Եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, հաղթանակներ կգրանցենք
Գլխավոր » Լրահոս » Եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, հաղթանակներ կգրանցենք

Եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, հաղթանակներ կգրանցենք

«Ակամայից հիշեցի այն օրը, երբ Արցախի կուսակցությունները, Արցախի ժողովուրդը նշում էին ՀՅԴ 125 ամյակը:  Ելույթ ունեցողներից մեկն այն միտքն էր արտահայտել, թե ՀՅԴ-ն առանց օրակարգի կուսակցություն է, և ես իմ ելույթի ժամանակ հակադարձեցի՝ ո՛չ,  համամիտ չեմ. ՀՅԴ-ն 130 տարուց ավել է՝ առաջնորդվում է օրակարգով, այն է՝ հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախի դատ, անվտանգության հարցեր: Այդ օրակարգը դուք եք վառ պահել»,- այս մասին դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Մեծ աշխատանք է կատարվել  ու կատարվում Սփյուռքում, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: Մոտ 2,5 տասնամյակ դրսում մեզ դիմավորում են մեր դաշնակցական ընկերները: Ձեր առաքելությունը շատ մեծ է, խորհրդաժողովի բոլոր մասնակցիներին հաջողություն  եմ մաղթում :

Նշեմ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին առաջին հայացքից էլ երևում էր, որ սկսվել է ղարաբաղա-ադրբեջանական 3-րդ պատերազմը: Շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ, որ այդ պատերազմին մասնակցում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, շատ այլ երկրներ: Արցախը չի պարտվել Ադրբեջանին, Արցախը պարտվել է հենց այդ ուժերին: Եթե չլիներ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ի՞նչ կլիներ Արցախում, միանշանակ ասեմ ՝ կարող էր այսօրվա խորհրդաժողովը Ստեփանակերտ քաղաքում չլինել:

Մեր ժողովուրդը գտնվում է սթրեսի մեջ, որից դուրս գալու համար ժամանակ է պետք: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի ¾-ը, բայց ամուր ենք կանգնելու մնացած մեկ քառորդի վրա և բարձրացնելու ենք մեր ձայնը՝ Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Շահումյանը, Գետաշենը պետք է ազատագրվեն: Դրանք մեր հողերն են: ԱՀ Ազգային ժողովը, բոլոր խմբակցությունները Արցախի հիմնախնդրի հարցում միակարծիք են: Արցախն ու Հայաստանն այսօր առանձին թույլ են, ոչ կենսունակ: Մենք առանձին-առանձին թույլ  ենք, մենք միավոր կկազմենք, համազգային օրակարգ կստեղծենք, եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, մենք, համոզված եմ, հաղթանակներ կգրանցենք:

Ես սիրում եմ ՀՅԴ-ն անվանել ամենայն հայոց կուսակցություն, արտասահմանյան մեր ընկերներին ասեմ, որ այսօր Արցախում ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է, մնացած բոլոր կուսակցությունները, այդ թվում այն կուսակցությունը, որն այժմ  ներկայացնում եմ, կայացման փուլում է: Մենք շատ բան ունենք սովորելու մեր դաշնակցական ընկերներից՝ կուսակցության կարգապահական, արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր ևն: 

Արցախի հարցը Հայ դատի բաղկացուցիչ մասն է: Եթե մենք հաջողենք Արցախի հարցի մասով և միջազգային հանրությանը հայոց ցեղասպանության ճանաչման, անվտանգության հարցերի վերաբերյալ միևնույն տեսակետով ներկայանանք, հաղթանակներն անխուսափելի կլինեն:

1