2021թ. նախարարության համար բարդ ժամանակաշրջան էր. ԱՀ քաղաքաշինության նախարար

2021թ. բավականին բարդ ժամանակաշրջան էր նախարարության համար: Այս մասին փետրվարի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
«Անցած տարի նախարարության կողմից իրականացվելիք աշխատանքների համար կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը կազմել է 9 մլրդ 242 մլն 113 հազար դրամ, որը տարեվերջի դրությամբ կազմել է 25 մլրդ 460 մլն 300 հազար դրամ, ևս 19 մլրդ 366 մլն 600 հազար դրամ արտաբյուժետային միջոցների հաշվին է ավելացվել՝ կազմելով 44 մլդ 826 մլն 900 հազար դրամ: Այն ԱՀ բոլոր ժամանակների կապիտալ ներդրումների ծրագրին հատկացված ամենամեծ ծավալն է»,- իր խոսքում նշել է նախարարը:
Այնուհետև նա անդրադարձել է 2021թ. նախարարության գործունեությանը, որը հիմնականում ուղղված է եղել պատերազմի հետևանքով առաջացած ավերածությունների վերացմանը և տեղահանված համաքաղաքացիների համար նոր բնակելի տների կառուցմանը:
Պատասխանելով տեղահանված ընտանիքների ընդհանուր թվի մասին «Ապառաժ»-ի հարցին՝ Արամ Սարգսյանը նշել է, որ իր տեղեկությամբ խոսքը 7000-ից ավելի ընտանիքների մասին է, իսկ հերթացուցակը պահվում է Բնակարանային կոմիտեում:
Անդրադառնալով «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքից հրաժարվելու մասին հարցին՝ քաղաքաշինության նախարարը նշել է, որ նախարությունում ամեն օր մինչև 50 քաղաքացի են ընդունում և փորձում են արդար լինել: