռուստամը Սերոբին առաջարկում էր գնալ և իր փոխարեն ապագա կնոջը տուն բերել, մինչև որ մարտադաշտում կհանդարտվեր և ինքն էլ կկարողանար գնալ: Այսպես էլ ամուսնացավ Ռուստամը և ունեցավ 2 զավակ:
1994-2000թթ․ ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։
2007թ․ մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատեղամասից։ 2012թ․ մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական կարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 2017-ից հեռացել է ԲՀԿ կազմից:
Հեռանալով քաղաքական ասպարեզում աշխատելուց՝ Ռուստամ Գասպարյանն զբաղվում էր իր ջոկատով, հետևում էր սահմաններում տիրող իրավիճակին՝ պատրաստ մեկ կրակոցի դեպքում անգամ հասնել դեպքի վայր: Նա հիմնադրեց «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը և ամեն ինչով աջակցում էր սահմանների ամրության ապահովմանը:
Ռուստամ Գասպարյանը, անձնականը մի կողմ թողած, միշտ եղել է հայրենիքի նվիրյալ զավակն ու անձնուրաց մարտիկը, ուստի ինչպես Արցախյան առաջին ազատամարտի տարիներին, այնպես էլ 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին «Սև հովազ» ջոկատը Ռուստամ Գասպարյանի հրամանատարությամբ կրկին առաջնագծում էր:
Ռուստամը իր երկու զավակներին տվել է մարտիկներին վայել դաստիարակություն, և պատահական չէր, որ հայր ու որդի միասին են մեկնել ռազմաճակատ:
Սեպտեմբերի 28-ից Շահումյանում, այնուհետև՝ հոկտեմբերի 11-ից Հադրութում ջոկատի քաջարի մարտիկներն անշեղորեն կատարում էին իրենց առջև դրված մարտական խնդիրները, ետ մղում թշնամու հուժկու հարձակումները:
Ռուստամ Գասպարյանի եղբայրը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ «Սև հովազ» ջոկատը պատերազմի հենց առաջին օրվանից համոզված էր, որ հայկական կողմը մեկ սանտիմետր անգամ չի զիջելու, սակայն ստեղծված անկառավարելի և խառնաշփոթ իրավիճակը, հայկական գյուղերի ու քաղաքների տարհանումներն իրենց հուշում էին, որ այդ տարածքներն ի վերջո զիջվելու են:
«90-ականների պատերազմի տարիներին անգամ երեխաները չէին լքում տները, իսկ այս անգամ բոլորը լքեցին իրենց տները, մի մասը՝ կազմակերպված տարհանման արդյունքում, մի մասն էլ՝ խուճապահար»,-նշում է Սերոբ Գասպարյանը:
Սերոբ Գասպարյանի խոսքով՝ պատերազմի ընթացքում Ռուստամը միշտ առաջնորդել է ջոկատին և միշտ քայլել է ջոկատի առջևից:
«Երբ մի անգամ պայթյուն եղավ, Ռուստամը, վերցնելով զենքը, վազեց դեպի դեպքի վայր՝ ասելով, որ ոչ ոք իր հետևից չգնա: Ինքը միշտ առաջինն էր, ու իր հետ դիրքում գտնվող զինվորները տեսնում էին սա, ոգևորվում: Եթե հրամանատարը գնում է առջևից, իրենք ինչո՞ւ պիտի չգնան»,-հիշում է Սերոբ Գասպարյանը:
2020թ․ Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից կիրառված ԱԹՍ-ից հարված է հասցվել Ռուստամ Գասպարյանի մեքենային, որի հետևանքով նրա 29-ամյա որդին՝ Ռաֆիկ Գասպարյանը տեղում մահացել է, իսկ ինքը՝ գլխի շրջանում ստացել բազմաբեկորային վնասվածքներ։ Հոկտեմբերի 16-ին Ռուստամ Գասպարյանին վիրահատել են Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ, ապա՝ «Էրեբունի ԲԿ»։ Հոկտեմբերի 17-ին հայտնվում է Ռուստամ Գասպարյանի մահվան մասին գույժը։
«Տեղի ունեցածը միանշանակ դավադրություն էր, որովհետև Ռուստամն այն տեսակն էր, որ ոչ մի քայլ հետ չէր քայլելու, ու դեպքից 3 օր հետո այդ տարածքները ևս հանձնվեցին: Արցախի ողջ էլիտան ևս գիտակցում էր, որ եթե Ռուստամի հետ այդ չարաբաստիկ պատահարը տեղի չունենար, պատերազմի ելքը կարող էր այլ լիներ այդ տարածքում»,-նշում է Սերոբ Գասպարյանը:
Ռուստամ Գասպարյանը տարիներ ի վեր հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԱՀ Արիության մեդալով, ինչպես նաև՝ ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով։ 2011թ․ սեպտեմբերին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ 2020թ․ դեկտեմբերի 5-ին հետմահու պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։
Սերոբ Գասպարյանի խոսքով՝ պատերազմի դաշտում թշնամու անօդաչուներն այդքան սարսափելի չէին, որքան որ թիկունքից դավաճանությունը, չապահովվող օգնությունն ու համալրումը: «Մենք գիտեինք, որ պատերազմ է, պետք է առաջ գնանք, բայց մեր հետևից ոչ ոք չի գալու, չեն բերելու: Սա նպաստում էր հետնահանջին: Ոչ մի տեղ, ոչ մի անգամ հարձակման հրաման չի եղել»,-ասում է նա:
«Մեր այդքան զոհերն ու գերիները հենց հետնահանջի արդյունքն էին: Տեղանքին անծանոթ՝ 2-3 ամսվա զինծառայողները մոլորվում, գերի էին ընկնում կամ զոհվում: Խնդիրը սրա մեջ է, ու այսօր, եթե ասում են, որ գերիներն են մեղավոր, թող նախ հետ բերեն նրանց, հետո պարզեն՝ մեղավոր են, թե իրենց հանձնել են: Հադրութից հետ քաշվեցին, սակայն ջոկատներ կային, որ դեռևս չգիտեին այս մասին ու շարունակում էին անտառում կռիվներ մղել: Սա ի՞նչ է, եթե ոչ միտումնավոր կոտորած»,-նշում է Սերոբ Գասպարյանը
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում միակ ելքը ազգովի զինվորագրումն է:
«Ազգովի զինվոր պետք է դառնանք, երեխայից միչև ծեր՝ հայրենիքի իրական նվիրյալները պետք է առաջնորդեն մեզ: Բացի այդ, պետք է փոխվի կառավարման մոդելը, որպեսզի միանձնյա ոչ ոք չկարողանա որոշումներ կայացնել: Մի քիչ իրանական կառավարման մոդելին պետք է նմանվի, որպեսզի նախագահը կարևորագույն հարցերը առանց հոգևոր խորհրդի չկարողանա իրագործել, այսինքն՝ Ն. Փաշինյանի նման չասի՝ ես եմ ասել Սյունիքից զորքերը հետ քաշեք»,-նշում է նա:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմում կորցրած տարածքները ետ բերելուն, Սերոբ Գասպարյանն ասաց, որ նախ պետք է մեր ներքին թուրքին հաղթենք, հզորանանք:
«Եռաբլուրում պառկած տղաների արյամբ է գծված սահմանը, ու եթե մեկը փորձի տրորել կամ հանձնել, նա ազգի դավաճան է»,-ասել էր հրամանատար Ռուստամը և դարձել այն երանիներից մեկը, որ չտեսավ հզոր Արցախի անկումը:
Սերոբ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ 2021թ. նոյեմբերի 16-ին Սյունիքի հարցը վճռված էր, սակայն «Սև հովազ» ջոկատը մինչև վերջ կանգնեց ու ջարդեց թշնամուն, կանխելով նրանց առաջխաղացումը դեպի Սիսիան -Գորիս -Կապան ճանապարհահատված:
«Ցանկացած պահի «Սև հովազ»-ները պատրաստ են նորից խափանելու նմանատիպ բոլոր դավադրություննրը և կռվելու մինչև վերջին շունչը՝ հանուն մեր հայրենիքի ու հավատի»,-վստահեցնում է նա:
Վահագն Խաչատրյան