Ֆրանսիական նահանջ նաեւ հայկական Արցախի՞ց
Ֆրանսիական դատարանների վերջերս կայացրած վճիռների ուժով, ինչպես հայտնի է, չեղարկվել են Ֆրանսիայի տարբեր քաղաքների եւ Արցախի բնակավայրերի միջեւ կնքված բարեկամության ու ապակենտրոնացված համագործակցության մասին հռչակագրերը:
Ֆրանսիական դատարանների այդ, ըստ էության, միանշանակ աղմկահարույց վճիռների արձագանքները, բնականաբար, չուշացան։ Անսպասելի չէր, որ առաջին արձագանքները հնչեցին Բաքվում։ ՙՄեր դիվանագիտությունը ազդեցիկ հաղթանակ է տարել։ Ընդ որում՝ մի դաշտում, որը Հայաստանը տասնամյակներ շարունակ համարում էր իրենը՚։ Սա իշխանամետ մինվալ.ազ լրատվական կայքի ուրախության ճիչն է, ինչը տարբեր ձեւակերպումներով, բայց միեւնույն տոնական հնչերանգով արձագանք է ստացել Ադրբեջանի անխտիր բոլոր լրատվամիջոցներում։ Բաքուն ամենեւին չի էլ թաքցնում, գուցե թե թաքցնելու կարիք էլ չունի, որ ՙխարտիաների դատական չեղարկման՚ այդ ողջ գործընթացն իրականացվել է ֆրանսիական իշխանությունների, կոնկրետ՝ արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարությունների հրահանգով։ ՙԱհա ավելի քան 4 տարի է, ինչ Ֆրանսիայի հատուկ փաստաբանական կառույցները, ադրբեջանական կողմի հանձնարարությամբ, իրագործել են գործունեություն՝ ուղղված դատաքննության միջոցով տեղական կազմավորումների ղեկավարների իրավաբանական լիազորությունների եւ հօգուտ հայկական սփյուռքի կազմակերպությունների նրանց գործունեության անհամապատասխանության ապացուցմանը։ Երկար պայքարից հետո ՙՂարաբաղի անկախության ճանաչմանն ուղղված ամենայն բնույթի հռչակագրերը՚ չեղարկելու վերաբերյալ դատական վճիռների ընդունման գործընթացը տվեց իր արդյունքները՚,- բացահայտելով, թե Բաքուն ինչպես է քանդել տվել իր համար գլխացավանք դարձած այդ գորդյան հանգույցը, հայտնում է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆիգարովը։ Ադրբեջանցի պաշտոնանկ դիվանագետի կարծիքով՝ ՙՀայկական այդ ողջ վազվզուքը, որ ուղեկցվում էր հարյուրավոր շշեր կոնյակ խմելով եւ ՙհարյուրավոր հինավուրց հայկական ոչխարների խորոված՚ ուտելով, ավարտվեց հայկական հերթական շոուի մասնակիցներին հասցված հնչուն դատական ապտակով՚։
Ինչ խոսք, հայ եւ ֆրանսիական հանրությունները միանշանակ վրդովմունքով ընդունեցին մեր երկու ժողովուրդների ավանդական անկեղծ բարեկամությանը ոչ հարիր այդ անսպասելի ՙդատական ապտակը՚, որը, ինչքան էլ փորձես, ոչ մի կերպ հնարավոր չէ բարեկամական համարել։ Միեւնույն ժամանակ, հազիվ թե կարելի լինի վերին ատյանի վերջնական հրամայականներ ընդունել ֆրանսիական առաջին ատյանի դատական համակարգի այդ վճիռները։ Համենայն դեպս, այդ է խոստանում ի դեմ դրանց բողոքի ու դիմակայության այն ալիքը, որ ներկայումս տիրում է ֆրանսահայ համայնքում եւ, որ խիստ կարեւոր է, բուն ֆրանսիացիների շրջանում, առանձնապես Ֆրանսիայի տարածքային ու տեղական կառավարման այն մարմիններում, որոնք համագործակցության կապեր են հաստատել Արցախի եւ նրա մի շարք քաղաքների ու գյուղերի հետ։ Ֆրանսիական վարչական