159 -օր շարունակվող շրջափակում

«Արցախի տեղեկատվական շտաբը Արցախում 159 օր շարունակ տիրող իրավիճակի մասին տեղեկություն է հրապարակել.
1. Սարսանգի ջրամբարի բնապահպանական ճգնաժամը դրսևորվում է միկրոկլիմայի կտրուկ փոփոխությամբ, աղբյուրների ցամաքմամբ և բուսատեսակների ու կենդանատեսակների կորստով․ բնապահպանության կոմիտեն ահազանգում է.
Արցախի Հանրապետության 159 օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 130 օր է՝ Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես նաև հանգեցնելով տեղի միկրոկլիմայի կտրուկ փոփոխության, ստորերկրյա ջրային պաշարների նվազման, բազմաթիվ բուսատեսակների ու կենդանատեսակների կորստի ռիսկի:
Այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի Հանրապետության միակ խոշոր ջրամբարը՝ Սարսանգը, իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ:
Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն պատրաստել է հաղորդագրություն, որի մեջ ներկայացված են Սարսանգի ջրամբարի բնապահպանական ճգնաժամի մանրամասները։
2. Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 9 ծանր հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստանի բժշկական կենտրոններ․ ավելի քան 100 հիվանդ շարունակում է զրկված լինել Հայաստանում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից
Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:
Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է Հայաստանում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից, ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով, դադարեցվել է Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը։
3. Նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ․ քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը
Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները:
Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության և բնակչության կենսագործունեության ապահովմանը:
4. Արցախի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ
Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։
Կրկին հիշեցնում ենք, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը: Արցախի իշխանությունները հետևողականորեն պաշտպանել և շարունակելու են պաշտպանել իրենց ժողովրդի օրինական ընտրությունն ու ազատ կամարտահայտությունը։
Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։
5. Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն առցանց հանդիպում է ունեցել Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ
Մայիսի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը որպես գլխավոր բանախոս մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի շրջանի Արցախի հարցերով աշխատանքային խմբի նախաձեռնությամբ կազմակերպված առցանց հանդիպմանը։ Աշխատանքային խումբը ձևավորվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո՝ Սան Ֆրանցիսկոյի տարածքում զանազան համայնքային ծրագրերին, նախաձեռնությունների աջակցելու, դրամահավաքները, մարդասիրական օգնության, առողջապահության և այլ կոմիտեների աշխատանքը համակարգելու նպատակով։
Հանդիպմանը Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները, առաջացած հումանիտար և անվտանգային խնդիրները։
6. Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ կրթության ոլորտում շրջափակման ծանր հետևանքների և դրանց մեղմման ճանապարհների վերաբերյալ
Դպրոցն ավարտելուց հետո հարյուրավոր երիտասարդներ փորձում են հիմք դնել հետագա բարձրագույն կամ մասնագիտական կրթության։ Շրջափակման հետևանքով նրանք զրկված են Արցախից դուրս կրթություն ստանալու կամ մասնագիտություն ընտրելու, Արցախից դուրս միջբուհական քննություններին մասնակցելու հնարավորությունից: Նույնպիսի խնդիրների առաջ են կանգնած նաև շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել արցախյան բուհերում:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մի շարք խնդիրներ, դրանց լուծման ճանապարհները, որոշում է կայացվել առաջիկայում քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտի գործընկերների հետ՝ ծագած խնդիրները լուծելու հնարավոր եղանակները, դրանցից առավել օպտիմալ ու արդյունավետ տարբերակները որոշելու նպատակով:
Օրվա վիճակագրական թարմացումներ
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,310 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 7 օրվա ընթացքում աճելով շուրջ 70 դեպքով։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին օրերին ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական խոչընդոտների պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 20՝ ծանր վիճակում գտնվող հիվանդ, ևս ավելի քան 25 հիվանդ առաջնահերթ անհրաժեշտություն ունի տեղափոխման։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 209 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (159 օրվա ընթացքում մարդկանց 389,550-ի փոխարեն՝ 1,864 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 7 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 16 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին):
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 56 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման ( 159 օրվա ընթացքում 146,280 -ի փոխարեն՝ 2,638 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 63 մուտք և ելք:Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (159 օրվա ընթացքում մոտ 63,600 տոննայի փոխարեն՝ 4,840 տոննա, որից վերջին 7 օրվա ընթացքում՝ միայն 183 տոննա):
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 93 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 130 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 302 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 33 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը»: