Օլիմպիական նպատակասլացությամբ արցախցի մարզուհին
Միշտ հպարտանում ենք այն մարզիկներով, ովքեր մեր եռագույնի ներքո հանդես են գալիս միջազգային առաջնություններում, եւ առավել հպարտանում ենք, երբ նրանք նվաճում են բարձր տեղեր:
Արցախում սպորտի զարգացումը կարեւորելով` Ապառաժը հարցազրույց ունեցավ արցախցի մարզուհի, ձյուդոյի Հայաստանի բազմակի չեմպիոն, սամբոյի Հայաստանի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, եվրոպայի եւ աշխարհի սամբոյի առաջնության բրոնզե մեդալակիր Սոսե Բալասանյանի հետ:
Նա մասնակցել է մի շարք մրցումների եւ հիմնականում նվաճել առաջնակարգ տեղեր: Դեռեւս վաղ հասկից մասնակցել է միջազգային մրցումների եւ Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացված ձյուդոյի պատանիների մրցումներում զբաղեցրել երկրորդ տեղը: Մասնակցել է նաեւ Կազանում տեղի ունեցած ունիվեսիադային եւ զբաղեցրել 5-րդ տեղը: Իսկ վերջերս նվաճել է բրոնզե մեդալներ Իտալիայում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում եւ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում:
Սոսեն իր հասածով չի սահանափակվում: Նրա գերագույն նպատակը օլիմպիական չեմպիոն դառնալն է, որպեսզի, ինչպես ինքն է ասում, բարձրացնի հայկական դրոշը եւ բարձր պահի հայի անունը: Նա ներկայումս մեծ աշխատանքներ է տանում, որպեսզի իր մեծագույն նպատակն իրականանա: Վերջերս Ավստրիայում մասնակցել է միջօլիմպիական հավաքների, որոնց մասնակցում են աշխարհի լավագույն մարզիկները` հիմնականում մեդալակիրներ: Այս տարի, մարտ ամսին Չեխիայում կրկին օլիմպիական հավաքի պետք է մասնակցի, որից հետո Վրաստանում եւ Թուրքիայում կայանալիք ձյուդոյի աշխարհի գավաթի առաջնություններում հանդես գա (տարվա մեջ 3 հատ առաջնություն է լինում), որտեղ հաջողության հասնելու դեպքում կմասնակցի Բրազիլիայում կայանալիք 2016թ. ամառային օլիմպիադային:
— Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել սպորտով:
— Արցախում ծնվելը արդեն իսկ հու- շում է, որ մարդ պետք է լինի նպատակասլաց ու ամեն ինչ անի, որ իր ազգի անունը բարձր պահի: Ես ցանկացա դա անել սպորտի միջոցով:
— Ինչո՞ւ եք ընտրել հենց ձյուդո եւ սամբո մարզաձեւերը:
— Ես մանկուց ցանկացել եմ զբաղվել մարմնամարզությամբ (գիմնաստիկա), բայց քանի որ Արցախում այդ ժամանակ հնարավորություն չկար զբաղվել այդ մարզաձեւով, սկսեցի պարապել ձյուդո: Այդ մարտարվեստն ինձ դուր եկավ եվ ցանկացա լավ արդյունքի հասնել, դրա համար սկսեցի նվիրված պարապել:
— Չե՞ք փոշմանել:
— Ոչ, քանի որ ինձ համար ձյուդոն դարձել է ապրելակերպ, կյանքի իմաստ:
— Ո՞րն է կյանքում Ձեր ամենամեծ նվաճումները:
— Զբաղվելով մարտարվեստներով` ոչ միայն կոփում ես մարմինդ, այլ նաեւ` ստանալով սպորտի դաստիարակությունը, մտածելակերպդ է փոխվում: Ձյուդոն նաեւ տալիս է կամքի եւ հոգու ուժ, ինչպես նաեւ մարզում է մարմինն ու միտքը: Հենց սա է իմ ամենամեծ նվաճումը:
— Աղջկա համար դժվա՞ր չէ զբաղվել մարտարվեստներով:
— Ոչ, եթե սիրում ես քո գործը, հեշտությամբ ես հաղթահարում բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները:
— Ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ հաղթանակ եք տանում:
— Հաղթանակի դեպքում մեծ ուրախություն եմ զգում, որ իմ գործադրած ջանքերն արդյունք են տվել: Քանի որ իմ ամենամեծ նվաճումները դեռ առջեւում են, փոքր հաղթանակներն այդքան էլ շատ չեն գոհացնում ինձ:
