Արցախում թանկացումները կապված չեն նոր պետնախարարի նշանակման հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախում թանկացումները կապված չեն նոր պետնախարարի նշանակման հետ

Արցախում թանկացումները կապված չեն նոր պետնախարարի նշանակման հետ

Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվական կենտրոնը մարտի 23-ին կազմակերպել է մամլո ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100-րդ օրվա առթիվ՝ ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի մասնակցությամբ:

Բանախոսները ներկայացրել են դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի (Լաչինի միջանցքի) արգելափակման հետևանքով ստեղծված դժվարությունները և հետևանքները, ինչպես նաև համապատասխան պաշտոնական դիրքորոշումներ ու գնահատականներ:

Մամլո ասուլիսին, որին մասնակցել են շուրջ 20 լրագրողներ աշխարհի 8 երկրներից, ԱՀ նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին հարց էր ուղղել նաև «Ապառաժ»-ը։

Հարց մեջ  «Ապառաժ»-ը նշել էր, որ պետական նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո խանութներում անսպասելի բարձր գներով սկսեցին վաճառվել էկզոտիկ մրգեր, բանջարեղեն, թարմ ծաղիկներ: Տվյալ մթերքների սպառվելուց հետո կառավարության կողմից սահմանվել են գներ, որոնք ի դեպ մինչև այժմ չեն գործում:

«Ապառաժ»-ը պետնախարարից հետաքրքրվել է, թե ո՞վ է այն արտոնյալը, որին հաջողվել է շրջափակման պայմաններում Արցախ հասցնել այդ մրգերն ու ծաղիկները, և արդյո՞ք այդ գործունեությունն իր մեջ հանցակազմ չի պարունակում:

Հարցին ի պատասխան՝ Գուրգեն Ներսիսյանը նշեց, որ դիտարկումը և հարցի կոնտեքստում պարունակվող միտքը այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, և թանկացումները որևէ կերպ պայմանավորված չեն իր կողմից Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու հետ։

«Ստանձնելուց հետո հաշվի առնելով շրջափակման պայմաններում առկա ծանրաբեռնվածությունը՝ ընդամենը օրերի ընթացքում մենք անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանեցինք և սկսեցինք վերահսկել գնագոյացման հետ կապված գործընթացները։ Այդ ուղղությամբ պետական երեք մարմիններ են աշխատում, և պարբերաբար վարչական վարույթներ են հարուցվում»,-իր խոսքում ասել է Գուրգեն Ներսիսյանը։

«Մենք փորձում ենք հիմա կառավարել սուբյեկտիվ պատճառները։ Ինչ վերաբերում է օբյեկտիվ պատճառներին, ապա պետությունը միջոցներ է ձեռնարկում օբյեկտիվ պատճառները տարբեր ծրագրերի միջոցով մեղմելու և դրանք վերացնելու համար։ Մենք բոլորս հասկանում նեք, որ ծանր կացության մեջ հայտնված անձը մշտապես փորձում է այդ իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել, որքան էլ որ դա  անօրինական ու անընդունելի լինի, երբեմն ոչ այնքան անօրինականության մասին է լինում խոսքը, որքան արարքի հակաբարոյական լինելու տարրերն են ցցուն»,-նշել է պետնախարարը։

Նրա խոսքով՝ պետության կողմից փորձ է արվում դաշտն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու.

«Զարտուղի ճանապարհներով ապրանքներն Արցախ բերող անձանց հայտնաբերելը, ապրանքները հայտնաբերելը և օրինական դաշտ բերելը, վարչական  պատասխանատվության ենթարկելը, հարկային  անհրաժեշտ վարչարարությամբ փորձ է արվում այդ բոլոր ուղիները չեզոքացնել և վերացնել, ընդ որում ասեմ՝ այդ զարտուղի ճանապարհները ոչ թե ծնվել են վերջին օրերի ընթացքում, այլ դրանք ձևավորված են վաղուց և անհրաժեշտ պահին չեն հայտնաբերվել, ու մենք ստիպված ենք ոչ թե կանխարգելել, այլ վերացնել հետևանքները»,-եզրափակել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

1