3-րդ դպրոցում բացվել է հայերենում տարածված լեզվական սխալների արահետ
Գլխավոր » Լրահոս » 3-րդ դպրոցում բացվել է հայերենում տարածված լեզվական սխալների արահետ

3-րդ դպրոցում բացվել է հայերենում տարածված լեզվական սխալների արահետ

Այսօր՝ ապրիլի 5-ին, Ստեփանակերտի Ա․Ս․ Գրիբոյեդովի անվան համար 3 միջնակարգ դպրոցում «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից հայտարարված մրցութային ծրագրի շրջանակում բացվել է «Լեզվի արահետ»։

Նախքան արահետի բացումը, որն իրենից ներկայացնում է տարածված լեզվական սխալների արահետ, աշակերտները հայոց լեզվի ուսուցչուհի Հեղինար Գրիգորյանի հետ մասնակցել են հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթին, հաղթող ճանաչվել և ստացել ֆինանսավորում՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։

«Լեզվի արահետ»-ի բացմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը, ԱՀ ԿԳՄՍՆ Լեզվի տեսչության ներկայացուցիչ Գենյա Գալստյանը, «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի առաջնորդության զարգացման ղեկավար Թամարա Գրիգորյանը, ԴՀ Արցախի գրասենյակի պատասխանատու Արմեն Հովհաննիսյանը, դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը, ծնողներ։

Դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանն իր խոսքում նշեց, որ զարմացած և հիացած է, որ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել 9-րդ Բ դասարանի չարաճճի աշակերտների հետ։

«Հայոց լեզվի ուսուցչուհի Հեղինար Գրիգորյանի ջանքերի շնորհիվ աշակերտները սիրեցին հայոց լեզուն, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել»,-ասել է Ն․ Սարգսյանն ու շնորհակալագիր հանձնել Հեղինար Գրիգորյանին։

Ծրագրի մասնակից աշակերտները նշեցին, որ «Լեզվի արահետ»-ի բացման համար կատարել են քննարկումներ, զրույցներ՝ ծնողների, աշակերտնրի և տնօրենության շրջանում, ինչը նրանց համար ամենահետաքրքրականն ու ոգևորիչն էր։

Կատարած աշխատանքի արդյունքն այն էր, որ աշակերտները պարզեցին՝ տարածված են լեզվական սխալները, ուստի որոշեցին խնդրին որոշակի լուծում տալ լեզվի արահետ հիմնելով։

Ուսուցչուհի Հեղինար Գրիգորյանը նշեց, որ «Լեզվի արահետ»-ն ուսումնասիրելուց 1 ամիս հետո աշակերտների և ուսուցիչների միջև անց է կացվելու մրցույթ, որի հարցերը լինելու են արահետում տեղ գտած սխալներից։

Միջոցառումը համեմված էր ազգային պարերով ու երգերով։ Հատկանշական է, որ ռուսական թեքում ունեցող դպրոցում ուսուցչի ջանքերով փորձ է արվում աշակերտների շրջանում ոչ միայն արթնացնել սեր հայոց լեզվի նկատմամբ, այլև նրանց մոտեցնել իրենց արմատներին ու ազգային արժեքներին։

Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը ողջունեց արահետի բացման գաղափարն ու նշեց, որ միջոցառումը մեր լինելիության առհավատչյան է․

«Մենք կանք, մենք ապրում ենք։ Հայերը պատմության քառուղիներում միշտ եղել են խոցված, կողոպտված, սակայն կարողացել են անկողոպտելի պահել մեր անաղարտ հայոց լեզուն։ Այսօրվա ձեր միջոցառումն առհավատչյան է նրան, որ մենք շարունակում ենք ապրել ու արարել, պահել ու պահպանել մեր հայ լինելն ու հայերենը Արցախ աշխարհում»,-ասել է Թ․ Ղարախանյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Հեղինար Գրիգորյանին՝ աշակերտներին հայեցի կթելու համար՝ մաղթելով ուժ ու կորով։

«Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի առաջնորդության զարգացման ղեկավար Թամարա Գրիգորյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց աշակերտներին՝ իրենց կատարած տեսանելի աշխատանքի համար։ Նա շնորհակալություն հայտնեց նաև դպրոցի անձնակազմին՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ի ծրագրերին օժանդակելու համար։

1