2023-ի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի զոհ դարձան արցախցի ոստիկանները․ այսօր նրանց հիշատակի օրն է

2023-ի մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, դիվերսիոն խումբը հարձակվել է Ստեփանակերտից դեպի Լիսագոր ուղևորվող ԱՀ ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելով ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանին, ոստիկանության մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանին և ոստիկանության լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանին, իսկ ոստիկանության լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանին պատճառել է մարմնական վնասվածքներ։
Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը` «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1-1.5 կմ-ի վրա է: «Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս` Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ է, իսկ մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է:

Արմեն Մայորի Բաբայան
Ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին: 1993-1996թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ. Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժինը:
1999 թվականին ծառայության է ընդունվել ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումում: Ոստիկանության համակարգում ծառայել է մինչև 2008 թվականը, այնուհետև ծառայությունը շարունակել ԼՂՀ ԱԱԾ-ում/2008-2012թթ/:
2014 թվականից ծառայության է անցել Ոստիկանության պետական պահպանության վարչությունում իսկ 2015 թվականից ծառայությունը շարունակել Ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնում:
2018 թվականին նշանակվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետ:
Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության փոխգնդապետի կոչում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:
.jpg)
Դավիթ Վալերիի Դանիելյան
Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին: 2004-2006թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2002 թվականին ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի տեսական տնտեսագիտություն բաժին և 2008թ-ին ավարտել իրավագիտություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում:
2010 թվականին ծառայության է անցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում:
2019 թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության մայորի կոչում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:
.jpg)
Արարատ Թելմանի Գասպարյան
Ծնվել է 1997 թվականի հուլիսի 1-ին: 2015-2017թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2022 թվականին ավարտել է Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանը:
2019 թվականին ծառայության է ընդունվել Ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում, այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 8-ից ծառայությունը շարունակել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում:
2022 թվականին նշանակվել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի տեսուչի պաշտոնին՝ լեյտենանտի կոչումով:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով:
.jpg)