100 համակարգիչներ՝ Արցախի դպրոցներին. «Թևանիկ» բարեգործական կազմակերպության ծրագիրը շարունակվում է
Գլխավոր » Լրահոս » 100 համակարգիչներ՝ Արցախի դպրոցներին. «Թևանիկ» բարեգործական կազմակերպության ծրագիրը շարունակվում է

100 համակարգիչներ՝ Արցախի դպրոցներին. «Թևանիկ» բարեգործական կազմակերպության ծրագիրը շարունակվում է

«Թևանիկ» բարեգործական կազմակերպությունը ապրիլի սկզբներին  Արցախում էր՝ կրկին բարեգործական ծրագրեր իրականացնելու առաքելությամբ: Բարեգործական կազմակերպությունը Արցախի մի շարք համայնքների դպրոցների համար բերել էր համակարգիչներ և սպորտային պարագաներ:

«Թևանիկ» բարեգործական խմբի անդամները ապրիլի 2-ին, նախքան համայնքներ մեկնելը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել:

Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համագործակցաբար ապրիլի 2-ին կազմակերպության անդամներն այցելել են ԱՀ Մարտունու շրջանի Ննգի, Կաղարծի, Հաղորտի, Վարանդա և Մուշկապատ համայնքներ՝ տվյալ դպրոցների համար նախատեսված համակարգիչներով և սպորտային պարագաներով:  Այցելությունը նպատակ ուներ նաև ավելի մոտիկից ծանոթանալու Արցախի դպրոցների խնդիրներին,  հետագայում իրենց ծրագրերում ընդգրկելու համար:

Դպրոցների ուսուցչական և աշակերտական կազմը մեծ սիրով է դիմավորել խմբին, իսկ Կաղարծի համայնքում նաև միջոցառում էին պատրաստել՝ ի պատիվ հյուրերի:

«Թևանիկ» բարեգործական կազմակերպության պատասխանատու Իվետ Դանիելյանը ներկայացրել է կազմակերպության ստեղծման նպատակը, այն Արցախում արդեն 5-րդ տարին է, ինչ իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրեր: Բոլոր աշխատանքները համադրվում են ՀՅԴ Արցախի կառույցի և ՀՕՄ-ի Արցախի միավորի հետ:

Ծրագիրը մեկնարկել է 2018թ. մայիսին, նախատեսում են Արցախի դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների 100 համակարգիչ տրամադրել: Անցած տարի կազմակերպությունը համակարգիչներ է տրամադրել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանին, Շուշիի հումանիտար քոլեջին, Հադրութի Առաջամուղ, Շահումյանի Չարեքտար և Քաշաթաղի Վան համայնքներին:

 

1