101-ամյա ՀՄԸՄ-ի համար Արցախի մասնաճյուղն ամենամեծ նվերն է
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը մասնակցելու և Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթով այս օրերին Արցախում էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը: «Ապառաժ»-ի հետ հարցազրույցում Գառնիկ Մկրտչյանը նշել է, որ տարիների երազ էր Արցախում ՀՄԸՄ-ի մասնաճյուղ ունենալը: «Արցախի անկախացումից հետո սկզբնական շրջանում սկսել էինք աշխատել Արցախում, բայց դրանից հետո ՀՄԸՄ-ի գործունեությունը դադարեց, որից հետո զանազան պատճառներով հնարավոր չեղավ վերականգնել: ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունը Արցախի նախագահների, վարչապետների, նախարարների հետ շփումներում միշտ էլ հետամուտ է եղել այս հարցի լուծմանը, բայց հնարավոր չի եղել իրագործել արտոնություն ստանալու, նաև սկաուտական կազմակերպության հնարավորություններին չհավատալու պատճառներով: Հիմա կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունների հետ մեր աշխատանքի և շրջանի մարմինների աշխատանքի արդյունքում մենք կարողացանք մեր առաջին պաշտոնական կորիզը ստեղծել»,- ասել է ՀՄԸՄ-ի ԿՎ ատենապետը՝ հույս հայտնելով, որ այն լավագույն թթխմորը պիտի դառնա Արցախում լուրջ գործունեություն տանելու համար:
Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ստեղծվել է 1918թ. Կ. Պոլսում: Այնուհետև Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով սկսել է գործել Հայաստանում: 1921թ. խորհրդային կարգերի հաստատումից հետո դարձել է սփյուռքյան կազմակերպություն: Սկզբնական շրջանում Միջին Արևելքի երկրներում է լայն աշխատանք տարել, որից հետո սկսել է Միջին Արևելքից տարածվել, նաև, հայերի տեղաշարժի հետ կապված, հասել Եվրոպա, Ամերիկա, Ավստրալիա: Միության անդամների թիվն այժմ հասնում է 28 000-ի: ՀՄԸՄ-ի ՀԱՍԿ-ը (Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն) Սկաուտական շարժման միջազգային կազմակերպության անդամ է և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:
«Ամբողջ աշխարհում այսօրվա դրությամբ ՀՄԸՄ-ն առանց Արցախի 110 մասնաճյուղ ունի, 111-րդը պիտի դառնա Արցախի մասնաճյուղը: Արդեն նշանակվել է վարչություն, որի միջոցով սկսելու ենք մեր գործունեությունը: Երիտասարդ գործիչ է գործուղվել այստեղ, ում օգնությամբ միությունը ծիլեր կարձակի և կսկսի բերք տալ»,- մանրամասնել է Գառնիկ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ ՀՄԸՄ-ի գործունեությունն աշխարհով մեկ տարածված է սկաուտական և մարզական ուղղություններով, որոնց աշխատանքները համակարգում են վարչությունները, հանձնախմբերը: «Մայիս ամսին հիմնեցինք երիտասարդական բաժին, որտեղ համախմբվում են 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք նախկինում խմբապետներ, մարզիկներ կամ անդամներ են եղել»,- հավելել է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Արցախի շրջաններում մասնաճյուղեր բացելու հնարավորությանը, ապա ՀՄԸՄ ատենապետը նախ անհրաժեշտ է համարում Ստեփանակերտում ամուր հիմքերի վրա դնել կառույցը, որից հետո կարող են մտածել շրջաններում տարածվելու մասին: «ՀՄԸՄ-ն ունի բրգաձև կառավարման համակարգ: Ներքևի խավը անդամներն են, անդամներից հետո՝ վարչությունները, հանձնախմբերը, այնուհետև՝ Շրջանային վարչությունները և բարձրագույն օղակը՝ Կենտրոնական վարչությունը: Կենտրոնական վարչության նստավայրը Լիբանանն է, իսկ անդամներն ընտրվում են տարբեր շրջաններից: Այժմ Կենտրոնական վարչությունն ունի 13 անդամ»,- ասել է Գառնիկ Մկրտչյանը:
Անդրադառնալով Արցախում մասնաճյուղ բացելու կարևորության մասին հարցին, ՀՄԸՄ ատենապետը նշել է, որ հատկապես սփյուռքահայության համար Արցախը յուրահատուկ նշանակություն ունի. «Մեր ժողովրդի հայրենիքի հետ ամենազգացական կապվածությունը Արցախն է: Հայաստանն արդեն անկախ է, բայց Արցախն ուրիշ պատմություն է: Արցախում մասնաճյուղ չունենալը մեծ վերք էր, վիրավորանք: Տարբեր քաղաքների, երկրների հայ համայնքների հետ հանդիպումների ժամանակ միշտ այս հարցն էին բարձրացնում: Պատասխանում էի, որ հարցն ընթացքի մեջ է, որովհետև չէի կարող ուրիշ պատասխան տալ: Այդ իսկ պատճառով՝ կարծում եմ, որ Արցախի կարևորությունը ՀՄԸՄ-ի համար առանձնահատուկ է»:
«Հավատում եմ, որ ՀՄԸՄ-ի դերակատարությունը մեծ կլինի Արցախում, մանավանդ՝ սկաուտական շարժումը: Մարզական բաղադրիչը կարող է այստեղի երիտասարդությանն այնքան էլ չհետաքրքրել, որովհետև դպրոցներին կից կան սպորտային խմբակներ, մարզական ակումբեր: Իսկ սկաուտությունը, իմ կարծիքով, հեռանկարներ ունի: Հայ պատանին, երբ 3 տարեկանից անդամագրվում է ՀՄԸՄ-ին, այնուհետև տարիների ընթացքում դառնում խմբապետ, իր հագուստը, դաստիարակությունը նրան պատրաստում է՝ որպես իսկական հայ, զինվոր՝ կարգապահության, վարք ու բարքի իմաստով»,- խոսելով հեռանկարների մասին՝ ասել է Գառնիկ Մկրտչյանը:
«Մենք ծերացած կազմակերպություն չենք, մեր եղբայրներից մեկի խոսքով՝ մենք 1 դար ու 1 տարեկան ենք: Ունենք հազարավոր երիտասարդ, խանդավառ աղջիկներ և տղաներ: Իսկ արդեն 101-ամյա ՀՄԸՄ-ի համար Արցախի մասնաճյուղն ամենամեծ նվերն է»,- եզրափակել է Գառնիկ Մկրտչյանը:
Տաթևիկ Աղաջանյան