— Սշխարհի բրոնզե մեդալը համարում եք փոքր հաղթանա՞կ:
— Այո, քանի որ հայը, հատկապես արցախցի հայը, միշտ պետք է առաջինը լինի:
— Իսկ Ձեզ համար այդ առաջինը ո՞րն է:
— Իմ ամենամեծ նպատակն է` նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, օլիմպիական ոսկե մեդալ ունենալ ու հնչեցնել հայոց օրհներգը օլիմպիական բարձունքներում:
— Իսկ պարտվելու դեպքում ի՞նչ եք զգում:
— Շատ ցավալի է լինում, քանի որ այդ պահին գիտակցում ես, որ պատրաստ ես, բայց չկարողացար կարողություններդ դրսեւորել: Ու պարտությունն առաջացնում է այնպիսի զգացողություն, երբ զգում ես, որ հաղթանակի համար պետք է ավելին անես: Երբեմն պետք է պարտվել հաղթանակի հասնելու համար:
— Իսկ ինչպե՞ս եղավ, որ ձյուդոյից բացի սկսեցիք նաեւ հանդես գալ սամբո մարզաձեւով:
— Սամբոյի նկատմամբ ուղղակի հետաքրքրություններ ունեի: Փորձեցի ուժերս Հայաստանի սամբոյի առաջնությունում եւ, մի քանի անգամ հաղթող ճանաչվելով, սկսեցի նաեւ միջազգայիմ մրցումներում հանդես գալ: Ինձ համար կարեւոր չէ սպորտաձեւի անվանումը, կարեւորը սպորտի մեջ հայ ազգի անունը բարձր պահելն է:
— Սամբոն եւ ձյուդոն նմա՞ն են իրար: Հե՞շտ է երկու մարզաձեւերով զբաղվելը:
— Շատ հնարքներ երկու մարզաձեւերին էլ բնորոշ են, բայց ձյուդոն ավելի դժվար է. այն նաեւ օլիմպիական սպորտաձեւ է: Սպորտով զբաղվելը միշտ էլ դժվարություններ է ենթադրում, բայց եթե սիրում ես` ամեն ինչ կարելի է անել:
— Եթե չզբաղվեիք սպորտով, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք եւ ինչո՞ւ:
— Մինչեւ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելը միշտ ցանկացել եմ իրավաբանի մասնագիտություն ձեռք բերել, քանի որ մտածում էի, որ եթե լավ իրավաբան լինեի` կկարողանայի արդարություն պահել եւ պաշտպանել մարդկանց:
— Մրցումների ժամանակ որեւէ զավեշտալի դեպք հիշո՞ւմ եք:
— Այո, Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահի զարմացած դեմքն եմ հիշում: Երբ Սանկտ Պետերբուրգում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էի նվաճել, իմ քաշային կարգում հենց նա էր պարգեւատրողը: Տեսնելով ձեռքիս Արցախի Հանրապետության պետական դրոշը` իրեն կորցրեց եւ մեդալը տալուց հետո ծաղիկները չտվեց: Երբ ասիստենտն ասաց` իսկ ծաղիկները չե±ք տալիս, տվեց ծաղիկները:
— Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:
— Միշտ առաջնորդվում եմ հորս խոսքերով:
— Հանուն ձեր նպատակի` ինչի՞ց կհրաժարվեիք:
— Պետք չէ հրաժարվել որեւէ բանից, ուղղակի պետք է մեծ ջանքեր գործադրել` երբեմն հետաձգել անձնական ինչ-ինչ հարցեր:
— Արդյո՞ք արժանի գնահատականի եք արժանանում, ինչպես Դուք եք ասում` սպորտում մեր ազգի անունը բարձր պահելու համար:
— Այո, իհարկե: Ամեն մարդու համար կարեւոր է, որ իր գործը գնահատվում է: Սա ոգեւորում է եւ ավելի նպատակասլաց դարձնում:
— Վերջում ի՞նչ կավելացնեք:
— Ուզում եմ երախտագիտությունս հայտնել իմ մարզչին` Իվան Ազիզբեկյանին: Ուզում եմ ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեմ նրա սպասումները եւ այն դժվար աշխատանքը, որ ինքն է արել: Դրանով կբարձրացնեմ եՙւ մարզիչիս, եՙւ ազգիս անունը: Եվ կցանկանայի, որ Արցախում ձյուդոն, սամբոն եւ, ընդհանրապես, սպորտն ավելի զարգանա, ավելի շատ երիտասարդներ զբաղվեն սպորտով:
— Շնորհակալություն հարցազրույցի համար: Ցանկանում ենք հաջողություններ Ձեր սկսած գործում եւ թող իրականություն դառնա Ձեր գերագույն նպատակը` նվաճեք օլիմպիական ոսկին: