Դժվար է մեզ պոկել մեր սարերից, մեր հող ու ջրից. Գարիկ Ալեքսանյան
Գլխավոր » Լրահոս » Դժվար է մեզ պոկել մեր սարերից, մեր հող ու ջրից. Գարիկ Ալեքսանյան

Դժվար է մեզ պոկել մեր սարերից, մեր հող ու ջրից. Գարիկ Ալեքսանյան

Մշուշում կորած, սակայն ոչ մշուշոտ ապագայով սահմանամերձ դարձած Սառնաղբյուրը շարունակում է ապրել և արարել՝ ի հեճուկս թշնամու, որ տեղակայված է գյուղից ընդամենը 500 և 800 մ հեռավորության վրա:

Սառնաղբյուրը Ասկերանի շրջանի հինավուրց գյուղերից է: Գյուղում գտնվող պատմամշակութային հուշարձանները թվագրվում են 16-րդ դարից սկսված՝ գերեզմանոց՝ 16-19 դդ., Սբ. Գևորգ եկեղեցի՝ 1875թ., ջրաղաց՝ 19-րդ դ.:

Գյուղի առօրյա կյանքի, պատերազմի պատճառած անհարմարությունների ու ստեղծված խնդիրների մասին «Ապառաժ»-ը զրուցել է համայնքի ղեկավար Գարիկ Ալեքսանյանի հետ:

Գարիկ Ալեքսանյանի խոսքով՝ գյուղի 65%-ը վերաբնակիչներ են, քանի որ Արցախյան առաջին պատերազմից հետո վերաբնակեցման առումով գյուղը գտնվում էր պետության ուշադրության կենտրոնում:

Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Գյուղում գործում է գյուղապետարան, բուժկետ, հանդիսությունների սրահ և տարրական դպրոց, որտեղ սովորում է 3 աշակերտ, աշխատում՝ 2 ուսուցիչ, 14 աշակերտ էլ հաճախում է Նախիջևանիկի միջնակարգ դպրոց: Գյուղում նախադպրոցական և դպրոցական տարիքի 33 երեխա կա: Համայնքի ղեկավարի խոսքով՝ դպրոցը վերանորոգվել է համագյուղացի բարերարի ջանքերով:

Թեև պատերազմական գործողություներից հետո գյուղը սահմանամերձ է դարձել, սակայն դա չի խանգարում գյուղացիներին զբաղվել գյուղատնտեսությամբ: «Ճիշտ է, թշնամին մոտեցել է ընդհուպ մինչև մեր վարելահողերին, դժվարացել է անասնապահությամբ զբաղվելը, սակայն գյուղացիներն զբաղվում են առօրյա հոգսերով, և չնայած ստեղծված իրավիճակին՝ ցանկություն ունեն նոր այգիներ հիմնելու»,-ասում է համայնքի ղեկավարը:

Մարդկանց վարելահողերից թշնամին գտնվում է ընդամենը 15մ հեռավորության վրա: Այդ դաշտերում աշխատանքներ կատարելու համար համայնքը դիմում է ռուս խաղաղապահների օգնությանը:

Գյուղի առաջնահերթ խնդիրը Գարիկ Ալեքսանյանը համարում է ճանապարհների վատթար վիճակն ու ոռոգման համակարգի բացակայությունը, որի համար հաճախ են գյուղացիները դիմում իրեն:

Գյուղում աշխուժություն են մտցնում երիտասարդները, ովքեր պատերազմի ժամանակ անմիջապես մոբիլիզացվել էին, իսկ մեծահասակները զբաղվում էին թիկունքային աշխատանքներով, գյուղում հերթապահություն իրականացնում, անհրաժեշտության դեպքում՝ առաջնագիծ մեկնում, հաշվի չառնելով ոչ հաշմանդամություն, ոչ տարիք:

Գյուղացիները վերադարձել և շարունակում են ապրել հարազատ գյուղում, չնայած թշնամու կողմից լինում են սադրանքներ, փորձում են խուճապի մատնել ժողովրդին, ինչն, իհարկե, նրանց չի հաջողվում: Գյուղացիներն ապավինում են Պաշտպանության բանակին, վստահում հայ զինվորի բազկի ուժին, ովքեր օր ու գիշեր հսկում են գյուղը:

Գարիկ Ալեքսանյանը վստահորեն նշում է, որ մեզ այս հողից պոկել չի լինի: «Մենք այստեղ ենք ծնվել, մեր եկեղեցին, գերեզմաններն այստեղ են և մենք չենք կարող հրաժարվել այդ ամենից»,-ասում է նա:

Պատերազմի ժամանակ գյուղը մեկ զոհ և 3 վիրավոր է ունեցել: Կրակում էին գյուղի ուղղությամբ, սակայն ոչ թիրախավորված:

Գարիկ Ալեքսանյանը համոզված է, որ պատերազմն այլ ելք կունենար, եթե չլինեին թուքական ԱԹՍ-ներն ու Թուրքիայի աջակցությունը: «Մենք ներդրել էինք մեր ողջ ներուժը, մեր զինվորի ոգին տեղն էր, և, եթե չլինեին այդ անօդաչուները, ապա, ըստ իս, մենք կազատագրեինք նաև մեր օկուպացված հողերը, այլ ոչ թե հողային կորուստներ կկրեինք»,- նշում  է նա:

Պատերազմի արդյունքում գյուղի 400 հեկար վարելահողից թշնամին բռնազավթել է շուրջ 25 հա վարելահող, իսկ գյուղին մնացել՝ 375 հա: Անասնապահությունը, որը նախկինում գյուղում շատ զարգացած էր, այժմ ցանկալի զբաղմունք չէ: «Դժվար է վերահսկել, որպեսզի անասունները չանցնեն թշնամու կողմից բռնազավթված տարածքներ»,- ասում է նա:

Համայնքի ղեկավարը կարծում է, որ գյուղում պետք է զարգացնել ենթակառուցվածքները: «Լավ կլիներ, եթե նոր բնակարաններ կառուցվեին, վերաբնակեցվեր գյուղը. դպրոցում էլ երեխաների թիվը կշատանար»,-ասում է Գարիկ Ալեքսանյանը:

Այս պահին Ակնայի շրջանից գյուղում հաստատվել է հինգ հոգանոց մի ընտանիք:

Գյուղում բնակարանային ֆոնդը կբավարարի նոր բնակիչներ ընդունելու համար: Պատերազմից հետո դրանց մի մասը սկսել են վերանորոգել, բնակչությանը տրվում են նաև շինանյութեր:

Գարիկ Ալեքսանյանը համոզված է, որ գյուղում հնարավոր է աշխատել և արդյունք ապահովել, միայն թե խելքով պետք է աշխատել: «Անտառները հարուստ են վայրի պտուղներով և հատապտուղներով, ուստի գյուղացիները կարողանում են օգտվել այդ ամենից»,-նշում է Գարիկ Ալեքսանյանը:

Գյուղը լուսավորվածություն ունի, սակայն թարմացնելու կարիք կա: Առկա է ջրամատակարարման նոր համակարգ, սակայն առկա ռեսուրսները թույլ են տալիս միայն օրական 2 ժամով ջուր տրամադրել բնակիչներին:

Ապագան Գարիկ Ալեքսանյանը միայն գյուղում է պատկերացնում: «Դժվար է մեզ պոկել մեր սարերից, մեր հող ու ջրից: Մենք աշխատում ենք, և պետք է ամեն ինչ անենք մեր հողը հայկական պահելու, հային ու հայկական շունչն այստեղ պահելու համար»,-ասում է նա:

Նրա խոսքով, թեև դպրոցում սովորում են միայն 3 աշակերտ, սակայն ամեն օր այնտեղից հնչող զանգի ղողանջը թշնամուն հիշեցնում է, որ սահմանից այս կողմ հայն է ապրում՝ չնայած իրենց ներկայությանը:

«Թշնամու աչքի առաջ կատարվող վար ու ցանքը հասկացնում է նրանց, որ հայն իր ապագան այս հողի հետ է կապում: Մենք այլ կերպ մտածելու իրավունք չունենք: Ինչ ունենք՝ սա է: Պետք է աշխատենք ստեղծված իրավիճակից դուրս գալու և կորցրածը ետ բերելու համար»,-նշում է նա:

1