35 համայնքներում բարձրացվել է ուղեւորափոխադրումների փոխադրավարձը
Գլխավոր » Երիտասարդական » 35 համայնքներում բարձրացվել է ուղեւորափոխադրումների փոխադրավարձը

35 համայնքներում բարձրացվել է ուղեւորափոխադրումների փոխադրավարձը

Արցախի 35 համայնքներում ուղեւորափոխադրումների փոխադրավարձը բարձրացել է, իսկ 2-ում՝ նվազել: Նոյեմբերի 30-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի ժամանակ ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը բարձրացրել էր վերոնշյալ հարցը:

 

«Տեղյակ չեմ, կոնկրետ ի՞նչ համայնքների եւ որքա՞ն թանկացումների մասին է խոսքը»,- հարցին ի պատասխան նշել էր ԼՂՀ Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ հարցը ուսումնասիրվելուց հետո ներկայացվելու է:

 

Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանից, սակայն, մեզ հայտնեցին, որ փոխադրավարձերը բարձրացվել են համաձայն՝ նոյեմբերի 24-ին Էկոնոմիկայի նախարարությունից ստացված փաստաթղթի:

 

Նոր փոխադրավարձերը ձեւավորվել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացած մրցույթների արդյունքում՝ լիազոր մարմնի կողմից 2011 թվականի սակագների վերահաշվարկումից եւ 2016թ. հունվարին հաստատումից հետո:

 

«2011-2016 թթ. ահագին փոփոխություններ են տեղի ունեցել պահեստամասերի, վառելիքա-քսուքային նյութերի, նվազագույն աշխատավարձերի մասով, և այս բոլորը հանդիսանում են սակագնի ձևավորման բաղադրիչներ»,- նշել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

 

Հունվար ամսից 5,2%-ով գազի սակագնի նվազեցման զուգահեռ փոխադրավարձի բարձրացումը  նախարարի տեղակալը կապում է մեկ տարի առաջ հաշվարկված արդյունքների հետ. «Մեկ տարի առաջ վառելիքի սակագինը բավականին բարձր էր»,- նշում է Տ.Գաբրիելյանը:

 

ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 35 համայնքից 4-ում փոխադրավարձը բարձրացել է 200, 22-ում՝ 100,  9-ում՝ 50 դրամ: Ինչ վերաբերում է փոխադրավարձի նվազմանը, ապա 600 դրամով նվազել է Քառվաճառի, 50 դրամով՝ Շուշիի փոխադրավարձը:

 

Արցախում տրանսպորտն անմխիթար վիճակում է, եւ այդ ուղղությամբ պետական որեւէ աջակցություն չի ցուցաբերվում: Չի բացառվում նաեւ, որ առաջիկա մրցույթներում այլ համայնքների փոխադրավարձեր նույնպես կբարձրանան:

 

«Սակագնի առավելագույն շեմն այնքան նվազագույն չափով է հաշվարկված, որ հսկայական փոփոխություններ փոխադրավարձերում տեղի չեն ունեցել»,- նշել  է  Անդրանիկ Խաչատրյանը եւ ավելացրել, որ համայքներ տանող երթուղիների 90%-ն աշխատում են ցածր շահույթի պայմաններում:

 

Ուղեւորների թվի կրճատման պատճառներից է նաեւ Արցախում ապօրինի տաքսի գործունեության ծավալումը՝ պնդում են վարորդներն ու Էկոնոմիկայի նախարարության մասնագետները: Ապօրինի գործունեությունների շարքից է նաեւ որոշ վարորդների կողմից սահմանված փոխադրավարձից ավել գումար ուղեւորներից վերցնելն է, ինչը վերահսկվում է տրանսպորտային տեսչության կողմից:

 

