31 տարի, ամեն կիրակի՝ միեւնույն արահետով…
Գլխավոր » Լրահոս » 31 տարի, ամեն կիրակի՝ միեւնույն արահետով…

31 տարի, ամեն կիրակի՝ միեւնույն արահետով…

31 տարի։ Ամեն կիրակի։

Արցախյան շարժման եւ պատերազմի առաջամարտիկ, Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ինքնապաշտպանական ջոկատի ակտիվ անդամ, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր, հետմահու «Արիության համար» մեդալով պարգեւատրված Մելսիկ Բաղրամյանի ու Ֆլորա Ահարոնյանի պատմությունն այսպես է սկսվում։

Հանդիպում

1987 թվականին Ահարոնյանների ընտանիքի հեռուստացույցի փչանալը պատճառ էր Վանք գյուղում բնակվող, Երեւանի էլեկտրատեխնիկական տեխնիկումում ուսանած Մելսիկ Բաղրամյանին դիմելու։ Խնդիրը մի քանի րոպեում շտկելու՝ Ահարոնյանների ակնկալած ժամկետը, սակայն, տեւեց մեկ շաբաթից ավելին։  Պատճառը կարմիր շորն էր…

«Չնայած Մելսիկի հետ նույն դպրոցում էինք սովորել, բայց նա մի քանի դասարան բարձր էր, եւ չէինք ճանաչում իրար։ Տանը մենակ էի, երբ եկավ հեռուստացույցը սարքելու։ Հագիս կարմիր շոր էր։ Ինձ ոտքից գլուխ չափելուց հետո՝ ասաց՝ դուն կրակ, հագածդ կրակ: Ամաչեցի: Քիչ անց զրույցի բռնվեցինք, ու այդպես՝ մեկ շաբաթից ավելի, մինչեւ որ հայրիկս նշանակեց հեռուստացույցի վերանորոգման վերջնաժամկետ»,- պատմում է Ֆլորա Ահարոնյանը։

 

Հաղթական ծաղիկներ

Ահարոնյանների տան երկու դստրերը գրեթե միաժամանակ են սկսել ընկերություն անել տղաների հետ։ Թեկնածուների սիրահետումները համեմատվում ու չափվում էին Ահարոնյանների գրեթե ողջ ազգով։ Երկար ու ձիգ քննարկումների արդյունքում հաղթության պսակը գրեթե միշտ շնորհվում էր Մելսիկին։

«Մելսիկը ծաղիկներ շատ էր սիրում։ Հարեւանի ջերմոցի ծաղիկներից պատրաստված ծաղկեփնջերը ամեն առավոտ հայտնվում էին իմ պատշգամբի գոգին։ Քույրիկս միշտ օրինակ էր բերում Մելսիկին եւ նեղանում իր ընկերոջից, որ նա ծաղիկներ չի նվիրում իրեն, ինչին ի պատասխան՝ նրա ընկերն ասում էր՝ ինչիդ են պետք ծաղիկները, մեկ է՝ կթառամեն, կգնան։ «Թառամեն՝ նորից կնվիրեմ» շտապում էր միջամտել Մելսիկը։ Այդ խոսակցությունից հետո պատուհանագոգին հաճախ էին հայտնվում երկու ծաղկեփնջեր՝ մեկն ինձ, մյուսն էլ քույրիկիս: Այդ ավանդույթը շարունակվում էր ինչպես նշանված, այնպես էլ ամուսնական տարիներին»,-ասում է Ահարոնյանը։

Վստահությունն ու շարժման ձայնը

Նշանդրեքից մի քանի օր հետո Մելսիկ Բաղրամյանը մեկնել է Ստեփանակերտ ու այնտեղից զանգել Ֆլորային, ասել, որ իր անվան դիմաց ստորագրություն է դրել:

«Ես էլ՝ ի պատասխան ասացի՝ եթե գտնում ես, որ պետք է ստորագրեիր, ես քեզ լիովին վստահում եմ, ուրեմն ճիշտ ես արել: Հետագայում եմ իմացել, որ այդ ստորագրությունը Արցախը Հայաստանին միավորելու ստորագրաթերթիկում է դրվել: Ավելի ուշ իմացա, որ 1987-ին հենց ինքն է Վանք գյուղում նախաձեռնել ու կազմակերպել Արցախը Հայաստանին միավորելու ստորագրահավաքը, ինչի համար մի քանի անգամ հրավիրվել է Մարտակերտի ազգային անվտանգության ծառայություն եւ ստացել զգուշացում: Սպառնալիքներն անուշադրության մատնելով՝ շարունակել է իր գործը՝ ասելով, որ սա դեռեւս սկիզբն է. շարժման ձայնը հետո կլսվի»,-ասում է ֆլորա Ահարոնյանը։

Ցույցերը

Մելսիկ Բաղրամյանի նպատակը մեկ ամբողջական, անկախ հայրենիք ունենալն էր: Ասում էր, որ աշխարհը հայ մարզիկներին, գիտնականներին պետք է իմանա՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ ոչ թե՝ Սովետական Միության:

«1988-ի փետրվարի 12-ի երեկոյան ասաց, որ վաղը մեկնելու ենք Ստեփանակերտ: Ես էլ ուրախացա, քանի որ 13-ին քույրիկիս ծնունդն էր: Առավոտյան Ստեփանակերտ հասնելուն պես շտապեց ինչ-որ տեղ. գնալուց էլ ասաց, որ ժամը 11-ին հրապարակ գամ ու գտնեմ իրեն այնտեղ: «Կգաս, կիմանաս»՝ եղավ «ի՞նչ կա հրապարակում» հարցի պատասխանը: Այդպես, փետրվարի 13-ից մինչեւ մարտի 2-ը մասնակցել ենք ցույցերին»,- պատմում է Ֆլորա Ահարոնյանը:

«Տնից մեկը կլինի դաշնակցական»

«Մելսիկի ընկերը՝ Աբել Հայրապետյանը մի օր ասաց, որ Մելսիկը անդամավճարը չի վճարել: Ասաց ու հասկացավ, որ տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը: Իսկ խոսքը ՀՅ Դաշնակցության անդամագրման մասին էր: 1990 թվականի սկզբին է տվել երդումը: Ես էլ էի միշտ համակրում այդ կուսակցությանը, եւ ամուսնուս անդամակցումը իմ մոտ ցանկություն առաջացրեց՝ կուսակցական երդում տալու, բայց՝ «Տնից մեկը կլինի Դաշնակցական»,- եղավ Մելսիկի պատասխանը,- պատմում է Ֆլորան, որը պահել է ամուսնու խոսքը եւ ՀՅ Դաշնակցությանը անդամակցելու իր կուսակցական երդումը տվել է միայն ամուսնու զոհվելուց հետո,- Ես էլ Մելսիկի նման ըմբոստ ոգի ունեմ եւ անդամակցելով կուսակցությանը՝ ինչ-որ չափով փորձում եմ շարունակել նրա կիսատ թողած գործը»:

Մարտական ուղին՝ առանց հրաժեշտի

1992-ի դեկտեմբերի վերջին է ձեւավորվել Վանք գյուղի ինքնապաշտպանական ջոկատը: Առաջին անդամակցողներից էր զենքերի պատրաստման գործում վարպետ Մելսիկ Բաղրամյանը: Գիտեր՝ ինչով պայթեցնել, ինչքան պայթուցիկ դնել:

Հատուկ հանձնարարականներ հաճախ էր ստանում: Երեք ընկերների հետ Վաղուհասի մոտակայքի Կարմիր քար կոչվող տեղամասում հող էր մշակել՝ նպատակ ունենալով ոչ թե բերք ստանալ, այլ օգնել Քարվաճառի կողմից եկող՝ մարտական գործողություններ կատարած զինվորներին՝ կազմակերպում տղաների անվտանգ տեղափոխումը:

Հերթական մարտական հրաման կատարելու ընթացքում Մելսիկը աչքի բեկորային վիրավորում է ստանում ու տեղափոխվում Ստեփանակերտ:

Սկզբում Ստեփանակերտի, այնուհետեւ Երեւանի բժիշկների բոլոր գործողությունները ապարդյուն էին: Մելսիկի մյուս աչքը փրկելու համար վիրավոր աչքը հեռացնում են: Այդ հանգամանքը, սակայն, պատճառ չէր ձեռքերը ծալելու եւ նստելու:

