44-օրյա պատերազմ, փշրված երազներ․․․

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հախումյանի կինը՝ Աննան, Արցախի տեղահանությունից հետո իր երկու փոքրիկ երեխաների հետ բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Կարող էր մեկնել ՌԴ, որտեղ ապրում են ծնողներն ու եղբայրները, սակայն նա ամեն ինչից վեր է դասել մնալ Երևանում՝ Եռաբլուրին ավելի մոտ, որտեղ ամփոփված է ամուսնու մարմինը։
Էրիկը ԱՀ ՊԲ պայմանագրային զինծառայող էր։ Կրտսեր եղբոր՝ Արկադիի հետ զոհվել է 2020-ի նոյեմբերի 11-ին։ Իսկ ընդամենը 3 օր հետո հայտարարվել է զինադադար․․․

44-օրյա պատերազմ, փշրված երազներ․․․ Աննան պատմում է
-Ինչպես շատերը, ես նույնպես 2020-ի պատերազմի ժամանակ երեխաներիս հետ մեկնել էի Երևան։ Փոքր աղջիկս՝ Լինան, դեռ 2 տարեկան չկար, իսկ մեծը՝ Էլենը, 5 տարեկան էր։ Էրիկն ամեն օր զանգում էր, հույս տալիս, որ շուտով կավարտվի ամեն ինչ, ու մենք տուն կվերադառնանք․․․Նոյեմբերի 5-ին, ուշ երեկոյան զանգեց, հարցրեց մեր որպիսության մասին, խոսեցինք երկար, բարի գիշեր մաղթեցինք իրար․․․ Լուսաբացին եկավ բոթը։ Չէի ցանկանում հավատալ։ Իմ լացի ձայնից երեխաներն արթնացան ու, թեև չէին հասկանում՝ ինչ է պատահել, լացում էին ինձ հետ։ Այդ մի քանի րոպեների ընթացքում ինձ թվաց, թե խելագարվում եմ, ոչինչ չէի զգում։ Ականջիս մեջ գույժն էր՝ Էրիկն ու եղբայրը զոհվել են։
․․․Շատ երազանքներ ու նպատակներ ունեինք, որոնք իրականություն դարձնելու համար Էրիկը ջանք չէր խնայում։ Շատ հոգատար ամուսին ու հայր էր։ 2015-ին ենք ամուսնացել և այդ ժամանակահատվածում ես հասկացել էի՝ որ նա է իմ ամուր թիկունքն ու հենարանը։ Կյանքիս ամենալավ տարիներն էին։ Մենք անխոս հասկանում էինք իրար։ Բարի էր անչափ, համեստ, աշխատասեր ու նվիրված։ 2020-ի նոյեմբերի 6-ին փշրվեցին մեր բոլոր երազանքները, մեկ վայրկյանում կորցրի իմ թիկունքը, երեխաներս անհայր մնացին։ Հոգուս ցավը չի անցնում, ու այն միշտ ինձ հետ է լինելու։ Երեխաներիս համար առավել դժվար է։ Ինչքան էլ ես ու իմ հարազատները փորձենք, միևնույն է՝ չենք կարող երեխաներիս լիարժեք կյանք տալ։ Եվ այդ միտքը շատ է տանջում ինձ։


44-օրյա պատերազմից հետո վերադարձա Արցախ՝ չնայած հարազատներս համոզում էին մեկնել իրենց մոտ՝ Ռուսաստան։ Չէի կարող լքել Էրիկին։
Ստեփանակերտից հաճախակի էի գալիս Եռաբլուր՝ ամուսնուս մոտ։ Դա այն միակ վայրն է, որտեղ ես սփոփվում եմ հուշաքարից ինձ նայող Էրիկի բարի ու խոսուն հայացքով։ Նրա հայացքն ինձ ուժ է տալիս, միաժամանակ զգաստացնում։ Եռաբլուրում ես թեթևություն եմ զգում։ Խոսում եմ Էրիկի ու բոլոր նահատակների հետ ու թվում է, թե նրանք լսում են ինձ։ Մեղավոր եմ զգում, որ նրանց արյամբ շաղախված հողը թողեցինք թշնամուն։ Ամուսնուս հիշատակն ինձ պարտավորեցնում է մեր փոքրիկներին տալ արժանավայել դաստիարակություն, ոտքի կանգնեցնել ու իրականացնել մեր կիսատ երազանքները։
2023-ի Արցախի տեղահանությունից հետո Աննան որոշեց բնակություն հաստատել Երևան քաղաքում՝ Էրիկին ավելի մոտ․․․ Զոհվածի կինը բախվում է տարբեր խնդիրների, բայց գիտի, որ պարտավոր է կյանքին ասել այո․ Էրիկի հիշատակը դա է պարտադրում, և ինքը վհատվելու իրավունք չունի
—Տեղահանությունից հետո, երբ հաստատվեցինք Երևանում, երեխաներին դպրոցում ու մանկապարտեզում տեղավորելուց հետո, որոշեցի աշխատանք գտնել։ Ավարտել եմ ԱրՊՀ «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» բաժինը, ինչպես նաև վարսահարդարություն եմ սովորել։ Դիմել եմ տարբեր տեղեր, չեմ կարողանում աշխատանք գտնել։ Իմ դժվարությունները դեռ առջևում են, երեխաներս մեծանում են ու առանց աշխատելու չեմ կարողանալու լիարժեք հոգալ նրանց կարիքները։ Ինձ ու երեխաներիս օգնում են ծնողներս, հարազատներս, սակայն ես չեմ ցանկանում ձեռքերս ծալած նստել և անընդհատ աշխատանք եմ փնտրում։ Իհարկե, տարբեր խնդիրների եմ հանդիպում, սակայն Արցախի ու մարդկային կորուստներից հետո, դրանց մասին խոսելը ամոթալի եմ համարում։ Աշխատում եմ հաղթահարել ու առաջ նայել․․․
Այսօր ինձ համար ամենակարևորը երեխաներիս պատշաճ դաստիարակելն ու խնամելն է։ 44-օրյա պատերազմից հետո փոքրիկներս ծանր ապրումներ ունեցան։ Լինան, թեև երկու տարեկան էր, սակայն լավ հիշում է հորը և մինչև այսօր սպասում է նրան։ Սկզբնական շրջանում շատ դժվար էր։ Լինան ամենուր հորն էր տեսնում, խոսում հետը։ Ամեն առավոտյան ասում էր՝ մամա, գիշերը պապային տեսա, գրկել ու համբուրում էր ինձ։ Իսկ Էլենը, որ բնավորությամբ շատ է հորը նման, դարձել էր քչախոս, պարփակված իր մեջ։ Հետզհետե երեխաներս հասկացան, որ իրենց, ինչպես նաև շատ-շատ փոքրիկների հայրիկներ Եռաբլուրում են և այնտեղից հսկում են մեզ։


44-օրյա պատերազմում զոհված Էրիկի երեխաները մենակ չեն Մայր Հայաստանում
-Սկզբից չէին համակերպվում նոր միջավայրին, անընդհատ ուզում էին տուն վերադառնալ, արցախցի ընկերներին էին կարոտում։ Սակայն հետզհետե նրանք հարմարվեցին, նոր ընկերներ գտան։ Այցելում են տարբեր խմբակներ, գնում են պարապմունքների և իրենց ակտիվորեն են դրսևորում։ Դպրոցում և մանկապարտեզում շատ լավ վերաբերմունքի են արժանանում։ Տեղահանությունից հետո, որպես զոհվածի երեխաներ, մասնակցել են տարբեր բարեգործական միջոցառումների, ինչի համար շնորհակալ եմ նախաձեռնողներին ու կազմակերպիչներին։ Նմանատիպ միջոցառումները ոգևորում են երեխաներին և ուժ տալիս մայրերին։ Մենք հասկանում ենք, որ մենակ չենք։

Ամենամեծ երազանքս Արցախ վերադառնալն է և այնտեղ արժանավայել ապրելը։ Հավատում եմ, որ կգա այդ ժամանակը, ու մենք, որպես իրական տերեր, հայրենիք կվերադառնանք․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