Տ.Գաբրիելյանի խոսքով՝ տրանսպորտի ոլորտում բացակայում է մրցակցությունը, ինչը փոխադրավարձի ձեւավորման կարեւոր գործոններից է: Իսկ կառավարության կողմից հաստատված երթուղիների ցանկից 6 երթուղի չի սպասարկվում հենց վերը նշվածից ելնելով:

 

Արցախում սովորական դարձած տրանսպորտի գնի բարձրացումը լայն քննարկման եւ դժգոհության տեղիք է տվել հասարակության տարբեր շերտերում՝ հատկապես երիտասարդների եւ թոշակառուների շրջանում: Ինչպես հայտնեցին ԼՂՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, 2017թ. պետական բյուջեում չի նախատեսվում թոշակների բարձրացում: Չի նախատեսվում նաեւ աշխատավարձերի բարձրացում: Իսկ ուսանողների եւ թոշակառուների համար  օրենքով արտոնություններ սահմանված չեն:

 

Նվեր Գյանջումյան, «Հադրութ Տրանս» ՍՊԸ-ի տնօրեն. Նախքան սակագների վերանայումը Մեծ Թաղեր համայնքի սակագնի առավելագույն շեմը 900 դրամ էր, փոխադրավարձը՝ նույնպես: Վերանայումից հետո առավելագույն սակագինը 1050 դրամ է սահմանվել, ես էլ մրցույթին փոխադրավարձի չափը 50 դրամ պակաս եմ ներկայացրել՝ 1000 դրամ:

 

Մարտունու շրջանի Աշան, Նոր շեն, Հացի համայանքները սպասարկող վարորդ Ջիվան Քոչարյան. Ուղեւորներն ուրբաթ եւ երկուշաբթի օրերն են շատ լինում: Մնացած օրերը 3 գյուղի ուղեւորներին երկուական նստարան  է հասնում: Երկար տարիներ ես վնասով եմ աշխատել: Սակայն ավելի լավ է պետությունը ճանապարհները վերանորոգի, քան թե սակագին բարձրացնի, իսկ մենք էլ չնչին եկամուտ ունենալու նպատակով 100 դրամ ավել վերցնենք ժողովրդից:

 

Զորիկ Ղազարյան, Ասկերանի շրջանի Աստղաշեն  համայնքի ղեկավար.  Տրանսպորտը թանկացել է ուղեւորների սակավության պատճառով: Արդյունքում սպասարկող կազմակերպությունները ստիպված բարձրացրել են փոխադրավարձը: Սակայն կարծում եմ, որ կատարված բարձրացման հետեւանքով ուղեւորներն ավելի  կպակասեն:

 

Մանուշ Բալասանյան, Հադրութի շրջանի Ազոխ համայնք. Ապրելով Ստեփանակերտ քաղաքում օգտվում եմ եւ քաղաքային, եւ համայնքային տրանսպորտից: Փոխադրավարձի բարձրացումը հիմնավորված չէ եւ անընդունելի է: Ընդ որում՝ սպասարկման որակում փոփոխություններ տեղի չեն ունեցել:

 

Նինել  Դանիելյան, Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնք.  Եթե չեն բարձրացվել ոչ աշխատավարձերը, ոչ էլ թոշակը, եւ չի բարելավվել սոցիալական վիճակը, ի՞նչ իրավունքով են բարձրացնում փոխադրավարձը: Առավել եւս, որ  վառելիքը էժանացել  է:

 

Թամար Սարգսյան, Մարտակերտի շրջանի Հովտաշեն համայնքի բնակիչ. Իմ աշխատանքի դիմաց չնչին գումար եմ ստանում: Իսկ համատարած բոլոր ոլորտներում ամեն ինչ թանկացվում է: Սա սովորական եւ ցավոտ իրականություն է դառնում մեր  երկրում:

 

Արտակ Իշխանյան, Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ. Եթե փոխադրավարձը բարձրացրել է համագյուղացի վարորդի առաջարկով, ուրեմն նա եկամուտ ապահովելու խնդիր ունի:

 

Լուսինե Թեւոսյան

1