Արցախում նշվել է Հայոց պետականության վերականգնման 100-ամյակը
Գլխավոր » Լրահոս » Արցախում նշվել է Հայոց պետականության վերականգնման 100-ամյակը

Արցախում նշվել է Հայոց պետականության վերականգնման 100-ամյակը

Ստեփանակերտում Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առիթով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը մի  շարք միջոցառումներ է կազմակերպել:

Մայիսի 28-ին առավոտյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մուտքի մոտ կայացել է «Տատիս սնդուկը» հին իրերի, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Արդեն երրորդ տարին կազմակերպվող ցուցահանդես-վաճառքին մասնակցում են Արցախի բոլոր շրջանների համայնքները:«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է վերադառնալ արմատներին, որպեսզի ներկա սերունդը անտարբեր չվերաբերի նախնինների ունեցածին, իսկ ներկայացված նմուշները մինչև 200 տարվա պատմություն ունեն:

DSC_2196

Նույն օրը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի երկրորդ հարկում տեղի է ունեցել «Արցախը 1918-1920թթ.» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին նշված ժամանակահատվածի փաստաթղթեր և լուսանկարներ: 

Ցուցահանդեսի առանձին մաս է կազմում «Արցախահայության մասնակցությունը մայիսյան հերոսամարտերին» խորագրով ցուցադրությունը: Բացելով միջոցառումը Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը նշել է, որ Արցախում առաջին անգամ է ներկայացվում նման ցուցահանդես: 

DSC_2181

«Անցել է մեկ դար, երբ մենք մեր հայրենիքի լավագույն զավակների արյան գնով կերտեցինք Հայաստանի Հանրապետությունը, որը տարբեր փոփոխություններով  հասավ մինչև մեր օրերը, իսկ այսօրվա ՀՀ-ն և ԱՀ-ն առաջին Հանրապետության ծնունդն են ու շարունակությունը»,- իր խոսքում նշել է ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը:

DSC_2188

Իսկ երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կայացել է «Արցախ» ազգային նվագարանների նվագախմբի մենահամերգը: Ընդամենը երկու տարի գործող նվագախումբը 2016 թվականին մասնակցելով, Երևանում կայացած Ազգային նվագարանների անսամբլների համահայկական մրցույթ-փառատոնին, գրավել է առաջին մրցանակային տեղ: Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Լևոն Սարդարյանն է: Համերգի ընթացքում հնչել են ազգագրական, հայրենասիրական, աշուղական կատարումներ: 

DSC_2440

1