34 տարի առաջ այս օրերին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը
Գլխավոր » Գաղափարական » 34 տարի առաջ այս օրերին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը

34 տարի առաջ այս օրերին ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը

34 տարի առաջ այս օրերին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:

Արթուր Մկրտչյանը ղեկավարեց ընդամենը 98 օր։ Նա իրենից հետո թեև ոչ մեծ, բայց թողեց քաղաքական և բարոյական ժառանգություն:

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի (ԳԽ) ընտրություններից հետո հունվարի 6-ին, Ստեփանակերտում` նախկին մարզխորհրդի նիստերի դահլիճում, «Հայր մեր» տերունական աղոթքով աշխատանքն սկսեց ԼՂՀ առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը: Հունվարի 7-ի նիստում պատգամավորները ձեռնամուխ եղան ԳԽ նախագահի ընտրության հարցի լուծմանը: Առաջադրվեցին 7 թեկնածուներ` Լեոնարդ Պետրոսյան, Օլեգ Եսայան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Մկրտչյան, Լևոն Մելիք-Շահնազարյան, Արկադի Մանուչարով և Շահեն Մեղրյան: Թեկնածուներից հինգը ինքնաբացարկ հայտարարեցին, և մնացին Արթուր Մկրտչյանն ու Լեոնարդ Պետրոսյանը: Մի քանի անգամ քվեարկություն կատարվելուց հետո 42 ձայնով ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ ընտրվեց ՀՅԴ անդամ, պատմական գիտությունների թեկնածու, 33-ամյա Արթուր Մկրտչյանը:

Ստեղծվեց նաև Նախարարների խորհուրդ (ՆԽ), որի նախագահ հաստատվեց Օլեգ Եսայանը, իսկ տեղակալ` Բորիս Առուշանյանը: Ընտրված պատգամավորների մեծամասնությունը ՀՅԴ անդամներ էին, և ԳԽ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելով, ՀՅԴ-ն որոշում ընդունեց երկրում ներքաղաքական կայունությունը պահպանելու, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ կանոնավոր հարաբերություններ ստեղծելու նպատակով՝ մի շարք կարևոր պաշտոններ, այդ թվում ՆԽ նախագահինը, հանձնել մյուս քաղաքական ուժերին:

Հունվարի 17-ի նիստում ԼՂՀ ԳԽ նախագահի տեղակալ ընտրվեց ՀՅԴ անդամ Գեորգի Պետրոսյանը, քարտուղար՝ պատմական գիտությունների թեկնածու, անկուսակցական Վլադիկ Հակոբյանը (Հակոբյան Տ., նշվ. աշխ., էջ 38):

ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը կատարեց առաջին պաշտոնական այցը Երևան: Պաշտոնական տեղեկագրերում մանրամասություններ չեն պահպանվել նաև այդ այցի վերաբերյալ: Սակայն գոյություն ունեն տեսակետներ այն մասին, թե ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արթուր Մկրտչյանին ընդունել է խիստ սառը և պահանջել հրաժարական տալ (Հակոբյան Տ., նշվ. աշխ., էջ 42):

Հատվածներ Տարոն Հակոբյանի գիտական հոդվածից՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) փոխհարաբերությունները և դրանց ազդեցությունը Արցախում պետական շինարարության գործընթացի վրա (1991-1992 թթ.), ԱրՊՀ «Գիտական տեղեկագիր», Ստեփ., 2022, պրակ 2, էջ 131-147:

1