1994 թվականի մայիսի 12. անժամկետ հրադադար, որն առիթ տվեց Ադրբեջանին նոր ագրեսիա սկսելու Արցախի նկատմամբ

Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում 4 համաձայնագրերի կնքման արդյունքում ձեռք բերվեց զինադադար, որով նշանավորվեց հայկական բանակի հաղթանակը:
1994թ. մայիսի 5-ին Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երեւանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:
Եռակողմ փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Արձագանքելով Բիշքեքում 1994թ. մայիսի 5-ին կնքված արձանագրության մեջ շարադրված` կրակը դադարեցնելու մասին կոչին եւ հիմք ընդունելով 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը՝ հակամարտող կողմերը պայմանավորվել են հետեւյալի մասին`
1. Ապահովել հրադադար եւ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում 1994թ. մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Կրակը դադարեցնելու մասին համապատասխան հրամանները կտրվեն ու կհասցվեն զինված կազմավորումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց կատարման համար, ոչ ուշ, քան 1994թ. մայիսի 11-ին:
Մայիսի 12-ին մինչեւ 23.00-ն կողմերը կփոխանակեն կրակը դադարեցնելու մասին հրամանների տեքստերը հետագայում այն լրացնելու եւ նմանատիպ փաստաղթերի հիմնական դրույթները ունիֆիկացիայի ենթարկելու նպատակով:
2. Խնդրել ՌԴ պաշտպանության նախարարին` մայիսի 12-ից ոչ ուշ հրատապ խորհրդակցություն հրավիրել Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու ԼՂՀ ՊԲ հրամանատարի միջեւ` նպատակ ունենալով համաձայնեցնել զորքերի տարանջատման սահմանները, ռազմատեխնիկական այլ հրատապ հարցերն ու նախապատրաստելով միջազգային դիտորդների առաջատար խմբի ծավալումը:
3. Այս պայմանավորվածությունը կօգտագործվի բանակցությունները 10 օրվա ընթացքում ավարտելու եւ մայիսի 22-ից ոչ ուշ Ռազմական հակամարտության հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար:
4. Սույն պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այն բանից անմիջապես հետո, երբ Միջնորդը կիրազեկի, որ հակամարտող կողմերից ստացել է լիովին համարժեք փաստաթղթեր` ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:
Այսպիսով պատերազմն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով, համաձայնություն ձեռք բերվեց անժամկետ հրադադարի, որի արդյունքում արյունով ամրագրված հաղթանակը իրավական ուժ չստացավ եւ Ադրբեջանին առիթ տվեց 26 տարի հետո նոր ագրեսիա սկսելու Արցախի նկատմամբ։
