90 տարեկան կազմակերպությունը շարունակում է մնալ երիտասարդ
Գլխավոր » Լրահոս » 90 տարեկան կազմակերպությունը շարունակում է մնալ երիտասարդ

90 տարեկան կազմակերպությունը շարունակում է մնալ երիտասարդ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը պատասխանում է «Ապառաժ»ի հարցերին:

— Հերմինե, Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունն այս տարի նշում է իր 90-ամյակը: Ո՞րն էր նրա ծննդյան հրամայականը եւ ինչպե՞ս եղավ, որ մի շարք կազմակերպությունների ու միությունների պես նա չկորավ ժամանակի ոլորաններում, այլ հասավ մինչեւ մեր օրերը:

— Դուք ճիշտ բառ օգտագործեցիք ձեր հարցում՝ «հրամայական».  այո, 90 տարի առաջ ժամանակը ուղղակի հրամայեց, որ ծնունդ առնի Համազգայինը, քանզի Ցեղասպանությունից մազապուրծ եւ աշխարհով մեկ ցրիվ եղած հայությանը պետք էր հայ պահող, հայ սնող արմատ: Այդ արմատը տնկեցին հայ ազգի նվիրյալ զավակները՝ Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Գասպար Իփեկյանը, Համո Օհանջանյանը եւ ուրիշներ, որոնց միավորել է մեկ ընդհանուր նպատակ՝ ստեղծել այնպիսի մի միություն, որն իր գործունեությամբ կնպաստի Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործին,  հայ մտքի, հայկական կրթության, հայ մշակույթի պահպանությունը: Դա 1928 թվականի մայիսի 28-ն էր  /երևի մայիսի 28-ը մեզ՝ հայերիս համար, կոչված է պատմության ուշագրավ իրադարձությունների վկան ու արձանագրողը լինելու/:

Մեծ դժվարությամբ, հետեւողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, դիմակայելով ժամանակի տարբեր փորձություններին, իր շուրջը համախմբելով հայ մտավորականության կորիզն ու հայ կրթական — մշակութային կյանքով սրտացավ անձանց՝ Համազգայինը կարողացավ ստեղծել իր կրթօջախները, թատերախմբերը, պարախմբերը, մշակութային կենտրոնները, հրատարակչությունները եւ այլն: Տասնյակ երկրներում ստեղծելով մասնաճյուղեր՝ նա արդեն 90 տարի է՝ հայ դպրության ու մշակույթի պահապան առաքյալի դերում է:

Երևի ի ծնե այս դերի գիտակցումը, նպատակին ծառայելու պատրաստակամությունը, գործի նվիրումն են, որ խաթարել են նրա ընթացքը եւ չեն թողել, որ այն կորչի ժամանակի հորձանուտում: Իրոք, սա դժվար ու պատասխանատու աշխատանք էր ու կա, բայց Համազգայինը մինչ օրս էլ անխոնջ մշակի պես ծառայում է իր նպատակին՝ ի հեճուկս ժամանակի մարտահրավերների իր դպրոցներում, իր կրթօջախներում, իր մշակութային կենտրոններում կրթելով ու դաստիարակելով հայի տեսակը: Համազգայինը դեռ շատ ու շատ կգոյատեւի, որովհետեւ նրա գոյությունը, ինչպես 90 տարի առաջ, այնպես էլ հիմա, հատկապես Սփյուռքում, շարունակում է մնալ ժամանակի հրամայական:

— Ո՞րն է Համազգայինի գրասենյակի առաքելությունն Արցախում. ի՞նչ ծրագրեր են իրականացվել եւ ի՞նչ անելիքներ  ունեք առաջիկայում:

— Գրասենյակն Արցախում բացվել է վերջերս, բայց արդեն հասցրել ենք իրականացնել մի քանի միջոցառումներ, եւ առաջիկայում դեռ շատ ծրագրեր ունենք, որոնց իրականացման ընթացքում համագործակցելու ենք Արցախի համապատասխան գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ:

Չնայած Արցախի գրասենյակը նոր է, բայց մինչ այդ էլ Արցախը միշտ մաս է կազմել Համազգայինի ծրագրերին, միշտ եղել է Համազգայինի ուշադրության առանցքում:

Անցնող տարվա ընթացքում Արցախի գրասենյակին հաջողվել է իրագործել մի շարք  երիտասարդական, մշակութային, գրական-գեղարվեստական, կրթական ծրագրեր՝ երիտասարդական հանդիպումների, գիտաժողովի, գրական երեկոների, շրջանաձեւ ընթերցանությունների, գրքի հրատարակչության եւ նման այլ կրթամշակութային միջոցառումների տեսքով:

Այս տարվա մեր միջոցառումները գլխավորապես նվիրված են եղել Համազգայինի 90-ամյակին, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին, Արցախյան շարժման 30-ամյակին:

Արցախի գրասենյակն ակտիվ համագործակցություն ունի արցախյան գյուղական համայնքների հետ, եւ այս տարի մի շարք մշակութային ձեռնարկներ են իրականացրել տարբեր համայնքներում՝ նպատակ ունենալով մեր ներուժն օգտագործել Արցախի հատկապես հեռավոր ու սահմանամերձ համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, գյուղաբնակ երիտասարդներին ներգրավելու Համազգայինի ծրագրերին:

Միջոցառումները տարբեր են, անելիքները՝ շատ, բայց մեր գրասենյակի գործունեության նպատակը չի շեղվում Համազգայինի որդեգրած ուղեծրից. այսինքն՝ ամենուր մեր գործը հայ մշակույթն ու կրթությունն է, այդ ոլորտներում մեր նպաստը բերելը:

— Իսկ Սփյուռքի հետ համագործակցության ծրագրեր ունեցե՞լ եք եւ որքանով կարող եք նպաստել Արցախը իր սահմաններից դուրս ներկայացնելու գործին:

— Այո, չնայած, ինչպես ասացի, գրասենյակը դեռ բավականին երիտասարդ է, բայց որոշ համատեղ ծրագրեր արդեն կազմակերպել ենք Սփյուռքի մեր կառույցների հետ: Մշակութային ծրագրեր ենք իրագործել Համազգայինի Նյու Ջերսիի  մասնաճյուղի եւ Ավստրալիայի Համազգայինի կառույցի հետ: Սփյուռքի հետ Համազգայինի ծրագրերից ուզում եմ առանձնացնել ամենամյա ուսանողական ֆորումի ծրագիրը, ըստ որի՝ ամեն տարի աշխարհի տասնյակ երկրներից երիտասարդներ են հավաքվում հայրենիքում եւ Համազգայինի Երևանի ու, արդեն երկու տարի է, Արցախի գրասենյակների միջոցով կազմակերպվում են նրանց համար հայրենաճանաչողական էքսկուրսիաներ ՀՀ-ում եւ Արցախում, հանդիպումներ տարբեր մշակութային գործիչների հետ,այցելություններ զորամասեր ու հանդիպումներ զինվորների հետ։ Ամեն տարի այս ծրագրի ողջ ընթացքին միանում են նաեւ մասնակիցներ Արցախից։ Սա լավ հնարավորություն է Արցախում ապրող երկտասարդի համար ոչ միայն պատմաճանաչողական էքսկուրսիա անելու հայրենիքով, այլեւ կապ ու համագործակցություն հաստատելու աշխարհի տարբեր ծագերում ապրող իր հասակակիցների հետ։

Առաջիկայում  փորձելու ենք նոր ծրագրեր կյանքի կոչել՝ համագործակցելով տասնյակ երկներում գործող մեր մասնաճյուղերի ու գրասենյակների հետ: Եւ, իհարկե, փորձելու ենք մեր ներուժն օգտագործել՝ Արցախի մշակութային արժեքները Արցախից դուրս ներկայացնելու, ճանաչելի դարձնելու գործին: Այդ եւ շատ այլ ծրագրերի մասին չեմ ուզում պարզապես խոսել, այդ մասին գործով կվկայենք:

Մեր հարցազրույցը տեղի է ունենում Ամանորի նախաշեմին: Ի՞նչ պատգամ ունի Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատուն այս տոների կապակցությամբ:

Նախ, շնորհակալ եմ, որ առիթ ընձեռեցիք զրուցելու Համազգայինի գործունեության շուրջ, նաեւ շնորհակալ եմ, որ մշտապես համագործակցում եք Արցախի գրասենյակի հետ՝ ակտիվորեն լուսաբանելով մեր բոլոր միջոցառումները:

Ամանորը հայության համար միշտ հույսի ու հավատի տոն է եղել, որովհետեւ մենք ճակատագրի բերումով միշտ հավատացել ենք, որ էլ չենք կորցնելու, որ գալիք տարիները միայն գտնելու, ձեռք բերելու տարիներ են լինելու, վերադարձի տարիներ են լինելու: Ամեն մի հայ այս երազանքից մի մասնիկ ունի իր սրտում, եւ ես ուզում եմ, որ յուրաքանչյուրն իր այդ մասնիկը գտնի եւ այդ մասնիկով ճանապարհ կառուցի համահայկական երազանքի համար… Համազգայինը հայի անքակտելի մասն է ու հայրենիքի ամեն մի հաջողությունը նաեւ նրանն է, ուստի մաղթում եմ, որ մենք՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, գալիք տարում մեկ քայլ անենք դեպի այն հայրենիքը, որի հիմնաքարերը  կլինեն ամուր պետականությունը, ամուր մշակույթը, ամուր կրթությունն ու ազգային բարձր արժեքները…

— Հերմինե, շնորհավորում ենք Համազգայինի 90-ամյակի կապակցությամբ եւ մաղթում, որ Համազգայինը միշտ երիտասարդ մնա ու միշտ նորանոր ծրագրեր կյանքի կոչի:

— Շնորհակալ եմ, մենք մեզ 90 տարեկան երիտասարդ ենք զգում, որովհետեւ՝ ինչքան մեծանում՝ էլ ավելի ենք կրկնապատկում աշխատելու ու գործելու մեր եռանդը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

«Ապառաժ»

1