40000 տեղահանված ազգաբնակչություն ունենալով՝ չի կարելի խոսել մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակի մասին
«Ապառաժ»-ը Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ զրուցել է հետպատերազմյան շրջանում ՄԻՊ հաստատության առջև ծառացած խնդիրների, օկուպացիայի և պատերազմի հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների խախտման, դրանց բարձրաձայնման գործում ՄԻՊ գրասենյակի կատարած աշխատանքի և այլ հարցերի շուրջ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
—Դուք ԱՀ ՄԻՊ եք ընտրվել Արցախի համար դժվար ժամանակներում, երբ հատկապես Ձեր համակարգի առջև մեծաթիվ խնդիրներ կան դրված: ՄԻՊ գրասենյակը ինչպե՞ս է կարողանում լուծել դրանք: Ինչքանո՞վ են փոխվել գրասենյակի աշխատանքների ուղղությունները նախքան պատերազմը և դրանից հետո:
-Պատերազմից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար խնդիրները բազմապատկվել են: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը երկու հիմնական ուղղություններով է իր աշխատանքները տանում: Առաջին ուղղությունը պատերազմից հետո ավելի ընդգծված դարձած՝ արտաքին աշխարհին Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերաբերյալ իրազեկելն է, միջազգային ատյանների ուշադրությունը հրավիրելն այն պատերազմական հանցագործությունների վրա, որոնք իրականացրել են Ադրբեջանն ու Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում:
Երկրորդ ուղղությունը Սահմանադրությամբ մեզ վրա դրված կարևորագույն գործառույթն է՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պատշաճ հարգումը: Մենք այս առումով վերահսկողական գործառույթ ենք իրականացնում: Պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների խախտման դեպքում մարդը կարող է դիմել և ստանալ մեր միջամտությունը՝ նախ արձանագրելու համար իր իրավունքների խախտումները, և երկրորդ՝ մեր միջամտությամբ վերականգնելու խախտված իրավունքները:
Միշտ էլ կատարելագործվելու և ավելի արդյունավետ աշխատելու տեղ կա, բայց եթե ընդհանուր գնահատական տալու լինենք, ապա կարծում եմ, որ իմ նշած երկու ուղղություններով էլ պատշաճ մակարդակով իրականացվում են աշխատանքները: Ավելի ճիշտ կլինի հանրությունը գնահատականը տա, թե որքանով է մեր գրասենյակը կարողանում հետպատերազմյան դժվար օրերին իրականացնել իր գործառույթներն ու լիազորությունները:
-Հաշվի առնելով Արցախի բնակչության համար առաջնային անվտանգության խնդիրը՝ չե՞ք կարծում, որ մյուս իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները տուժում են:
-Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, նաև ՀՀ ՄԻՊ հաստատությունն այն եզակի կառույցներից են, որ ստիպված են բախվել այս իրողության հետ, նկատի ունեմ կոնֆլիկտային, պատերազմական պայմաններում աշխատելը: Այս առումով շատ հաճախ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների հետ քննարկումների ժամանակ մատնանշվում է, որ և՛ մեր կառույցը, և՛ ՀՀ ՄԻՊ կառույցը բավականին մեծ փորձ են կուտակել հենց ճգնաժամային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու ոլորտում: Բայց այնպես չէ, թե ՄԻՊ կառույցը հիմա է դրանով զբաղվում: 2016թ. մենք ևս բախվել ենք նույն խնդրին, երբ ՄԻՊ գործունեության առաջնահերթությունների մեջ որոշակի վերարժևորումներ տեղի ունեցան, և արտաքին դաշտին ավելի մեծ ուշադրություն դարձվեց:
Բայց պետք է վստահեցնել, որ դրանով ՄԻՊ-ը չի կորցնում իր սահմանադրական կարևորագույն դերն ու նշանակությունը: Սահմանադրությամբ յուրաքանչյուր մարդու տրված է մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունք, և ԱՀ տարածքում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր մարդ կարող է օգտվել այդ իրավունքից: Եթե դիմում է մուտքագրվում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ապա այն հավուր պատշաճի, օրենքով սահմանված կարգով քննարկման է դրվում, որոշում կայացվում: Բայց պետք է նշել, որ եթե խաղաղ պայմաններում ապրող երկրի մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն լիներ, ապա շատ ավելի մեծ ուշադրություն կդարձվեր մշտադիտարկման, հետազոտական-վերլուծական գործառույթին: Բայց հաշվի առնելով այն, որ մենք այլ պայմաններում և այլ իրականության մեջ ենք ապրում. ունենալով փոքրաթիվ աշխատակազմ՝ պետք է առաջնահերթություններ ընդգծենք և շարժվենք ըստ դրանց: 2019թ. ՄԻՊ կառույցը մեծ հետազոտություն է սկսել երեխաների իրավունքների պաշտպանության և առկա օրենսդրության վերաբերյալ: Այս աշխատանքները պատերազմով պայմանավորված կասեցվել էին, և արդեն պատերազմից հետո՝ 2021թ. հուլիս-օգոստոս ամիսներին, հրապարակվել է զեկույցը:
-Ինչպիսի՞ գործիքակազմ ունի ԱՀ ՄԻՊ-ը Ադրբեջանին՝ Արցախի նկատմամբ կատարված հանցագործությունների համար պատժելու, միգուցե նաև դրանք կանխելու համար:
-Երբեմն լինում են թյուրըմբռնումներ, որ ՄԻՊ կառույցը կարող է միջազգային դատական ատյաններում գործողություններ ձեռնարկել: Այդ իրավազորությունից, լիազորությունից մենք չենք օգտվում: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իրականացնում է փաստերի արձանագրման և դրանք միջազգային ատյաններին իրազեկելու գործառույթ: Մենք միջազգային դատարաններ դիմելու իրավասություն չունենք, որովհետև դա պետությունների, կառավարությունների, առհասարակ անհատների իրավասության տակ է գտնվում: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար հայց կարող է ներկայացնել կամ տուժած քաղաքացին կամ տուժած քաղաքացու շահերը ներկայացնող փաստաբանական խումբը կամ պետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունը:
Մեր ամենակարևոր գործառույթը միջազգային այն ատյաններին իրազեկելն է, որոնք ունեն իրավապաշտպան գործառույթ: Մեկուսացման պայմաններում ապրելով՝ շատ հաճախ Արցախի մասին օբյեկտիվ իրականությունը հասանելի չի դառնում միջազգային կազմակերպություններին կամ տարբեր պաշտոնյաներին, և պետք է կազմվեն զեկույցներ և անմիջապես դրվեն պատասխանատու պաշտոնյաների սեղաններին, որպեսզի նրանք թերթեն ու հասկանան, թե ինչ է կատարվում այստեղ: Մեր ներկայացրած ու հավաքագրած տվյալները ու դրանց հիմքով կազմված զեկույցները միջազգային հանրության հանրային կարծիքի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, պաշտոնյաների կարծիքի վրա ազդեցություն են թողնում: Օրինակ՝ ռազմագերիների հարցերով եվրոպական մի շարք երկրների պատասխանատու պաշտոնյաներ հայտարարություններ են արել, բայց չեմ կարող ասել, որ մեր պատրաստած զեկույցները կամ մեր ներկայացրած տվյալները կանխելու ուղիղ մեխանիզմ են ապահովում:
-Այդ առումով՝ ինչքանո՞վ կարող է օգտակար լինել ՀՀ ՄԻՊ հաստատությունը և հատկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձր վարկանիշը: Նրա գործունեությունը բարձր են գնահատում նաև միջազգային առումով:
-Միանշանակ, ՀՀ ՄԻՊ հաստատությունը մեզ համար շատ արժեքավոր գործընկեր կառույց է: Արման Թաթոյանի գլխավորությամբ նրանք և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո բացառիկ աշխատանք են իրականացնում՝ հանդիսանալով նաև մեր ձայնը տարբեր մարմիններին հասանելի դարձնելու խողովակ: Մի շարք համատեղ զեկույցներ ենք պատրաստել, և դրա նպատակն այն էր, որ երկու կառույցների համատեղ աշխատանքը երևա նաև արտաքին դաշտում: Հուրախություն մեզ և ՀՀ ՄԻՊ հաստատության՝ պետք է նշել, որ ԵԽԽՎ հատուկ զեկուցողի պատրաստած զեկույցում տարբեր իրավունքներին վերաբերող հարցերում հղումներ կան նաև այդ զեկույցներին, մշակութային ժառանգության մասին զեկույցին, որը մեր կառույցն առանձին է պատրաստել:
Մենք շատ հաճախ ենք իրար հետ տարբեր հարցեր քննարկում՝ կապված ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի, սահմանային միջադեպերի վերաբերյալ, որոնց մասին տեղյակ են պահվում միջազգային կազմակերպությունները: Իհա՛րկե, ես մեր խողովակներով եմ այդ ամբողջ ինֆորմացիան հասանելի դարձնում միջազգային կազմակերպություններին և տարբեր ատյաններին: Բայց, ինչպես իրավացիորեն նշեցիք, այսօր ՀՀ ՄԻՊ հաստատությունը բավականին մեծ հեղինակություն ու վարկանիշ ունեցող կազմակերպություն է՝ իր ապաքաղաքական և իր բացառիկ իրավապաշտպան գործունեության շնորհիվ: Նրա խոսքն ընկալելի է միջազգային մարմինների կողմից, և շատ ուրախ եմ, որ այդ խողովակն ունենք: Երկու կառույցների միջև համագործակցությունն օրինակելի եմ որակում, և շատ ուրախ կլինեի, եթե պետական այլ մարմինների միջև համագործակցությունը նույնպես այդ մակարդակին լիներ:
-Ինչքանո՞վ են Արցախում պաշտպանված մարդու իրավունքները, եթե չհաշվենք Ադրբեջանի գործոնը:
-Միանշանակ, որևէ գնահատական տալը ճիշտ չէ: ՄԻՊ կառույցի ստեղծման և գործունեության հիմնական նպատակը հենց այն է, որ լինի այն գործիքը, մեխանիզմը, որ մարդու իրավունքների պաշտպանության, այսպես ասած, երաշխավորը հանդիսանա, իր իրավունքների խախտման դեպքում մարդը դիմելու, իրավական խորհրդատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում նաև ՄԻՊ կառույցի միջամտությամբ խախտված իրավունքները վերականգնելու հնարավորություն ունենա:
40000 տեղահանված կամ անօթևան մնացած բնակչություն ունենք, խախտված են նրանց ամենատարրական իրավունքները: Նման պայմաններում բարձրագոչ խոսել, որ իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակ ունենք, նման գնահատական չէի կարող տալ:
Ինչ վերաբերում է այն իրավունքներին, որոնք հետպատերազմյան իրողություններով չեն պայմանավորված. գնալով մարդկանց մոտ աճում է իրավագիտակցության աստիճանը, որ եթե խախտվեն իրենց իրավունքները, ապա նրանք պետք է ձեռնարկեն համապատասխան գործողություններ: Տարիների մեր գործունեությամբ հասարակության մոտ կասկած չպետք է լինի, որ մենք իրականացնում ենք այդ գործառույթը:
-Արդյո՞ք տեղահանվածների փոխարեն ավելի ճիշտ չէ օգտագործել «փախստականներ» տերմինը: Ո՞ր տեմինն եք ճիշտ համարում նրանց խախտված իրավունքներն ընդգծելու համար:
-Փախստականի կարգավիճակ ստանալու համար մարդը պետք է պետական սահման հատի, այսինքն՝ եթե պատերազմի կամ այլ աղետի պատճառով անօթևան է մնացել և տեղափոխվել է այլ երկիր, քան իր հայրենիքն է: Մենք փաստացի չունենք նման իրավիճակ, ունենք բռնի տեղահանված անձինք, որոնք տեղահանվել են Արցախի Հանրապետության մի տարածքից մյուսը: Ե՛վ փախաստականի, և՛ բռնի տեղահանվածի կարգավիճակը ներհայկական միջավայրում որևէ բան չի փոխում: Նրանք երկու դեպքում էլ պետք է օգտվեն նույն աջակցություններից և արտոնություններից:
Իմ համոզմամբ «բռնի տեղահանված» տերմինը ամենաճիշտն է օկուպացված տարածքների անօթևան մնացած բնակչությանը ներկայացնելու համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր վերջնանպատակը պետք է լինի այն, որ մեր բոլոր հայրենակիցները վերադառնան ու բնակվեն Արցախում:
-Միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության ոլորտում Ձեր կրթությունը ինչքանո՞վ է օգնում ՄԻՊ-ի աշխատանքում:
-Միջազգային հարաբերությունների մասնագիտությունը համընդգրկուն է, որն իմ ուսումնառության շրջանում իր մեջ ներառել է տարբեր ոլորտներ՝ սկսած իրավաբանությունից, մինչև դիվանագիտություն ու տնտեսագիտություն: Միջազգային հարաբերությունները միայն դիվանագիտությունը չէ: Այն և՛ միջազգային իրավական, և՛ տնտեսական, և՛ քաղաքական-դիվանագիտական մակարդակն է: Ստացածս կրթությունը տվել է այն հմտությունները, որ կարողանամ այս պաշտոնում հեշտությամբ հաղթահարել իմ առջև դրված խնդիրները և առկա մարտահրավերները:
Մասնագիտության առումով լեզվի իմացությունը բավականին հեշտացնում է աշխատանքը դրսի հետ հարաբերություններում: Տարբեր կազմակերպությունների աշխատանքի ոճը, մեխանիզմներն իմանալը հեշտացնում է մեր խոսքը ավելի դյուրին տեղ հասցելը: Միջազգային իրավունքի դրույթներին ծանոթ լինելը հեշտացնում է զեկույցների պատրաստման գործընթացը: Ես ավելի կոնկրետ հենց «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության մասին խոսեցի, որովհետև այդ մասնագիտությունը կոնկրետ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար կարևոր է՝ նկատի ունենալով, որ մեր ձայնը պետք է դրսի կողմից ընկալելի և հասանելի լինի: Իսկ ՄԻՊ կառույցը հիմնականում կազմված է իրավաբան-մասնագետներից: Մենք ունենք մասնագիտական ստորաբաժանում՝ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտը, որտեղ աշխատում են բացառապես իրավաբաններ: Նրանց աշխատանքը օրենսդրությանը և իրավունքներին հետևելն է, նաև դիմումներ ընթացավորելը, մշտադիտարկումներ իրականացնելը:
Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի