26.000.000 դրամի օժանդակություն՝ «Օգնիր հայրենակցիդ» ծրագրով. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի և ՀԵՄ-ի ընթացիկ հաշվետվությունը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ներկայացրել են «Օգնիր հայրենակցիդ — #Միասինկհաղթենք» ծրագրի ընթացիկ հաշվետվությունը, որը ներկայացնում ենք ստորև.
Սիրելի hայրենակիցներ,
Ապրիլի 16-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ և ՀՅԴ մարզային կառույցների օժանդակությամբ մեկնարկեց «Օգնիր հայրենակցիդ — #Միասինկհաղթենք» ծրագիրը, որի նպատակը Հայաստանում բնակվող սոցիալապես անապահով և ճգնաժամի առջև միայնակ մնացած ընտանքիներին օգնության տրամադրումն էր։
Ծրագրի շրջանակներում մեկնարկեց հանրային դրամահավաք, որից գոյացած միջոցներով պատրաստվում են առաջին անհրաժեշտության պարենամթերքով արկղեր և ուղղվում տարբեր մարզերում բնակվող մեր հայրենակիցներին։
Մինչ այս պահը ընդհանուր առմամբ նվիրատուների շնորհիվ մուտքագրվել է շուրջ 26.000.000 դրամ: Սույն աշխատանքներում իրենց նյութաբարոյական աջակցությունն են ցուցաբերել ՀՄԸՄ-ի Հայաստանի կառույցը և Հայ Օգնության Միությունը (ՀՕՄ):
Արդյունքում մեր նվիրատուների կողմից տրված միջոցների շնորհիվ մինչ այս պահը հնարավոր է եղել օժանդակել շուրջ 2700 ընտանիքի , որոնք մենք հասցրել ենք Հյաստանի 8 մարզերում և Երևանում բնակվող ընտանքիների։
Ստորև ներկայացնում ենք օժանդակությունն ըստ մարզերի.
- Վայոց Ձոր- 155 ընտանիք
- Տավուշ- 285 ընտանիք
- Գեղարքունիք-306 ընտանիք
- Շիրակ-354 ընտանիք
- Կոտայք-85 ընտանիք
- Լոռի-482 ընտանիք
- Արագածոտն-265 ընտանիք
- Սյունիք-300 ընտանիք
- Երևան-170 ընտանիք
- Երևան, Հայրենադարձներ 265 ընտանիք
Ա փուլի շրջանակում ծրագիրը կամբողջանա Տավուշի և Կոտայքի մարզերում, իսկ Արմավիրի և Արարատի մարզերում ծրագիրն ամբողջությամբ կիրագործվի առաջիկա ժամանակներում:
Ծրագիրն այժմ էլ ընթացքի մեջ է։ Սակայն ներկա պահին նկատի ունենալով Լիբանանի և Սիրիայի հայկական համայնքներում ստեղծված իրավիճակը, մեր ջանքերն ուղղել ենք վերոհիշյալ համայնքներին մեր կարողությունների սահմաններում օժանդակելուն:
Մենք վճռական և անկոտրում ենք՝ երկու ուղղություններով շարունակելու մեր աշխատանքները:
Այս ծրագիրը հնարավոր է դարձել իրագործել բացառապես մեր նվիրատուների շնորհիվ, ովքեր այս դժվարին ժամանակաշրջանում մեզ են վստահել հայրենակիցներին օգնելու պարտավորությունը։ Սփյուռքի տարբեր համայնքներում, հատկապես՝ ԱՄՆ-ի Արևմտյան շրջանում, շարունակվում է «Օգնիր հայրենակցիդ — #Միասինկհաղթենք» նվիրահավաքի աշխատանքները: Կրկին անգամ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նվիրատուներին և ՀՅԴ համահայկական կառուցին, որի միջոցով հնարավոր եղավ կազմակերպել և իրագործել այս կարևոր ծրագիրը:
Կից ներկայացնում ենք մինչև այս պահը ծրագրին գումար նվիրաբերածների ամբողջական ցանկը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական և
Հայաստանի երիտասարդական միություններ