դատարանների սահմանած արգելանքին արձագանքել են նաեւ Հայաստանում, Սփյուռքում, համապատասխան հայտարարություններով հանդես են եկել Արցախի ԱԺ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները, հանրապետության ԱԳՆ-ն։ Չմանրամասնեմ, քանզի ընթերցողները ԶԼՄ-ների հրապարակումներից ծանոթ են այդ արձագանքներին: Նշեմ միայն, որ հրապարակված մեկնաբանությունների եւ հայտարարությունների հեղինակները, ափսոսանք հայտնելով ֆրանսիական դատական համակարգի կայացրած, ըստ էության, ոչ բարեկամական բնույթի վճիռների կապակցությամբ, միեւնույն ժամանակ, հիմնականում լավատեսորեն են համակված Ֆրանսիա-Արցախ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարի նկատմամբ։
Այնուամենայնիվ, մտահոգված, որ պատմության դավադիր որոգայթները, ցավոք, երբեմն կրկնվելու սովորություն ունեն, երեւույթը, ըստ իս, կարելի է բնորոշել ոչ այլ կերպ, քան ֆրանսիական նահանջ նաեւ հայկական Արցախից։
Իսկ ինչու՞ նաեւ հայկական Արցախից։ Կարծում եմ՝ ոչ հեռու պատմական անցյալին թեկուզ հպանցիկ հետադարձ հայացքն անգամ բավական է՝ պարզելու համար հարցի պատասխանը։ Բանն այն է, որ նորագույն պատմության շրջանում այս էլ երկրորդ անգամն է, որ Ֆրանսիան լքում է իր բարեկամ հայ ժողովրդին։
Հայկական տարածքից ֆրանսիական առաջին նահանջը, երեւի թե հիշում եք, տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտից հետո՝ անցյալ դարի 20-30-ական թվականներին եւ ավարտվել Հարավային Կիլիկիայի կամ Ալեքսանդրեթի սանջակի բռնակցումով Քեմալական Թուրքիային։
Ինչպես հայտնի է, պարտված Օսմանյան Թուրքիան պատերազմի արդյունքներով, փաստորեն, վերջնականապես տրոհվեց։ Նրա նախկին տարածքում ստեղծվեցին մի շարք արաբական պետություններ, որոնք համարվեցին հաղթած արեւմտյան գերտերությունների՝ Մեծ Բիտանիայի, Ֆրանսիայի ենթամանդատային տարածքներ։ Օսմանյան կայսրության տրոհումից հետո տեղի ունեցավ սիրիա-թուրքական սահմանի գծագրի ձեւավորումը, որն իր հերթին Առաջին աշխարհամարտի արդյունքներից մեկն էր։ Սահմանի ձեւավորման համար հիմք ծառայեց Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ՝ 1916թ.։ Ըստ այդ համաձայնագրի՝ Թուրքիայի պարտությունից հետո Կիլիկիան պետք է անցներ Ֆրանսիային, որին Կիլիկիան հետաքրքրում էր եւ’ տնտեսական, եւ’ ռազմավարական տեսակետից: Ֆրանսիական կառավարության հետ կնքած համաձայնագրով Հայկական լեգեոնը (Արևելյան լեգեոն) պետք է կռվեր Թուրքիայի դեմ միայն Կիլիկիայում եւ հաղթական ավարտից հետո կարող էր դառնալ ապագա Կիլիկիայի Ինքնավար Հանրապետության բանակի կորիզը: Արարայի 1918թ. ճակատամարտում Հայկական լեգեոնը կռվեց հերոսաբար եւ վճռեց մարտի ելքը հօգուտ ֆրանսիական զորքերի: Պատերազմում Թուրքիայի պարտությունից եւ Մուդրոսի զինադադարի կնքումից հետո` նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, Հայկական լեգեոնը (մոտ 6 հազար մարտիկ) ֆրանսիացիները տեղափոխեցին Կիլիկիա: Եղեռնից մազապուրծ եւ տեղահանված հայերը սկսեցին վերադառնալ հայրենիք:
Սակայն ֆրանսիական իրավազորության ներքո հայտնված այդ տարածքների ներսում, 1921թ. հոկտեմբերի 20-ի ֆրանս-թուրքական դավադիր պայմանագրով, որպես հատուկ ինքնավար վարչական միավոր, առանձնացվեց Ալեքսանդրեթի սանջակը, որտեղ ապրում էին հարյուր հազարավոր հայեր եւ արաբներ, իսկ թուրքական կողմի պնդմամբ՝ իբր թե նաեւ զգալի թվով թուրքեր։ Մինչև 1925թ., քանի դեռ ֆրանսիացիների ղեկավարած տարածքները բաժանված էին հինգ, այսպես կոչված, «պետությունների», Ալեքսանդրեթի սանջակը մտնում էր «Հալեպի պետության» մեջ։ 1925թ.՝ Ֆրանսիայի ենթամանդատային տարածք հանդիսացող Սիրիական Հանրապետության ստեղծումից հետո, Ալեքսանդրեթի սանջակը մտավ վերջինիս կազմի մեջ։
Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում հայտնված հայ գաղթականների վերաբնակեցման ծրագիրը ֆրանսիական իշխանություններն օգտագործում էին տեղի արաբ ու հայ բնակչության միջեւ ազգամիջյան բախումներ առաջացնելու, ինչպես նաեւ Թուրքիայից զիջումներ կորզելու համար: Այսպես, 1925-26թթ. ֆրանս-թուրքական նոր պայմանագրի նախապատրաստման աշխատանքների ընթացքում կողմերն արդեն հանգել էին նախնական պայմանավորվածության Ալեքսանդրեթի սանջակի հարցի շուրջ: Քեմալականները խոստացել էին չօգնել մանդատի դեմ պայքարող սիրիացիներին, իսկ ֆրանսիացիները հանձն էին առել սանջակի հարցը լուծել՝ Թուրքիայի շահերին համապատասխան: Թուրքերի պահանջով ֆրանսիացիները Ալեքսանդրեթի ոստիկանությունն ու ժանդարմերիան արդեն մաքրել էին հայ աստիճանավորներից: Թուրքիան պահանջել էր նաեւ սանջակի հայ ազգաբնակչության մի մասը՝ «առնվազն 60 կմ տարածքի վրա», հեռացնել Թուրքիայի սահմաններից:
Այն բանից հետո, երբ ֆրանսիական զորքերը լքեցին Կիլիկիան եւ այն թողեցին ցեղասպան թուրքերի հայեցողությանը, իրենց բնօրրանը նորից շենացնելու հույսով Կիլիկիա վերադարձած՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայերը երկրորդ անգամ նույն վտանգի առջեւ կանգնեցին, եւ նրանց մեծ մասը սպանվեց: Մնացած մասը կրկին բռնեց գաղթի ճամփան: Երբ 1921թ. նոյեմբերին Մերսինի եւ Ալեքսանդրեթի նավահանգիստներում բաց երկնքի տակ կուտակվել էին ավելի քան 25 հազար հայեր, ֆրանսիացի գերագույն կոմիսարը ոչ միայն մերժեց արտագաղթողներին ընդունել Սիրիայում, այլեւ չկամեցավ նավեր տրամադրել հայերին «Կիլիկիայի դժոխքից» դուրս բերելու համար: Անգլիացիներն իրենց հերթին Եգիպտոսի, Կիպրոսի ու Պաղեստինի դռները փակեցին «փոքր դաշնակցի» բեկորների առջեւ: Ի վերջո, միջազգային հասարակական ճնշման ներքո ֆրանսիական իշխանությունները համաձայնեցին հայ գաղթականներին ընդունել Սիրիայում: Այսպիսով, ֆրանսիական գաղութարարական քաղաքականությունն աղետալի հետեւանքներ ունեցավ Կիլիկիայի հայության համար: Ցեղասպանության արհավիրքն ապրած արեւմտահայության այս բեկորները, ավելի քան 20 հազար զոհ տալով, մեծամասամբ գաղթեցին Սիրիա։
1936թ. Թուրքիայի նախագահ Աթաթուրքը Ալեքսանդրեթի սանջակի համար նենգամտաբար հորինեց նոր անվանում՝ «Հաթայ», եւ Ազգերի լիգայում բարձրացրեց «Հաթայի հարցը»: Շուտով այդ նահանգը ինքնավար կարգավիճակ ստացավ Սիրիական Հանրապետության կազմում, իսկ 1938թ. անկախացավ, ստեղծելով նոր, այսպես կոչված, «Հաթայ» պետություն։
«Հաթայ՚ պետության հռչակումից հետո թափ առավ հայ եւ արաբ բնակչության արտագաղթը սանջակից՝ ընդունելով զանգվածային բնույթ: Սանջակը, փաստորեն, հանձնվեց թուրքերին, ինչը մեծ անհանգստություն պատճառեց տեղի հայությանը: Հայերը եւս արաբների հետ միասին հանդես եկան այդ անօրինական որոշման դեմ, սակայն իշխանական բոլոր լծակներն արդեն իսկ թուրքերի ձեռքում էին: Արագ կերպով տեղի էր ունենում շրջանի «թուրքացումը», նրա կցումը Թուրքիային արդեն նախապատրաստվել էր։ 1939 թվականի փետրվարին ՙՀաթայի՚ օրենսդիր ժողովն ընդունեց Թուրքիայի Հանրապետության բոլոր օրենքները, իսկ 1939 թվականի հունիսի 29-ին ՙՀաթայ պետությունը՚ բռնակցվեց Թուրքիային։ Այդ ժամանակ Եվրոպայում սկսվում էր Երկրորդ աշխարհամարտը, ուստի Հաթայի միավորումը Թուրքիային, որը կատարեց Թուրքիայի նոր նախագահը՝ Իսմեթ Ինյոնյուն, տեղի ունեցավ առանց Ֆրանսիայի կողմից որեւէ դիմադրության ցուցաբերման։ Ալեքսանդրեթի սանջակը Ֆրանսիայի կողմից դավադրաբար Թուրքիային հանձնելու պատճառով Հայկական Կիլիկիայի հայության մնացորդները՝ մոտ 200 հազար հայ, 1939 թվականին ստիպված եղան հերթական անգամ թողնել հայրենի հողերը եւ թուրքերից փախչել դեպի Սիրիա եւ Լիբանան։
Այսպիսով, ֆրանսիական կառավարությունը ոչ միայն չկատարեց իր դաշնակցային պարտականությունները, այլեւ Կիլիկիան հանձնեց Թուրքիային՝ ի հոշոտումն: Ուստի եւ թուրքական իշխանությունները եւ ֆրանսիական զինվորականությունը պատասխանատվություն են կրում 1920-21թթ. Կիլիկիայի շուրջ 25 հազար հայ զոհերի եւ ողջ մնացածների արտագաղթի համար:
Ժամանակները, այո, փոխվել են։ Փոխվել են նաեւ իրավիճակները։ Հայ ժողովուրդն այլեւս անցած դարասկզբի այն անտիրական ու հալածյալ ազգային հանրությունը չէ, ում շահերը կարելի լինի քամահրանքով դիտարկել եւ օգտագործել որպես մանրադրամ աշխարհաքաղաքական զարգացումներում, մեծ տերությունների փոխհարաբերություններում։ Հայությունն արժանապատիվ ու հավասարազոր անդամն է միջազգային մեծ ընտանիքի՝ հպարտ իր հինավուրց ու նորակերտ քաղաքակրթական արժեքներով, իր զույգ պետականությամբ, ազգային ապահովության եւ անվտանգության ամուր համակարգով, իր նորօրյա արարումներով, աշխարհի ժողովուրդների հետ բարեկամության ու խաղաղության իր անկեղծ մղումներով։ Այսօր էլ, ինչպես դարեր շարունակ, հայ ժողովուրդն անշահախնդիր սեր ու հարգանք է տածում բարեկամ ժողովուրդների, այդ թվում՝ առանձնապես ֆրանսիական ժողովրդի նկատմամբ, շնորհակալ ու երախտապարտ, որ Ֆրանսիան հանդիսանում է մեկն այն հյուրընկալ երկրներից, որոնք երկրորդ, երրորդ, թե քանիերորդ հայրենի տունը դարձան Հայոց ցեղասպանության բազմահազար վերապրողների ու նրանց հայրենազուրկ սերունդների համար։