Կնոջ եւ ծնողների խնդրանքները եւս չօգնեցին: Մելսիկը մտնում է տանկային գումարտակ՝ Նորայր Դանիելյանի հրամանատարության ներքո: 1993 թվականի փետրվարի 5-ին Դրմբոն-Չլդրանի եւ Հաթերքի ձորակի մյուս բնակավայրերի ազատագրման գրոհի ժամանակ Մելսիկն ու անձնակազմի մյուս անդամները Վանք գյուղի բարձունքում արկի հրազենից վիրավորվում են:

Անձնակազմի տղաներից մեկը զոհվում է տեղում: Վիրավորներին տեղափոխող մեքենան անցնում է Մելսիկի տան դարպասի մոտով: Մելսիկը դեռ կենանի էր. խնդրում է տեղափոխողներին կանգնեցնել՝ ասելով, որ կինը տանն է: Տղաները, սակայն, չեն լսում նրան:

Երբ Ֆլորան հասնում է Ստեփանակերտի հոսպիտալ, Մելսիկն արդեն կենդանի չի լինում…

«Մելսիկը տան միակ արու զավակն էր եւ իր ընդհատակյա գործունեությունը թաքուն էր պահում ծնողներից: Հատուկ հանձնարարականներ կատարելուց՝ երեկոյան էր գնում տնից: Սպասում էր մինչեւ ծնողները քնեն եւ ասում էր ինձ, որ եթե հանկարծ նրանք իմանան, որ տանը չի եղել, կարող եմ շորերս հավաքել եւ գնալ հորս տուն։ Ես էլ անհանգիստ ամբողջ գիշեր ոտքերիս ծայրերի վրա այս ու այն կողմ էի գնում՝ դեպի Գանձասարի վանքը նայող պատշգամբում մոմ վառելով ու աղոթելով՝ «Աստված, պահիր մեր եկեղեցին, որ Սուրբ Գանձասարը պահապան լինի մեր զինվորներին»…»,-պատմում է Ֆլորան:

Միեւնույն արահետը

Գանձասարի վանքը Մելսիկի ու Ֆլորայի պատմության անբաժանելի մասն է: «Հո սրբազանը մենա՞կ չի պատարագ անելու»,-ասում էր Մելսիկը եւ Ֆլորայի հետ ընկերություն անելու, նշանված ու ամուսնացած տարիներին ամեն կիրակի ոտքով բարձրանում համալիր, մասնակցում պատարագի, մոմ վառում:

Ֆլորան հավատը չկորցրեց նաեւ ամուսնու զոհվելուց հետո: Մինչ օրս ամեն կիրակի միեւնույն արահետով շարունակում է գնալ Գանձասարի Սուրբ վանքը, իսկ այնտեղից այցելում է ամուսնու գերեզման՝ ծաղիկներ ձեռքին: 2016-ին կիրակնօրյա բաժիններին ավելացել են նաեւ աշխատանքային օրերը. Ֆլորան աշխատանքի է անցել Վանք գյուղի Գանձասար գիտամշակութային կենտրոնում։

«Նրա հետ ապրած 6 տարիների ընթացքում ես այնքան ծաղիկ ու սեր եմ ստացել նրանից, որ ինձ բավարարեց ամբողջ կյանքիս համար, եւ եթե առաջ նա էր ինձ ծաղիկ նվիրում, ապա հիմա՝ ես նրան,- ասում է Ֆլորան,- ես միշտ մերժել եւ բացառել եմ հարազատներիս՝ կյանքս դասավորելու հորդորները: Մելսիկը եզակի անձնավորություն էր մարդկային բոլոր առումներով, եւ այդպիսի երկրորդ մարդ չի ծնվի: Միշտ աշխատել եմ բարձր պահել նրա պատիվը»:

Մելսիկն ու Ֆլորան զավակ չունեցան: Այն, ինչ մնացել է Ֆլորային Մելսիկից, հիշողություններն են, վերարկուն, մի քանի լուսանկարը, ու Գանձասարի վանքը, որի հավատարիմ այցելուն է՝ արդեն 31 տարի…

***

31 տարի։ Ամեն կիրակի:

Մելսիկ Բաղրամյանի ու Ֆլորա Մարտիրոսյանի պատմությունն այսպես է սկսվում, ավարտվում-չավարտվում, շարունակվում…

Լուսինե Թեւոսյան

1