125 տարի առաջ Դաշնակցության կողմից կազմակերպվեց զինված գործողություն. Բանկ Օտոմանի գրավումը
Գլխավոր » Գաղափարական » 125 տարի առաջ Դաշնակցության կողմից կազմակերպվեց զինված գործողություն. Բանկ Օտոմանի գրավումը

125 տարի առաջ Դաշնակցության կողմից կազմակերպվեց զինված գործողություն. Բանկ Օտոմանի գրավումը

1896 թվականի օգոստոսի 14-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում իրականացվեց զինված քաղաքական գործողություն, որը պատմության մեջ մտավ Բանկ Օտոման անունով:

Գործողության նպատակը Հայկական հարցի վրա մեծ պետությունների ուշադրությունը հրավիրելն էր: Մինչ բուն գործողությանն անցնելը՝ մի փոքր Հայկական հարցի մասին:

Հայկական հարցը, ինչպես գիտենք, միջազգային դիվանագիտական օրակարգ մտավ 1878 թ. մարտին. Սան Ստեֆանոյի և նույն թվականի հունիս-հուլիս ամիսներին Բեռլինի վեհաժողովների արդյունքում. հայերին էին վերաբերում Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածները: Այս փաստաթղթերում, իհարկե, Հայկական հարցը ձևակերպվում է միայն Օսմանյան կայսրության հայկական նահանգներում (Արևմտյան Հայաստանում) բարենորոգումներ իրականացնելու համատեքստում, սակայն Հայկական հարցը զուտ բարենորոգումների խնդիր չէր, գոնե հայության մի ստվար հատվածի համար այն «….հայ ժողովրդի ազատագրության, իր պատմական Հայրենիքում անկախ ազգային պետականության վերականգնման խնդիրն է» : Գերխնդիր ունենալով իր պատմական հայրենիքում անկախ հայկական պետականության վերակերտումը՝ «հայ ժողովուրդը պատմության անբարենպաստ փուլերում հարկադրված է եղել վարել բարեփոխումների իրականացման, ջարդերի ու ավերագործությունների դեմն առնելու մարտավարություն» :

Միջազգային դիվանագիտական օրակարգ մտած Հայկական հարցը մեծ պետությունների ձեռքին յուրահատուկ գործիք դարձավ Թուրքիային ճնշելու և իրենց ձեռնտու զիջումներ կորզելու համար, իսկ Թուրքիան, ի պատասխան դրա, Հայկական հարցը «լուծում» էր ջարդերով և ազգային ու կրոնական հալածանքները խորացնելով: 

Եվ ահա ՀՅԴ Դաշնակցության Պոլսի Կենտրոնական Կոմիտեի և կուսակցության Արևմտյան բյուրոյի որոշումով՝ շուրջ երեք տասնյակ հայեր գրոհեցին կայսրության կենտրոնական դրամատունը, որտեղ աշխատում էին հիմնականում եվրոպացիներ:

Զինված գործողությունը ղեկավարում էին երիտասարդ դաշնակցականներ, 23-ամյա Բաբկեն Սյունին (Պետրոս Փարյան), 24-ամյա Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաջյանը) և 25-ամյա Հրաչ (Հայկ) Թիրաքյանը՝ առաջինը Ակն գավառի Բինկյան գյուղից, երկրորդը՝ Կարինից, երրորդը՝ Տրապիզոնից: Բանկ Օտոմանի հիմնական նպատակը եվրոպական երկրների ուշադրությունը Հայկական հարցի և հայկական բարեփոխումների վրա հրավիրելն էր:

ՀՅԴ կողմից ծրագրված և իրականացված զինված հարձակումը անմիջապես հետևում էր Համիդյան ջարդերին, ինչը և իրականում դարձավ այդ գործողության մղիչ ուժը: Հարձակման ընթացքում Սյունին զոհվում է: Գործողությունը ղեկավարում են Արմեն Գարոն և Հրաչ Թիրաքյանը: Օսմանյան բանկը նրանց գրավման տակ մնում է մեկ օրից պակաս, մինչև օգոստոսի 15-ի առավոտը: Այս ընթացքում տեղի են ունենում բանակցություններ, որը կատարվում էր Պոլսում Ռուսաստանի դեսպանության աշխատակից Մաքսիմովի միջնորդությամբ: Բանակցությունների հիմնական կետն այն էր, որ եվրոպական պետությունները բարենորոգումներ են իրականացնելու, հետևաբար՝ զինված խումբը պետք է զենքը վար դնի:

Այսպիսով, բանակցությունների արդյունքում, Օսմանյան բանկը գրաված խմբի մի մասը անգլիական նավով տեղափոխվում է Մարսել: Բարենորոգումներ, այդպես էլ չիրականացվեցին, իսկ Բանկ Օտոմանի միջադեպը հայկական կոտորածի ու հալածանքների նոր առիթ դարձավ:  

Գործողությունից մի քանի օր անց՝ օգոստոսի 19-ին, ՀՅԴ հեռագրերից մեկում այսպես էր նկարագրվում իրադրությունը. «Ապստամբություն է Պոլսում: Դաշնակցականները գրավել են Օսմանյան բանկը, կոտորելով զինվորներին և պահապաններին: Սպառնացել են օդը բարձրացնել բանկը, եթե դեսպանները բավարարություն չտան հայերի պահանջներին: Երկար բանակցություններից հետո ռուսաց դեսպանատունը խոստացել է կատարել պահանջած կետերը, ինչպես և բանկում գտնվողների ապահովությունը: Խումբը զինված դուրս է եկել բանկից և զենքը պահպանելով մտել է անգլիական նավը: Քաղաքի զանազան մասերում դաշնակցական մյուս խմբերը դիմադրել են զինվորների ու խուժանի հարձակմանը: Բազմաթիվ թուրքեր են կոտորվել: Թուրքերը հարձակվել են անպաշտպան թաղերի վրա և սոսկալի կոտորած արել»:

Մեկ օր անց՝ օգոստոսի 20-ի հեռագրում, կարդում ենք. «Զինվորնեը և խուժանը շարունակում են կոտորածը: Մերոնք դիմադրում են ռմբերով: Դաշնակցական Կեդրոնական կոմիտեն սպառնացել է թափել իր ամբողջ ուժը, եթե անզենների կոտորածը շարունակվի: Դեսպանները խստիվ են միջամտել, և կառավարությունը խիստ միջոցներ է ձեռք առել»:

Օսմանյան բանկի գրավման գործողության մասին հետագայում գրվել են հոդվածներ, գրքեր, երգեր:

Բանկ Օտոմանի ղեկավար կազմի երեք անդամները տարբեր ճակատագրեր ունեցան:

Բաբկեն Սյունին, գործողության հենց սկզբում, իր իսկ ձեռքի ռումբի պայթյունից զոհվեց:

Հրաչ Թիրաքյանը ձերբակալվեց 1915-ին՝ մտավորականների խմբի հետ, և խոշտանգվեց ու սպանվեց Անկարայի մոտ:

Արմեն Գարոն 1908-1912 թթ․ եղավ Օսմանյան կայսրության մեջլիսի պատգամավոր ՀՅԴ-ից: 1911 թ. ՀՅԴ-ի կոալիցիոն տեղով նշանակվեց հեռահաղորդակցության նախարար Թալեաթ փաշայի առաջարկությամբ և աշխատեց մինչև 1912 թ. պետական հեղաշրջումը։ 1913 թ. կրկին նշանակվեց նախարար, այս անգամ՝ առևտրի և հանրային աշխատանքների, և երիտթուրքերի իշխանության օրոք աշխատեց մինչև 1914 թ:

Շահան Նաթալիի հետ Արմեն Գարոն 1919թ․ կազմակերպեց «Նեմեսիս» գործողությունը, որի արդյունքում ոչնչացվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք դահիճները։

Արմեն Գարոն Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր էր (1919-1920 թթ.), ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպանը: Նա վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին Ժնևում:

Նկարի մեջ պատկերված են, ձաից՝ Բաբկեն Սյունին (Պետրոս Փարեան), աջից՝ Արմեն Գարո (Գարեգին Փաստրմաճեան):

1