Ոչ այլ ինչ, քան համազգային այդ անձնուրաց երախտագիտության ակնհայտ արտահայտությունն է, որ հայկական սփյուռքը սերունդների փոխկանչով ամենուրեք բոլորանվեր լծված է իր կեցության երկրների մշակույթի, գիտության, տնտեսության, անվտանգության, կենսագործունեության բոլոր մյուս ոլորտների առաջընթացի ապահովման վեհ գործին։ Ավելին, անհրաժեշտության դեպքում մեկ մարդու պես ի զեն ելնում ու խիզախաբար, անգամ սեփական կյանքի գնով պաշտպանում է այդ երկրների ինքնիշխանությունը, ինչպես դա ներկայումս տեղի է ունենում մեր բարեկամ Սիրիայում եւ ինչպես դա տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտում՝ ֆրանսիական դիմադրության շարժման շրջանում, որի մասնակիցների կուռ շարքերում հերոսաբար մարտնչել են նաեւ ոչ քիչ թվով հայ քաջազուն տղաներ, այդ թվում, այո, նաեւ ծնունդով արցախցի։ Անուններ չեմ թվարկում։ Ֆրանսիացի ժողովուրդն ինքը անուն առ անուն քաջ գիտե իր հայազգի նվիրյալներին։
Այդ ամենի դիմաց միակ երախտիքը, որ ակնկալում է հայ ժողովուրդն իր բարեկամ երկրներից, փոխադարձ անկեղծությունն է, անկեղծություն ոչ միայն ժողովուրդներից, որ մեզ համար հաստատուն ճշմարտություն է եւ ոչ մի դեպքում երկբայելի չէ, այլեւ երկրների կառավարիչներից՝ պետական ու քաղաքական գործիչներից։ Մենք հստակ գիտակցում ենք, որ բարեկամության եւ ապակենտրոն համագործակցության այն հուշագրերն ու համաձայնագրերը, որ Արցախի եւ նրա առանձին բնակավայրերի հետ վերջին տարիներին կնքել են ֆրանսիական մի շարք քաղաքների ու դեպարտամենտների պատասխանատուներ, ոչ միայն անձնապես նրանց, այլեւ առավելապես ողջ ֆրանսիական ժողովրդի անկեղծ, սկզբունքային վերաբերմունքի, եղբայրական պատրաստակամ աջակցության արտահայտություններն են օտարի գաղութային լուծը վճռականորեն ու վերջնականապես թոթափած, իր անկախ, ինքնիշխան պետականությունը, իր սեփական կյանքն ինքնուրույն կերտող արցախահայության ազատության իղձերի ու ոգորումների, խաղաղ արարման նրա երազանքների նկատմամբ։
Արցախահայությունը, ինչպես որ համայն հայությունը՝ Հայաստանում ու Սփյուռքում, հստակ գիտակցում են նաեւ, որ բացի զգացումներից, միջպետական հարաբերություններում անխուսափելիորեն առկա է նաեւ փոխադարձ տնտեսական, քաղաքական շահի հասկացողությունը։ Մենք ողջունում ենք Ֆրանսիայի Հանրապետության տնտեսական, առեւտրային, քաղաքական, ռազմական եւ այլ կարգի փոխհարաբերություններն աշխարհի ցանկացած երկրի, այդ թվում, ինչու՞ չէ, նաեւ համայն հայ ժողովրդին թշնամի հռչակած Ադրբեջանի հետ՝ ի շահ ֆրանսիական ժողովրդի բարօրության ու բարգավաճման։ Բայց մեզ համար սրտի ցավի պես անցանկալի է՝ գեթ մի պահ մտածել, որ Ֆրանսիայի այդ եւ այլ հարաբերությունները, ինչպես անցած դարասկզբին էին, մանավանդ՝ Առաջին աշխարհամարտի ավարտին, այսօր էլ կարող են կամա, թե ակամա վնաս հասցնել իր նվիրյալ բարեկամին՝ հայ ժողովրդին այստեղ՝ Արցախում, թե Հայաստանում ու Սփյուռքում։ Քավ լիցի, մենք երբեք պայմաններ չենք թելադրում ոչ մի բարեկամի։ Մենք միայն հավատում ենք անպայման բարեկամությանը։ Մենք պարզապես ուզում ենք վստահ ու համոզված լինել, որ պատմության դավադիր որոգայթները երբեք եւ ոչ մի պարագայում չեն կրկնվի այլեւս։
Միքայել Հաջյան