1992թ․ապրիլի 14-ին ընդհատվեց գաղափարի մարտիկ Արթուր Մկրտչյանի կյանքը
Գլխավոր » Լրահոս » 1992թ․ապրիլի 14-ին ընդհատվեց գաղափարի մարտիկ Արթուր Մկրտչյանի կյանքը

1992թ․ապրիլի 14-ին ընդհատվեց գաղափարի մարտիկ Արթուր Մկրտչյանի կյանքը

Ամեն տարի ապրիլի 14-ը Արթուր Մկրտչյանի ընկերներին ու հարազատներին համախմբում է  նրա գերեզմանի մոտ։ Գալիս են ծաղիկներ խոնարհում, հիշում և վերահաստատում իրենց հավատարմությունը Արթուր Մկրտչյանի սկսած գործին։

Այսօր էլ նրա շիրիմին ծաղիկներ են խոնարհել ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ՀՅԴ գաղափարակից ընկերները, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ՀՕՄ-ուհիներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, Արթուր Մկրտչյանի ընտանիքը եւ հարազատները:

Արացխյան ազատագրական պայքարի բովում ծնվեցին անհատներ, ովքեր շրջադարձային նշանակություն ունեցան մեր պետականության կերտման գործում։ Այդ անհատներից էր Արթուր Մկրտչյանը։

Արցախյան շարժման սկզբից ի վեր Արթուր Մկրտչյանը դարձավ շարժման առաջամարտիկներից։ Նա գաղափարի այն մարտիկներից էր, որ խորապես տիրապետում է ազգային գաղափարներին, ում համար ի վերուստ պարզ էր, որ ժողովրդի գոյատևման խնդիրն անիրագործելի է առանց նրա  հավաքական ուժի և պայքարի։

1992թ հունվարին նորաստեղծ պետության ղեկավարման պատսխանատու և ծանր գործը ստանձնեց Արթուր Մկրտչյանը։ Նա 32 տարեկան էր, երբ ընտրվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ և ընդամենը 97 օր ղեկավարեց հանրապետության Գերագույն մարմինը, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրեց իրեն դրսևորել, որպես հմուտ և բանիմաց ղեկավար, պատվով կրել այդ պաշտոնը, հավատարիմ ծառայել իր ժողովրդին։

1992թ․ապրիլի 14-ին նրա եղերական մահով ընդհատվեց արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալ, գաղափարի մարտիկ Արթուր Մկրտչյանի կյանքը, սակայն նրա գաղափարներն ու համոզմունքները  իր մահից 29 տարի անց էլ արդիական են Արցախում։

«Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- սա էր Արթուրի համոզմունքը։

1