․․․ Ապրել կարոտի հետ
(մտորումների շարքից)
․․․ Աշխատավայրից դուրս եկա և շտապեցի մանկապարտեզ՝ թոռներիս՝ Նարեին ու Ռոբերտին տուն տանելու։ Բացված դռան առաջ հանդիպեցի տխրադեմ դաստիարակին ու իր օգնականին։
-Նարեն էսօր մեզ լացացրեց,- ասաց դաստիարակն ու իմ հարցական հայացքի ներքո՝ շտապեց ինչ-որ բան բերել ու ցույց տալ։
Երեխաներին ուղեկցելով ինձ մոտ՝ նա բերեց նաև նկարչության մի թուղթ, որի վրա բնության տեսարան էր, իսկ թղթի հետևում գրված էր՝ Նարեի պատկերած հայրենի Արցախի բնությունը՝ հիշողությամբ։
Այդ օրը խմբում բաց դաս է եղել, որի ընթացքում նաև այդ աշխատանքն են կատարել։ Դաստիարակի տրամադրությունից և Նարեի նկարից ազդված՝ նույնիսկ չհարցրի, թե ինչ է եղել հանձնարարված, բայց կարծում եմ, որ երևի հիշողությամբ պետք է վերարտադրեին թղթի վրա իրենց տունը, բնությունը։ Եվ Նարեն փորձել է վերարտադրել իր տունը և հայրենի Արցախի բնությունը մեկ տարվա հեռավորությունից։
․․․ Երբեմն մեզ թվում է, որ երեխաներն այնքան էլ շատ բան չեն հիշում և ապրումներ չեն ունենում, ինչպես մեծերս։ Ես ահավոր ծանրություն զգացի իմ հոգում, երբ փորձեցի պատկերացնել, որ երեխաները նույնպես հիշում ու կարոտում են այն վայրերը, այն տունը, որտեղ ապրել են։ Փորձեցի Նարեի և մյուս երեխաների ժպիտների միջից փնտրել ու գտնել այն կարոտը, տխրությունը, որ կա նրանց հոգում, բայց չկարողացա։ Ահավոր զարմացած էի։ Ինչպես են փոքրիկները, ի տարբերություն մեզ՝ մեծերիս, կարողանում այդպես խնամքով թաքցնել իրենց ներքին ապրումները, որ մեզ թվում է, թե իրենք երևի արդեն մոռացել են և՛ տունը, և՛ Արցախը, քանզի շատ քիչ են խոսում այդ մասին։ Այդ փոքրիկ հոգիների մեջ այնքան ուժեղ կամք տեսա այդ պահին, որ ինքս ամաչեցի իմ թուլությունից։ Հետո հիշեցի ծանոթ թևավոր արտահայտությունը՝ մարդ լացում է ոչ թե նրա համար, որ թույլ է, այլ նրա, որ երկար ժամանակ ուժեղ է եղել։ Ու դրանից էլ սփոփեցի ինքս ինձ, որ ես թույլ չեմ, այլ ուղղակի երկար ժամանակ բավական ուժեղ եմ եղել։ Ուսանողական տարիներից սկսած՝ իմ կյանքը հարթ չի անցել․ քննություններին զուգահեռ՝ միտինգներում եմ եղել, հետո սկսվել է Արցախյան առաջին պատերազմը, պատերազմին զուգահեռ՝ երեխաներ եմ ունեցել, ամուսինս զոհվել է, ու սկսվել է իմ կյանքի ավելի դժվար ժամանակները, երբ ինքս ինձ անընդհատ ստիպել եմ ուժեղ լինել։ Եվ ուժեղ եմ եղել այնքան, մինչև նորից է Արցախում կյանքը խաթարվել Քառօրյա, 44- օրյա պատերազմներով, իսկ վերջում էլ՝ 2023-ի սեպտեմբերի վերջի իրադարձություններով։
․․․ Այս ամենի մասին մտածելով ու վերհիշելով՝ մանկապարտեզից մինչև տուն փորձեցի պատկերացնել, թե ինչ է կատարվում մեր երեխաների, թոռների հոգիներում, և ցավ զգացի: Մեծերս մեծ տարիքում ենք մի քանի պատերազմ տեսել, իսկ վերջում էլ՝ հայրենիքի կորուստ ու բռնի տեղահանություն, իսկ փոքրերը․․․ Նրանք իրենց փոքր տարիքում միանգամից պատերազմ ու տեղահանություն են տեսել, նաև՝ հայրենիքի ու հայրենի տան կորուստ։
Ցավը խեղդում է ինձ․․․ Տուն հասնելով՝ ամուր գրկում եմ Նարեին ու մյուս թոռնիկներիս, փորձում զգալ նրանց մինչև հոգուս խորքը։ Մի քիչ ինքս ինձ նախատում եմ, որ երբեմն նրանց չար, աղմկոտ պահվածքին չեմ կարողանում դիմանալ, ու տրամադրվում եմ՝ ավելի ուժեղ ու դիմացկուն լինել։ Երևի մեկ-մեկ իրենք էլ ենթագիտակցորեն չարանում են այն ամենի համար, ինչի միջով անցանք և անցնում ենք, նույնիսկ չիմանալով, որ այդ ամենն իր ազդեցությունն է գործում նաև իրենց վրա։
․․․ Չգիտեմ մինչև երբ, բայց դեռևս մենք պետք է ապրենք այս ապրումների ուղեկցությամբ։ Եվ, քանի որ երեխաները չեն կարող մեծերի պես ղեկավարել իրենց զգացմունքները և երբեք չարություն չանել, ինչպես մենք ենք դա ուզում, ստիպված ենք մենք ավելի ամուր լինել, ինչքան էլ դա դժվար լինի, մեծ ջանքեր պահանջի։ Ինչքան հնարավոր է՝ սեր ու ջեմություն տանք փոքրիկներին, որ ներքուստ երջանիկ զգան։ Այդպես մենք կօգնենք և՛ նրանց, և՛ մեզ՝ ավելի հեշտ ապրել կարոտի հետ։
Գ. ԳԱԼՍՏՅԱՆ