1992թ. մարտի 26-ին ԼՂՀ ՆԽ-ին առընթեր ստեղծվեց պաշտպանության կոմիտեն
Գլխավոր » Լրահոս » 1992թ. մարտի 26-ին ԼՂՀ ՆԽ-ին առընթեր ստեղծվեց պաշտպանության կոմիտեն

1992թ. մարտի 26-ին ԼՂՀ ՆԽ-ին առընթեր ստեղծվեց պաշտպանության կոմիտեն

Պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանի գրառումը.

«29 տարի առաջ այս օրը. 26 մարտի 1992թ.

Հատվածներ իմ` «ԼՂՀ հռչակումը և պետական շինարարության գործընթացը (1991թ. սեպտեմբեր-1994 մայիս)» աշխատությունից.

Ելնելով ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրադրությունից և ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհրդի մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով` հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման անհետաձգելի միջոցառումների մշակման ու իրագործման շրջանակներում, մինչև ԼՂՀ պաշտպանության նախարարության կազմավորումը, 1992թ. մարտի 26-ին ԼՂՀ ՆԽ-ին առընթեր ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության կոմիտե (ՊԿ)։

Հանրապետությունում ներքին կայունություն պահպանելու նպատակով` ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահությունը, ներքին պայմանավորվածության համաձայն, որոշեց ՊԿ նախագահ նշանակել Ս. Սարգսյանին, որին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ՊԿ-ի կառուցվածքի, կանոնադրության և անվանակազմի մասին։ Կոմիտեն իր ողջ գործունեությունը պետք է կազմակերպեր ԼՂՀ ԳԽ և ՆԽ որոշումների ու կարգադրությունների հիման վրա։ Այդ որոշումից հետո ԳԽ նախագահությունը նպատակահարմար գտավ, որ ԼՂՀ ԳԽ նախագահը մի անգամ ևս հանդիպում ունենա ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ` երկկողմ հարաբերությունների բարելավման նպատակով։

Ա. Մկրտչյանը Երևան մեկնեց մարտի 30-ին և հաջորդ օրը հանդիպեց ՀՀ նախագահի հետ: Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը Ա. Մկրտչյանին նորից հասկանալ տվեց, որ նա իր տեղը պետք է զիջի ՀՀՇ-ական որևէ մեկին, հակառակ դեպքում Հայաստանը կարող է դադարեցնել ռազմական օգնության ցուցաբերումը Արցախին ։ ԼՂՀ ԳԽ նախագահության և ԻՊՈՒ հրամանատարության ազդեցիկ ղեկավարների մեծամասնությունը դեմ էր նախագահի պաշտոնից Ա. Մկրտչյանի հնարավոր հրաժարվելուն։

Մինչդեռ, առանց ՀՀ-ի ամենաբարձր մակարդակով օգնության, հնարավոր չէր պաշտպանել Արցախը։ Փաստորեն, ԼՂՀ ԳԽ նախագահը կագնած էր երկընտրանքի առաջ։ Եվ այդ ժամանակ էլ Արցախում արդեն նշմարվում էր երկիշխանության ուրվականը: Այս համատեքստում չենք կարող չհիշատակել մի իրադարձություն, որը տեղի ունեցավ Արցախում մինչև Ա. Մկրտչյանի մահը:

Արտաքին ուժերի ազդեցության ներքո փորձ կատարվեց մասնատել նորաստեղծ պետականությունը և այդ գործընթացի սկիզբը դրվեց Մարտակերտում: Հարկ է նշել, որ այս իրադարձության վերաբերյալ նշված ժամանակաշրջանի քաղաքական գործիչների շրջանակներում մինչ օրս էլ կան իրարամերժ կարծիքներ…»

1