2022 թվականին կունենանք բոլորովին այլ Հայաստան
Գլխավոր » Հասարակական » 2022 թվականին կունենանք բոլորովին այլ Հայաստան

2022 թվականին կունենանք բոլորովին այլ Հայաստան

lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը

— Պարոն Ռուստամյան, որքանո՞վ եք հավանական համարում, որ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին 24-ին՝ հաշվի առնելով տեղեկատվական այն հոսքերը, որ հնարավոր է Մալթան և Լյուքսեմբուրգը չհասցնեն թարգմանել համաձայնագրի տեքստը։ Հնարավո՞ր է՝ սա պատճառ դառնա համաձայնագրի ստորագրումը հետաձգելու համար։

— Չեմ կարծում։ Դա ԵՄ-ի ներքին ընթացակարգն է, և մենք այստեղ խնդիր չունենք։ Մենք ստորագրում ենք, և այդ պահից սկսած՝ ԵՄ տարբեր երկրներ իրենց ընթացակարգով պետք է վավերացնեն։ Եվ եթե մի քանի երկիր հետ ընկնի և վավերացումը ձգձգվի, դա չպետք է խոչընդոտի բուն ստորագրման փաստը։ Ստորագրելուց հետո է սկսում այդ գործընթացը, այնպես որ, ես չեմ կարծում, որ դա խանգարի։ Իսկ այդ պայմանագիրը մեզ համար շատ կարևոր է, մեզ համար այլընտրանք է, և բոլոր այն խոսակցությունները, թե իբր Հայաստանը միայն մեկ վեկտորով է առաջ գնում, կդադարեն։ Մենք միշտ կողմ ենք եղել և հիմա էլ ամեն ինչ անելու ենք, որ այս պայմանագիրն անպայման ստորագրվի և իր ամբողջ բովանդակությամբ լիարժեք կյանքի կոչվի։

— Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարում է, թե այս համաձայնագիրը վտանգ է մեր ինքնիշխանությանը, մինչդեռ ռուսամետ գործիչները ԵԱՏՄ-ի դեպքում դա որևէ կերպ չէին հիշատակում։ Ինչո՞ւ։

— Այսամետ-այնամետները միշտ նման դեպքերում մեկը մյուսի դեմ են դուրս գալիս, բայց մենք երկուսին էլ կողմ ենք, որովհետև երկուսի մեջ էլ տեսնում ենք հայության և Հայաստանի շահը, և սա գնալով ավելի ակնհայտ է դառնալու, իսկ ինքնիշխանության մասին խոսելը, բնականաբար, միշտ կարող է հրապարակ գալ, եթե դու միջազգային կառույցի մեջ ես մտնում, դու քո ինքնիշխանությունից զիջում ես մի բան։ Դա պարտադիր պահանջ է։ Դրա այլընտրանքն այն է, որ ընդհանրապես մեկուսանաս, որևէ կառույցի մեջ չլինես, բայց աշխարհում այդպիսի երկիր կա՞, չկա։ Բոլորն էլ իրենց ինքնիշխանության մի մասը զոհում են։

— Կա՞ համաձայնագրում դրույթ, որ վերջին րոպեին կարող է Ռուսաստանի կողմից ճնշման պատճառ հանդիսանա, և այն կյանքի չկոչվի։

— Տեքստի մեջ որևէ վտանգ չեմ տեսնում, իսկ կյանքի կոչելը կապված է մեր երկու կողմերի արդյունավետ գործունեությունից։ Սա չի նշանակում, որ ստորագրվեց, հաջորդ պահին պետք է կյանքի կոչվի, որովհետև այնտեղ այնպիսի հարցեր կան, որոնք լուրջ գործընթաց են ենթադրում և գործողությունների հստակ ծրագիր, որը սրանից պետք է բխի և իրականացվի։ Այսինքն՝ ես այստեղ որևէ վտանգ այս իմաստով չեմ տեսնում, և կարծում եմ, որ սրանք ոչ թե մեկը մյուսին խանգարող, այլ լրացնող գործընթացներ են։ Այսինքն՝ մենք ստորագրում ենք այս պայմանագիրը՝ արդեն ԵԱՏՄ մեջ լինելով։ Եվ ուրեմն ամեն ինչ հաշվի է առնված, որ Հայաստանը մեկ ոտքով այնտեղ է, մյուս ոտքով կարող է այստեղ լինել։ Սրանք և..և-ի տրամաբանությամբ պետք է լինեն, ոչ թե իրար բացառող։ Այդ ամենի հատումը կա, մեր շահը այդտեղ ակնհայտ երևում է, պետականաշինության, անգամ անվտանգության հարցերի հետ կապված փոխլրացնող իրավիճակներ են առաջանալու, և կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չի կարող առաջանալ։

— Շատերը նշում են, որ համաձայնագիրը կստորագրվի, բայց իրականություն չի դառնա, իշխանությունը չի կատարի այդ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Որքանո՞վ քաղաքական կամք կլինի այն կյանքի կոչելու համար։

— Հայաստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, այս բոլոր գործընթացները սկսելու համար պետք է նախևառաջ ստեղծի իրավապայմանագրային համապատասխան դաշտ։ Մենք իրավական դաշտը ստեղծել ենք սահմանադրությունն ընդունելով։ Հենց նույն այդ փոփոխությունները, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավական պետության կայացման հետ կապված, սրանց հիմքերը մենք արդեն սահմանադրությամբ դրել ենք։ Դրա համար ենք մենք ԵՄ-ի հետ այս համաձայնագիրը կարևորում, որովհետև այդ արժեհամակարգն այդ մասով ամբողջությամբ վերցված է եվրոպական արժեհամակարգից, պառլամենտարիզմի ավանդույթներից։ Հիմա մեր այս փուլը տեղայնացման փուլն է, այսինքն՝ կատարել քայլեր, որոնք նորից եվրոպական առաջադեմ փորձին համապատասխանող են լինելու և մեր այսօրվա օրակարգին էլ են համապատասխանում, որովհետև մենք ինքներս խնդիր ունենք սահմանադրությունը կյանքի կոչելու։ Եվ սահմանադրությունը կյանքի կոչելու փուլում մենք ձեռք ենք բերում մի գործընկեր, որը դրա լավագույն մասնագետն է և ունի լավագույն փորձը պառլամենտարիզմի մասով։ Եվ ուրեմն, ընդհակառակը, սա մեզ լավ դաշտ և հնարավորություն է տալու, որ կարողանանք այն գործընթացը, որ ինքներս ունենք՝ կյանքի կոչել սահմանադրությունը, այս համաձայնագրով շատ ավելի հստակ և ուղղորդված և վերահսկվող պրոցեսով ավարտին հասցնել։ Այնպես որ, ես վստահ եմ, որ սա ավելի է մեծացնելու մեր երաշխիքները, որ այն, ինչ մենք ընդունել ենք սահմանադրության մեջ, թղթի վրա չի մնա և կյանքի կկոչվի։

— Ե՞րբ կստորագրվի այն, երբ կյանքի կկոչվի։

— Մենք արդեն մեր ժամանակացույցն ունենք, առաջին անգամ կառավարության հետ մենք ունեցանք մի ծրագիր, որն իսկապես համահունչ է այն խնդիրներին, որ մենք այսօր ունենք։ Խոսքը 17-22 թթ. ռազմավարության մասին է, որ ինքնին եթե կատարվի, մենք 2022-ին կունենանք բոլորովին այլ Հայաստան, բոլորովին այլ որակի, և կուտակված խնդիրների, որոնք ունեցել ենք արատավոր համակարգերի միջոցով և նրանց շնորհիվ ձևավորված, լուծումն ենք մենք տեսնելու։ Եվ վստահ եմ, որ մենք այդ նույն հինգ տարին այս նույն համաձայնագրով շատ ավելի խորքային փոփոխություններ կատարելով, շատ ավելի վերահսկելի և ուղղորդվող նպատակային քայլեր կատարելով՝ ունենալու ենք մեր ուզած Հայաստանը 2022 թվականին։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

lragir.am

1