28 տարի առաջ ամրագրվեց Հայաստանի ու Արցախի հաղթանակը, որը փոշիացավ 2018-ին
Գլխավոր » Լրահոս » 28 տարի առաջ ամրագրվեց Հայաստանի ու Արցախի հաղթանակը, որը փոշիացավ 2018-ին

28 տարի առաջ ամրագրվեց Հայաստանի ու Արցախի հաղթանակը, որը փոշիացավ 2018-ին

1994թ. մայիսի 5-ին Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երեւանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Եռակողմ փաստաթղթում մասնացորապես ասվում է. «Արձագանքելով Բիշքեքում 1994թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված` կրակը դադարեցնելու մասին կոչին եւ հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը՝ հակամարտող կողմերը պայմանավորվել են հետեւյալի մասին`

1. Ապահովել հրադադար եւ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակը դադարեցնելու մասին համապատասխան հրամանները կտրվեն ու կհասցվեն զինված կազմավորումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց կատարման համար, ոչ ուշ, քան 1994թ. մայիսի 11-ին:

Մայիսի 12-ին մինչեւ 23.00-ն կողմերը կփոխանակեն կրակը դադարեցնելու մասին հրամանների տեքստերը հետագայում այն լրացնելու եւ նմանատիպ փաստաղթերի հիմնական դրույթները ունիֆիկացիայի ենթարկելու նպատակով:

2. Խնդրել ՌԴ պաշտպանության նախարարին` մայիսի 12-ից ոչ ուշ հրատապ խորհրդակցություն հրավիրել Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջեւ` նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի տարանջատման սահմանները, ռազմատեխնիկական այլ հրատապ հարցերն ու նախապատրաստելով միջազգային դիտորդների առաջատար խմբի ծավալումը:

3. Այս պայմանավորվածությունը կօգտագործվի բանակցությունները 10 օրվա ընթացքում ավարտելու եւ մայիսի 22-ից ոչ ուշ Ռազմական հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար:

4. Սույն պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այն բանից անմիջապես հետո, երբ Միջնորդը կիրազեկի, որ հակամարտող կողմերից ստացել է լիովին համարժեք փաստաթղթեր` ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:

1994 թ. մայիսյան զինադադարի վերաբերյալ գնահատականները ինչպես դրանից հետո, այնպես էլ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմից հետո, տարբեր են:

Որոշները հայտարարում են, որ մայիսի 12-ի զինադադարը պարտադրված էր, և պարտություն էր Հայաստանի ու Արցախի համար, քանզի հայկական զորքերի հաղթական գործողությունները պարարտ հող էին նախապատրաստում մինչև Կուր գետ հասնելու համար:

Ըստ այլոց֊ մայիսի 12-ը հաղթանակ էր, որը ստիպեց Ադրբեջանին հրաժարվել զենքով Արցախը օկուպացնելու իր ծրագրերից` պարտադրելով վերջինիս նստել բանակցային սեղան:

Նշում էին, որ հայկական կողմի համար միջազգային իրավունքի տեսանկյունից դժվար է լինելու ամրագրելու հաղթանակները Արցախի 7 շրջաններում, իսկ մինչև Կուր տարածքներ ազատագրելը ռոմանտիզմ են, որն ահնար կլիներ բացատրել միջազգային հանրությանը` դառնալով հավելյալ ճնշման ու սահմանափակումների պատճառ առանց այդ էլ երկու փակ սահման ունեցող երկրի համար:

Բացի այդ, որոշներն էլ պնդում էին, որ Հայաստանն ու Արցախը, ինչպես Ադրբեջանը, հյուծվել էր մոտ 4 տարի շարունակվող դաժան պատերազմից, իսկ պատերազմը նման ձևով ավարտելը (թեկուզ ժամանակավոր) ձեռնտու է Հայաստանին:

Զինադադարից հետո հանրության և քաղաքագիտական շրջանում, ոչ անհիմն, անհանգստության տեղիք էր տալիս այն փաստը, որ պատերազմը չի ավարտվել և օրերից մի օր այն կպայթի:

Հայաստանի իշխանությունները, հատկապես երկրորդ և երրորդ նախագահների օրոք, կարողացել էին համապատասխան դիվանագիությամբ պահպանել արցախյան պատերազմում ձեռք բերած հաջողությունները` չնայած միջազգային ճնշմանը:

20 տարուց ավել տևած բանակցությունների արդյունքում միջազգային հանրությունն արդեն ընդունել էր այն փաստը, որ արցախահայությունն ունի ինքնորոշման իրավունք, առավելապես քննարկվում էր, թե ինչ տարածքի վրա է դա տեղի ունենալու` նախկին ԼՂԻՄ-ի, ԼՂԻՄ-ի + Քարվաճառ-Քաշաթաղ շրջաններում (Հայաստանի հետ ցամաքային սահմանի համար), ԼՂԻՄ + Բերձորի լայն միջանցք (նվազագույնը 20 կմ):

Սակայն 2018 թ. ապրիլ-մայիսին երկրում իշխանությունն անցնում է թուրք-ադրբեջանական գաղափարների կրողներին` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ում կարճատև կառավարման ընթացքում Արցախյան հակամարտության շուրջ ձեռք բերված բոլոր ձեռքբերումները ջուրը գցվեցին` Ադրբեջանին և Թուրքիային հնարավորություն տալով պատերազմ սանձազերծել, որն աղետալի դարձավ Հայաստանի և Արցախի համար:

2020 թ. նոյեմբերի 10-ի փաստաթուղթը որոշ չափով հիշեցնում է 1994 թ. մայիսի զինադադարը, այն, թեկուզ ամբողջությամբ իր հակահայկական և կապիտուլացիոն բնույթով, ոչ մի կերպ չի լուծում Արցախի ապագայի հարցը` այն բաց պահելով հետագա տարիների համար:

Սակայն Հայաստանին և Արցախին կործանման հասցրած իշխանությունները, որոնք մինչ օրս իշխում են երկրում, անընդունակ են Հայաստանի և Արցախի ապագայի հարցում հայանպաստ որոշումներ կայացնել և բանակցել, իսկ Արցախի հարցում նժարը դարձյալ Հայաստանի կողմը թեքվելը կախված է միայն այս իշխանությունների հեռացմամբ:

Yerkir.am

1